Թյուրիմացությո՞ւն է, թե հանցագործություն

Տպագրվել է “Հայաստանի Զրուցակից” թերթում

Մեր շուրջը կատարվող բազում անօրինությունների շարքում առանձնանում է Գյումրիում արձանագրված աննախադեպ մի պատմություն. նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը 2002 թ. ապրիլի 23-ին Խրիմյան Հայրիկ-59 հասցեի շենքը մարդկանցով հանդերձ նվիրաբերել է սանիկին` Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին: Անշուշտ, հավատալու բան չէ, այնուհանդերձ փաստը գրանցվել է և ութուկես տարի է՝ արդարացի լուծման փորձ չի արվում:
Այս շենքը ժամանակին պատկանել է կապի նախարարությանը, ուր 1978 թ. մինչև օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են ոլորտի նախկին աշխատողների ընտանիքները: ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 9-ի 81-րդ որոշմամբ Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվում Տիգրան Մեծի 1 հասցեի՝ նախկին կապի հանգույցի շենքի 2050 քմ-ը, իսկ 350 քմ-ը (Խրիմյան Հայրիկ 59) մնում է կապի նախարարության տրամադրության տակ: Չար լեզուներն ասում են, որ դրանից հետո այն ժամանակվա կապի փոխնախարար Կարեն Ճշմարիտյանի թեթև ձեռքով նախարարության հաշվեկշռից միտումնավոր դուրս է մնում 350 քմ տարածքը՝ հարևնման «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանվող հուշարձանների ցուցակից դուրս թողնելուն: Ստանալով խորհրդային տարիներին ստեղծած հանրային անշարժ գույքը՝ մարզպետ Ֆելիքս Փիրումյանն այն յուրովի է տնօրինում, ավելի ճիշտ` փոշիացնում. աճուրդով չի վաճառում, այլ անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով ընծայում է սանիկին` «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Վերջինիս անկառավարելի ախորժակն այնքան է բացվում՝ ջանք ու եռանդ չի խնայում՝ ձեռքի հետ էլ վերցնել պատկից` Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ուր գրանցված ապրում են նաև 88-ի ավերիչ երկրաշարժից փրկված 7 ընտանիքներ: Ու հասնում է զգալի հաջողության. մինչև օրս ոչ մի դատավորի, քննչական մարմնի չի հետաքրքրել, թե ինչու և ինչպես օդի մեջ հայտնվեց կապի նախարարության սեփականություն համարվող այդ շենքը: Օրինական տերերից ազատվելու նպատակով Ռ. Խաչատրյանը դիմում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որը 02.06.03 թ. վճիռ է կայացնում 2 ընտանիքի (Նադյա, Կարապետ Սամվել և Իրինա Հովհաննիսյաններ, Լենիկ Պոլոյան, Վաղինակ Պողոսյան, Ֆելիքս Սարգսյան, Հովսեփ և Ելենա Գալոյաններ) Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքի «ապօրինի» զբաղեցրած տարածքն ազատելու մասին (դատավոր` Հ. Մովսիսյան): Դատարանը Գյումրու քաղաքապետարանին պարտավորեցնում է պատասխանող ընտանիքներին՝ որպես երկրաշարժից անօթևան մնացածների, ընդգրկել արտահերթ բնակարան ստացողների ցուցակում և մինչև դա հատկացնելը՝ բնակտարածություն վարձակալելու նպատակով ամսական տալ 10 հազարական դրամ, ոչ ավելի, քան 2 տարի ժամանակով: Հասկանալի է, թե ինչ է արժեցել դատարանի կողմից Ռ. Խաչատրյանի բիզնեսին ցուցաբերած նմանօրինակ հոգատարությունը: ՀՀ քաղաքացիների գործերով Վերաքննիչ դատարանը (դատավոր` Կատվալյան) Շիրակի մարզի առաջին ատյանի վճիռը 28.07.03 թ. թողնում է անփոփոխ: 2003 թ. սեպտեմբերի 5-ին հետևում է հարկադիր կատարողների կողմից 2 ընտանիքներին փողոց շպրտելու դաժան գործընթացը` ծեծով ու նվաստացմամբ: Այն աստիճան ոգևորված են լինում հարկադիր կատարողները, որ պատից բազմոցին իջնող գորգով փաթաթում են 20 օրական քնած երեխային ու երկրորդ հարկի պատուհանից դուրս նետում, իսկ տեսարանից ուշաթափված մորը քաշքշելով վտարում են տնից: Վայրագությունը կանխում են վրա հասած լրագրողները: Թերահավատներին ասենք, որ հիշյալ անզուգական կադրերը գյումրեցիները պահպանում են ու հանձնել են մի շարք ղեկավար այրերի: Ի դեպ դրանց դիտումը մեծ սառնասրտություն է պահանջում, այդուհանդերձ տեսնել ցանկացողներին կարող եմ ինքս տրամադրել: Նույն օրը Վերաքննիչ դատարանից ժամանակավոր կասեցման թուղթ է բերվում ու դուրս նետած գույքը ներս տարվում:
Գյումրու քաղաքապետարանի 08.09.03 թ. գրությամբ փոխքաղաքապետ Գ. Մանուկյանը գրում է, որ «պատասխանողների» բնակարանները երկրաշարժի հետևանքով չեն քանդվել, բնակեցման համար պիտանի են, հետևաբար նրանց հերթացուցակում ընդգրկելն անհնար է, չի բխում ՀՀ կառավարության 10.06.99 թ. թիվ 432 որոշումից: Ի դեպ` նույն գրությամբ նաև փաստվում է, որ ըստ պաշտոնական եզրակացության՝ շենքի վնասվածությունը գնահատվել է երրորդ աստիճանի, այսինքն թույլատրելի է բնակեցման համար:
Վտարման երկրորդ թուղթը ստացվում է նոյեմբերի 27-ին: Բնակիչները մեծով-փոքրով գալիս են ՀՀ նախագահի նստավայր, և կասեցվում է նաև այս վտարումը: Վտարման հաջորդ թուղթը ստացվում է 2004-ի հունիսին, այս անգամ աղետյալները գալիս են կառավարության դուռը: Այստեղ խոստանում են, որ բնակարանները նրանց կսեփականաշնորհվեն: Ժամանակն ապացուցեց, որ բոլոր խոստումները սին էին: Կառավարությունն ի դեմս Խաչատուր Վարդանյանի և Արթուր Ֆրանգուլյանի՝ կողմերի միջև ընդամենն ստանձնել էր անհաջող միջնորդի դեր` երկակի խաղերով ու բնակիչներին «նվիրելով» անկախ աուդիտի 75 հազարական դրամի ծախսերը: Նրանք փորձում են բնակիչներին համոզել, որպեսզի վերցնեն Ռ. Խաչատրյանի առաջարկած փոխհատուցման աննշան գումարը, այնինչ ըստ գյումրեցիների` դրանով անգամ քաղաքի ծայրամասում «դոմիկ» չեն կարող գնել:
Այսօր
Անօթևան մնալու վախն ու սարսափը ահա 8 տարի է՝ հանգիստ չեն տալիս գյումրեցիներին, նրանք բազմաթիվ դռներ են թակում իրենց խնդրին արդարացի լուծում տալու համար: Գործին տեղյակ են ամենաբարձր ատյաններում, դիմումներ են հղվել երկրի վերջին 2 նախագահներին, վարչապետներին, ԱԺ նախագահներին, առանձին պատգամավորների, խմբակցությունների, Մարդու իրավունքի պաշտպանին, 2009 թ. հուլիսին էլ` ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանին: Այսինքն չի կարելի ասել, թե մեր իշխանություններին լսելի չէ նրանց ձայնը: Կառավարությանն առայժմ հաջողվել է կասեցնել հարկադիր կատարողների գործողությունները: Ի դեպ հիշյալ բնակարանները չեն սեփականաշնորհվել վթարային լինելու պատճառաբանությամբ ու անհասկանալի ձևով 3-րդ աստիճանի վթարայնությունը ժամանակին փոխվել է 4-րդի, հանգամանք, որ նախապատրաստվել էր նվիրաբերության համար: Գյումրեցիներն այսօր էլ դատական ատյանների դռներին են: Գործը քննում է վարչական գործերով Գյումրու նստավայրի դատարանը, դատավոր` Էդիկ Նահապետյան: Մի քանի նիստերի ընթացքն այն աստիճան էր հուզել բնակիչներին, որ հերթականից հետո աղետյալ բնակիչներից մեկը` Ֆելիքս Սարգսյանը, տուն վերադառնալով՝ մահկանացուն կնքել է հենց իրենից խլվող բնակարանում: Հերթական զոհը Վ. Պողոսյանն էր: Սույն գործի առնչությամբ 2009 թ. հուլիսին ՆԳՆ 6-րդ վարչությունը ուշագրավ մանրամասներ էր հայտնաբերել: Պեղելով 2002 թ. ապրիլ 23-ին կատարվածը՝ գտել են, որ հեռատես մարզպետը նախապես` նույն թվի ապրիլի սկզբին տեղեկանք է ներկայացրել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժին, թե իբր Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվել 3131 քմ տարածք: Երբ նրան հիշեցրել են կառավարության 1998 թ. փետրվարի 9-ի թիվ 81 որոշման մասին՝ պրն Փիրումյանն արդարացել է, թե անտեղյակ է (ինչպիսի՞ «միամիտ» կադրեր են նշանակվում բարձր պաշտոններում) ու հավելել` կներեք, թյուրիմացություն է եղել: Վերջում Ֆ. Փիրումյանն իմաստուն եզրահանգումներ է արել. «Ծանոթանալով ներկայացրած փաստաթղթերին (խոսքը կառավարության 1998 թ. փետրվարի 9-ի թիվ 81 որոշման մասին է) ակնհայտ է, որ… 3131,82 քմ մակերեսը չի պատկանել մարզպետարանին և չէր կարող փոխանցվել այլ անձի: Ես գտնում եմ, որ նշված թյուրիմացությունը կարելի է շտկել նվիրաբերության պայմանագրում կողմերի կամ դատարանի համաձայնությամբ փոփոխություն կատարելու միջոցով» (14.08.09 թ. բացատրությունից): Սա թյուրիմացությո՞ւն է, թե խոշոր հանցագործություն: Եվ ո՞վ է փոխհատուցելու գյումրեցիներին՝ կրած զրկանքների, հոգեկան ու ֆիզիկական տանջանքների և զոհերի համար:
Արժե ևս մեկ փաստ նշել. Ռ. Խաչատրյանի «ջանքերով» գրեթե 7 տարի է՝ կասեցվել է հիշյալ բնակարանների գազապահովումը, ինչն առավել անտանելի է դարձնում Շիրակի մարզի խստաշունչ ձմեռները:
Մեկ տարի ձգձգված դատական նիստերը շարունակվել են մինչև ս. թ. ապրիլի 5-ը, վճիռը պետք է հրապարակվեր ապրիլի 21-ին, սակայն գյումրեցիներին տրվել է ծանուցագիր, ուր գրված է. «Վերանայելով գործի նյութերը՝ դատարանը գտավ, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը (իսկ ինչո՞վ էին զբաղված մինչև օրս.Ա.Ա.), որի համար անհրաժեշտ է վարչական գործի քննությունը վերսկսել»: Հերթական նիստը նշանակված է մայիսի 3-ին: Արդյոք սա չի՞ դառնա հերթական անպտուղ օղակը, արդարությունը կհաղթանակի՞: Բնակիչներն այս անգամ ևս վճռական են, որոշել են դուրս չգալ իրենց բնակարաններից, թույլ չտալ պարտակել փուլային-խմբակային հանցագործությունը և իրենց դատը պաշտպանել միջազգային դատարանում:
Հ. Գ. Գումրիում մայիսի 3-ին կայացած դատական նիստում հայտարարվել է, որ Խրիմյան Հայրիկ 59 շենքի բնակիչների հայցի վճիռը կհրապարակվի մայիսի 18-ին, ժամը17 անց 30 րոպեին: Ի դեպ ս.թ. մայիսի 5-ի հրամանագրով Ֆելիքս Փիրումյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մանրամասները anulikk
I always try to be positive

2 Responses to Թյուրիմացությո՞ւն է, թե հանցագործություն

  1. Ռուզանասում է՝

    “Մանդարինահոտ գրառումներ
    ազատ ու մի քիչ էլ խենթ… մտքեր, որ բարձրաձայնելու ուժ մեջս երբեմն չեմ գտնում”-
    ինչու… Մանդարինահոտ?????

    • anulikkասում է՝

      էտ մի քիչ երկար պատմություն ա… իսկ ամեն ինչ սկիզբ ա առել մանդարինների հանդեպ իմ մեծ սիրուց😀

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: