Էլի search


Արդեն սովոր եմ, որ բլոգիս Top search-ը շարադրություններն են :D Չենք սիրում էլի ստեղծագործել:  Վերջին մի քանի օրը բլոգիս վիճակագրությունը ինձ մենակ մի բան ա հուշում, որ մեր դպրոցներից մեկում ամենայն հավանականությամբ շարադրությունների մրցույթա հայտարարվել “Հավատում եմ քեզ զինվոր” վերնագրով:

Դժվար թե մի մարդ լինի էսքան ման եկողը, ախր էս երեխեքը չեն վախենում, որ էս տեմպերով հնարավորա ներկայացված աշխատանքների 50 %-ը նույնը լինի? Ինչի ուսուցիչներն ինտերնետից օգտվել չգիտեն? :D Նույնիսկ նամակ էի ստացել` էտ թեմայով գրել, ժամանակի խնդիրը չլիներ, երևի կգրեի: Նայում եմ ու ծիծաղս գալիսա, բայց հեչ ծիծաղելի չի, ինչ ալարկոտ ենք դարձել :(

Հ.Գ. Սա գրելուց հետո մի հատ էլ ես search արեցի… :D փաստորեն ենթադրություններս ճիշտ էին…

Հայոց բանակի տոնի շրջանակներում Ա. Պ. Չեխովի անվան համար 55 դպրոցում կհայտարարվի նամակ-շարադրության մրցույթ «Հավատում եմ քեզ զինվոր» խորագրով։

Տերևի ճամփորդությունը

Ընկավ ևս մի դեղնած տերև: Նույնիսկ սկյուռիկին պարզ դարձավ, որ արդեն աշուն է, օրերը սկսում են ցրտել, ու շտապեց ընկույզի պաշար հավաքելու:

Փոքրիկ Կարինեն, կանգնած թթենու տակ, անթարթ նայում էր վերև` մի կետի: Հանկարծ սկսեց վազել տերևի հետևից, որ ուժեղ քամուց օրորվելով, վերջապես պոկվեց մայրիկ ծառի ճյուղերից ու սկսեց թռչել: Կարինեն վազում էր ինչքան ուժերը հերիք էին անում… Չարացած քամին գետնից բարձրացրեց փոշին ու լցրեց նրա աչքերը: Կարինեն կանգ առավ ու այնքան տրորեց աչքերը, մինչև ծակծկող փոշու վերջին հատիկը դուրս թռավ: Լայն բացեց աչքերը, բայց տերևն էլ չկար: “Տեսնես ուր կորավ”,- ինքն իրեն մտածեց աղջնակը: Հետո փակեց աչքերն ու մտքում փորձեց պատկերացնել փոքրիկ տերևի ճամփորդությունը. թռչելով գետերի, ծովերի, սաղարթախիտ անտառների վրայով` վերջապես ուր պիտի նա հասնի? Միգուցե մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Ով է փորձել երբևէ հետևել երկնքում թռչող տերևին: Ինչ փորձությունների միջով է նա անցնելու… քամիների տարուբերումներից չի ընկնի ցած ու փշրվի…? Կարինեն մտաբերեց աշնանային այս օրերին իրեն շատ հանդիպած տերևների, որ առվակների խելքին ընկած խելառների պես ջրի հետ խաղալով, գլուխկոնծի տալով` հոսանքի հետ վազում էին… վազում:  Տեսնես այդ ուր են շտապում…? Հաստատ դեպի հեքիաթային աշխարհը… Կարինեն ժպտաց ու վազեց տուն:

2003թ.

Search, search մինչև վերջ

Ինչ-որ մեկը կպած շարադրություններա ման գալիս :D Փաստորեն ինտերնետից միայն ռեֆերատներ ու կուրսայինները չեն քաշում :P

“Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի…”

“Սենյակում մութ է, բոլորը քնած են, իսկ իմ քունը չի տանում… կարծես զրուցում եմ քեզ հետ: Կեսգիշերային լռության մեջ ուզում եմ մտքերս, ապրումներս ու խոհերս կիսել քեզ հետ, մայրիկ, և հասկանում, որ անհնար է այդպես “բանավոր” շարունակել մեր զրույցը: Ուստի բարձիս տակից հանելով թուղթն ու գրիչը և մերթընդմերթ վառիչով լուսավորելով` փորձում եմ այն թղթին հանձնել: Նախ ներիր քո տաքարյուն ու խենթ որդուն, որ առանց հրաժեշտ տալու գաղտնի զինվորագրվել է: Ինչ արած, գիտեի, որ պետք է հորդորեիր, թե մի քիչ էլ սպասիր, կմեծանաս ու նոր: Իսկ ժամանակն ու թշնամիները չեն սպասում: Սիրելի’ մայրիկ, վաղը ես առաջին անգամ պետք է ուղեկալում հերթապահեմ, աշտարակի վրա ժամապահ եմ նշանակված: Read more of this post

“Նամակ մահվանից հետո”

Չգիտեի` հավատալ, թե ոչ, այդուհանդերձ իմ ավագները հպարտությամբ ու թախիծով էին երբեմն հիշում մի պատմություն, որն իրողություն է: Կատարվել է այն մոտ 60 տարի առաջ: Տողերն ընթերոցող տարեցները մտովի ետ գնացին ու հիշեցին երկրորդ աշխարհամարտի դաժան տարիները, իսկ իմ սերնդակիցները պատմության սերտած դասերից` երկրորդ համաշխարհային պատերազմի տարեթվերը. 1941-1945թթ.: Խոսքը մի նամակի մասին է, որ կոչվում է “Նամակ մահվանից հետո”: Գրել է այն ռազմի դաշտ մեկնող զինվորն իր զավակին` նորածին որդուն,ու պահ տվել կնոջը` պայմանով, որ այն կբացվի որդու 18-րդ տարեդարձի օրը, եթե ինքը չվերադառնա ճակատից…
Դե, ինչպես ասում են. պատերազմում` ինչպես պատերազմում… զինվորը չվերադարձավ…

Ինձ ապացույցներ պետք չէին, բայց ստացվեց այնպես, որ մի օր մեծ տատիկս չորացած ու դողդոջուն ձեռքերով մեկնեց խունացած, դեղնած, մասունքի պես փայփայած դպրոցական տետրի մի թուղթ և ասաց.

-Կարդա որդի’, այստեղ շատ բան կգտնես, որ չկան քո գրքերում: Read more of this post

Խոհեր, որ ծնվեցին ակամա

Ձմռան խստաշունչ օրերն էին և չջեռուցվող բնակարանիս խոնավ ու ցուրտ պատերը միայնությանս պահին ավելի ճնշող էին դարձել: Հիմա երբ հիշեցի, կրկին փոթորկվեցի և նորից ու  բազմիցս կրկնված հարցն այցելեց` գնա՞լ, թե չէ՞… պարզապես փախչել… բայց ինչպե՞ս… և ո՞ւր… Միթե մարդն ինքն իրենից կարող է փախչել…

Ասում են` չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը: Ես ծնվել ու ապրում եմ Երևանում, ասել է, թե նրա հետ կապված եմ ճակատագրով ու կարոտի բազում թելերով: Վերջինիս մասին թերևս հստակ պատկերացումներ չէի կազմի, եթե ծնողներիս հետ չբացակայեի քաղաքից: 2002թ. ամառն էր: Գնացել էինք Հանքավան, ուր մնացինք մեկ ամիս… ժամանակ, որ եղավ կարոտի առաջին փորձաքարը: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային էր: Անկրկնելի էր բնության ամեն մի անկյուն: Հանքավանն այս իմաստով բացառություն չէ… Գյուղին առանձնակի հմայք են տալիս բարձրադիր տները, այգիների միջով հոսող հանդարտ գետն ու շրջակա թավուտ անտառները: Այդուհանդերձ մի բան ճնշող էր. ես օտար էի այնտեղ…  Read more of this post

Սպասում

Քայլում եմ մութ անտառով, կարծես մեկն ինձ է կանչում… Աչքերս փակ են, բայց ես շարունակում եմ քայլել: Կախարդական երաժշտություն շոյում է ականջներս.. Զգույշ քայլերով մեկն ինձ է մոտենում… Տարօրինակ մի զգացմունք արթնացրեց ինձ ու աչքիս առաջից ցրվեցին բոլոր պատկերները:

Տանը բոլորը դեռ քնած են, չնայած արևի առաջին շողերն արդեն դուրս են եկել: Արագ հագնվեցի ու շտապեցի բակ: Ցուրտ էր… Ուզում էի անհապաղ ընկերուհուսս պատմել երազս, քանի դեռ պարզ հիշում էի ամեն մանրուք… Հանկարծ զգացի, որ մեկը քաշում է շալվարիս փեղկից. Ռեֆն էր: Փոքրիկ պուդելը, որ ապաստան էր գտել մեր միջանցքում: Գրկեցի նրան ու միասին շարունակեցինք ճամփան: Տարօրինակ մի ձայն սկսեց առաջնորդել մեզ: Ռեֆը վախից կուչ եկավ ու գլուխը թաքցրեց պիջակիս մեջ: Ես էլ պակաս չվախեցա: Աչքերս փակեցի. առջևս հայտնվեց նույն անտառը… դեռ լսվում էին կախարդական երաժշտության հնչյունները: Մի պահ սթափվեցի ու թակեցի Կարինեենց (ըկերուհուս) դուռը: Տեսնելով ինձ` ժպիտով ողջունեց. “Գիտեմ… ներս արի”: Ոչինչ չհասկանալով առաջ անցա: Պատուհանի մոտ կանգնած երիտասարդը դեպի ինձ շրջվեց, սենյակի թույլ լույսը չէր թողնում դեմքը տեսնել: Բարևեց… Քարացա… Այդ ձայնը… ՆԱ էր…

2001թ.

Թափվիր անձրև

Թիթեռը, որ դեռ երեկ աշխույժ թռվռում էր, նստած էր մի փոքրիկ ծաղկի թերթին` անշարժ, կարծես ննջում էր… Ու ոչ միայն նա… քոթոթները… նապաստակներն ու սկյուռիկները…. չդիմանալով շոգին, բոլորն ընկել էին հսկա կաղնու տակ և կարծես մի կտոր ստվեր էին մուրում: Սակայն կաղնին էլ էր չորացել ու քիչ կարմրել: Այդ օրը շատ տարօրինակ էր… Ուշադիր նայելով տանջահար կենդանիներին, թվում էր թե շշնջում են. “Թափվիր անձրև…”:

Հանկարծ արթնացա… երազ էր… Բայց մեկ է, ինձ դեռ տանջում էր խեղճ կենդանիների հարցը, ինչ եղան… Պատուհանի կողմից ձայներ լսեցի. կաթ-կաթ: Անձրևի մեծ կաթիլները խշշոցով հաջորդում էին իրար: Հորդառատ անձրև սկսվեց ու կարծես ջրով ողողեց իմ երազների աշխարհը…

2000թ.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 353 other followers

%d bloggers like this: