Ադրբեջանական ցեխ շպրտող կայքերից…

Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում առարկայի շրջանակներում հանձնարարական ունեինք` ուսումնասիրել ադրբեջանական որևէ կայք, ու ներկայացնել ռեֆերատ: Այսօր առավոտ վերջնաժամկետն էր.. Երեկ գիշեր արդեն ժամը 1-ն էր, ես նոր սկսեցի հավաքել ներածություն բառը…😀 Մինչև լուսադեմ` ժամը 6-ը գրում էի.. ու գրում… մի քանի ժամից պիտի ներկայացնեի… վերջը. ստացվեց ինչ ստացվեց😛

*********************************************

Աշխատանքում ուսումնասիրել ենք հայերին սևացնող ադրբեջանական հերթական կայքերից մեկը. www.ramilsafarov.tk, որ գործում է 2007թ-ից: URL-ից կարելի է ենթադրել, թե կայքն ամբողջությամբ նվիրված է Ռամիլ Սաֆարովին, մարդու, ով կացնահարել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնի մեջ և արժանացել ցմահ բանտարկության: Մինչդեռ, ինչպես հաջորդիվ խորագրերին անդրադառնալուց կտեսնենք, նյութերի բուն նպատակը հայերի նկատմամբ ատելություն սերմանելն է, վատ լույսի ներքո ներկայացնելը, և որոշ նյութերում համեմատականներ տանելով Ռամիլ Սաֆարովի ու մի շարք հայերի գործողությունների միջև` հռետորական հարցապնդումներով փորձել կարդացողի աչքերում արդարացնել դաժան հանցագործությունը… Ինչը, թերևս, արդարացնել անհնար է:

Նախ սկսենք կայքի արտաքին տեսքից, այնուհետ առանձին-առանձին կանդրադառնանք խորագրերին ու ենթախորագրերին:

Արտաքին տեսքը

Կայքը առանձնապես շքեղությամբ չի փայլում: Կարելի է ենթադրել ստեղծողները դիզայներական աշխատանքներում շատ ջանք չեն թափել` շեշտը դնելով բուն նպատակի` նյութերի բովանդակության վրա: Կայքը գործում է երկու լեզվով` ադրբեջաներեն և անգլերեն: Պետք է ասեմ, որ անգլերենը սիրողական մակարդակի թարգմանության էր նման` ոչ այնքան գրագետ էր, ինչը տեղ-տեղ խանգարում էր հասկանալ նախադասության իմաստը: Բացվող էջից մեզ է ողջունում գլխագիրը. “Բարի գալուստ կայք, որն արտացոլում է ողջ ճշմարտությունը ղարաբաղյան պատերազմի մասին”, որին վազող տողով շարունակում է կայքում ռուսերեն լեզվով տեղադրված միակ արտահայտությունը. “Այստեղ դուք կգտնեք փաստեր, որ ցույց են տալիս հայ տեռորիստների իսկական դեմքը”: Կենտրոնում Ռամիլ Սաֆարովի նկարն է` Ադրբեջանի դրոշի ֆոնին: Ավելի ներքև տեղադրված բանների վրա կարդում ենք “Ոչ ոք և ոչինչ չի մոռացվի. գենոցիդ”: Որը ադրբեջանցիների գենոցիդի կայքի հղում է: Անմիջապես մտաբերեցի խորհրդային ժամանակների հայտնի կարգախոսը. “Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել”… Այսքանն էր իրենից ներկայացնում գլխավոր էջը կամ այսպես կոչված Home page-ը:

Աջ մասում “Ազատություն Ռամիլ Սաֆարովին” նախադասությունից հետո իրար տակ շարված են խորագրերը: Հաջորդիվ հետաքրքիր աղյուսակ-նկար է` արդբեջաներենով: Վրան նշված են տըեղանուններ ու դիմացը ամսաթիվը. Օր` Խանքենդի (որը նույն մեր Ստեփանակերտի անդրբեջանական տարբերակն է) – 26 դեկտեմբեր 1991թ.: Այսպես մոտ 12 տեղանուններ ու դիմացի այն ամսաթիվը, երբ մենք հաղթել ենք… Ավելի ներքև տեղադրված են տարբեր կայքերի գովազդներ` առաջին հերթին Հեյդար Ալիևի կայքն է, անմիջապես ներքևում ներկա նախագահինը, ապա առաջին տիկնոջը ու մի քանի լրատվական կայքեր:

Գլխավոր էջին անմիջապես հաջորդում է Ռամիլի կենսագրականը (About Ramil): Այստեղ ծանոթանում ենք Ռամիլի ռազմական կարիերիային ամենայն մանրամասնության: Եվ ահա լեյտենանտի կոչում ստանալով` նրան ուղարկում են Հունգարիայի Բուդապեշտ քաղաք ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում շարունակելու ուսումը: Կենսագրության վերջին կետը նույն դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանին սպանելու մասին է: Նույն խորագրի տակ շարադրված է “Հայկական վայրագություններ” վերնագրով նյութը, որտեղ հեղինակն ամեն կերպ փորձում է արդարացնել Ռամիլի արարքը, փաստելով նրա դաժան մանկությունը: Կարդում ենք. “… Մանկության տարիներին Ռամիլն ականատես է եղել հայերի կատարած վայրագություններին, նա շատ է տեսել առանց ձեռքի, ոտքի կամ գլխի մարդկանց… Այս ամենը շատ վատ է անդրադաձել 15-16 տարեկան դեռահասի վրա…”:

Հաջորդ խորագրի տակ Ռամիլի նկարներն են տեղադրված, որ այդպես էլ ինձ տեսնել չհաջողվեց, չնայած փորձեցի 3 տարբեր բրոուզերներով:

Հայկական իրականություն (Armenian reality) խորագիրը բաղկացած է 6 բաժիններից.

  • “Թուրք քաղաքական գործիչ Թալիաթ փաշան, սպանվել է 1921թ-ին, Բեռլինում հայ տեռորիստ Սողոմոն Թեհլերյանի կողմից”: Հոդվածում պատմվում է, որ Երևանում Թալիաթի սպանության 85-ամյակի հետ կապված միջոցառումներ էր կազմակերպել դաշնակցությունը: Արմեն Ռուստամյանը հայտարարել է. “Հայերը տոնում էին իրենց պատմության մեջ ամենագեղեցիկ վրեժի փաստը…”: Այնուհետև հեղինակը համեմատության գծեր է փնտրում Ռամիլ Սաֆարովի և Սողոմոն Թեհլերյանի միջև, վերջինիս տեռորիստ անվանելով, իսկ Ռամիլին` հարգված սպա: “… Թեհլերյանը նախօրոք պլանավորած է եղել սպանությունը, իսկ Ռամիլը գործել է պահի ազդեցության տակ… Թեհլերյանը սպանել է փաշային, որովհետև նա թուրք էր, իսկ Սաֆարովը սպանել է Մարգարյանին, քանզի վերջինս վիրավորել էր իր դրոշն ու իրեն…”: Այս դրվագում պարզ տեսնում ենք, որ Սողոմոն Թեհլերյանին մեղադրում են ազգային խտրականության մեջ, ով նախապես վրեժ էր պլանավորել, մինչդեռ Ռամիլը ներկայացվում է հայրենասեր, ով իր երկրի դրոշի և իր պատիվն է պահել: Նյութում մեջբերված էր նաև Լարիսա Ալավերդյանի խոսքը, երբ խորհրդարանում նրան հարցրել էին, ինչն է ավելի ուժեղ. զենքը, թե օմբուտսմենը, նա պատասխանել էր. “ցույց տալ ամոթը”, ինչին փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հակադարձել էր. “Ինչպես կարող ենք ցույց տալ մի բան, որ չունենք…”: Տարբեր իրավիճակները հմուտ մոնտաժելով հեղինակը փորձում է ապացուցել, իբր մենք էլ ընդունում ենք, թե անամոթ ազգ ենք: Մինչդեռ չի համեմատվում զոհերը: Թեհլերյանը սպանել էր մեկին, ով մի ողջ ազգ էր ոչնչացրել ու իր իսկ երկրի դատարանով մահապատժի էր դատապարտվել…
  • “Զորի Բալայանի խայտառակ խոստովանությունը”: Միայն առաջին նախադասությամբ հեղինակը հայտնում է, թե հայտնաբերված են փաստեր, որ ապացուցում են Զորի Բալայանի մասնակցությունը Խոջալիի գենոցիդին, ու հաջորդիվ ամբողջությամբ տեղադրված է հայ բժիշկ ու գրող Բալայանի խոստովանությունը, ու նա պատմում է, թե ինչ դաժանությամբ սպանել են թուրք երեխայի ու տվել շներին կեր… Հիրավի մարդկային դաժանությունը սահման չունի, բայց ես հակված եմ հավատալու, որ բժիշկը չէր կարող այդպես վարվել:
  • “Փաստեր”: Այստեղ էլ բնականաբար հակահայկական փաստարկներ են բերվում, հիմնականում ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մասին. 1981թ. Փարիզում իրականացրել են 15 պայթյուններ, ինչի հետևանքով զոհվել էի թուրքական դեսպանատան 1 պահակ: “…դրանով տեռորիստները պահանջում էին ASALA առաջնորդ Մոնթե Մելքոնյանի ազատագրումը` կազմակերպության 4 անդամների հետ միասին:  Զարմանալու է, ոնց է աշխարհը հասկանում հայերի “տեռորիստական լեզուն”, բայց չի հասկանում մեր “ուղիղ/ճիշտ լեզուն”: Հավատացեք, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ճիշտ գործելու իրավունքի համար…”: Հավանաբար հեղինակը այդ իրավունքը ասելով` նկատի ունի ռամիլական ոճրագործությունները:
  • “Տեռորի՞զմ, թե՞ ընդդիմություն”: Այս ծավալուն հոդվածում անդրադառնում է Ֆրանսիայի Անտոնի քաղաքի նախկին քաղաքապետ և Ֆրանսիայի խորհրդարանի ներկա պատգամավոր Պատրիկ Դևեդյանի խոսքերին, ով ASALA անդամ տղաներին գերադասում է անվանել “ակտիվիստներ” քան “տեռորիստներ”: “…Նրանք ինձ ու հայ ժողովրդին են վերադարձրել ազգային պատվի զգացողությունը, ես նրանց շատ լավ եմ հասկանում…”,- այսպես է արտահայտվել Դևեդյանը, ինչը ադրբեջանցիները դարձրել են մատի փաթաթան: Մեկ պարբերություն նյութից հետո սկսվում է գրեթե քառակի անգամ երկար հետգրությունը. Նորից ցեխ շպրտելով հայերի վրա, հանգում ենք Ռամիլ Սաֆարովի դաժան մանկության պատմությանը…  ու հռետորական հարց հնչեցնում. Արդյոք նա արժանի՞ է այդ պատժին… և կետերով հեղինակը սկսում է արդարացնել վերջինիս, որ նա տեռորիստ չէ… հարգված սպա… ու նախորդ հոդվածից մեզ արդեն ծանոթ լի պարբերություններ: Պնդելով, որ եթե նրա նպատակը լիներ պարզապես հայի սպանելը, ապա դա կարող էր լինել Բաքվում բնակվող 30.000 հայերից մեկը… Եվ վերջապես նյութը նորից կապվում է Դևեդյանի պաշտպանած երիտասարդությանը, որոնց գործողությունների արդյունքում հարյուրավոր թուրք դիպլոմատներ են զոհվել: Նույն միտքը անընդհատ կրկնվում է ոչ միայն բոլոր հոդվածներում, այլև որոշ հոդվածներում մի քանի անգամ. հայերը ASALA տեռորիստական կազմակերպության անդամ են: Այս կերպ կարդացողի ենթագիտակցության մեջ հայը սկսում է ասոցացվել տեռորիստի հետ:
  • “Թուրք դիպլոմատները մեղավո՞ր են”: Կարճ հատված է բերված “Ասպարեզ” պարբերականի 1984թ. դեկտեմբերի 1-ի համարի համանուն վերնագրով հոդվածից, որտեղ ասվում, է. “Կասկած չկա, որ Թուրքիայի կառավարությունը մեղավոր չէ 1915թ. դեպքերի համար ու անձամբ կապ չունի այդ ժամանակ սպանված հայերի հետ: Չնայած նրանք պատասխանատու են, որպես թուրքական կազմակերպության անդամ”:
  • “Հայաստան` տեռորիստ “քրիստոնյա” երկրի գաղտնիքները”: Այս վերնագրով գիրք է գրել Արկանզաս նահանգի Հազեն շրջանի իրավաբան և դատավոր Սամուել Վիմզը: Վերջինս իր գրքի համար տեղեկությունները հավաքել է Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Մոսկվայում և Ստամբուլում… ու չգիտես ինչու հայերի մասին տեղեկություն հավաքելիս չի եկել և Հայաստան… բնական է, այստեղ իր խոսքն է ասել ադրբեջանական լոբբին: Գիրքը հայկական դրամաշորթությունների մասին է, նախատեսված էր սերիական հրատարակություն, սակայն առաջին հատորի լույս ընծայումից հետո` 2003թ-ին, Վիմզը հանկարծակի մահանում է` անբացատրելի պայմաններում: Անուղղակիորեն նրա մահը կապում են հայերի հետ, ճիշտ է, չի շեշտվում, որ հայերի ձեռքի գործն է, բայց թողնում է, որ ընթերցողը ինքը գա այդ եզրակացության…

Մյուս խորագիրը` Հայկական տեռորները (Armenian Terrors) պատմում է ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարվածների մասին: “…Հայկական ագրեսիայի հետևանքով 4868 մարդ անհայտ կորել է…” և ավելի ազդեցիկ դարձնելու համար առանձնացված թվերով շեշտվում է, թե դրանցից քանիսն են երեխաներ, քանիսը կանայք ու ծերեր: Առանձին կետերով ու պարբերություններով ներկայացնում է նման անհայտ կորածներից մի քանիսին. մի կին` իր 3 տարեկան երեխայի հետ, մյուսին տարիներով պահել են Տավուշում` Թովուզում, հետո Բերդում: Իբր գերեվարվածները կամ սպանվել են, կամ մահացել տարբեր հիվանդությունների ու տանջանքների արդյունքում, իսկ կենդանի մնացածներին օգտագործում են որպես ստրուկներ` ծանր աշխատանքի լծելով: Դաժանորեն նկարագրվում է կտտանքների տեսարաններ ամեն մանրամասներով, օրինակ` ինչպես են տանջամահ արել 60-անց ծերունուն, նրա վրա հանգցնելով ծխախոտները, հետո շներին բաց թողել վերքերի վրա… կամ նավթ լցնում երակների մեջ ու գերիները վերադարձից ժամեր անց մահանում են: Ճիշտ և ճիշտ նկարագրված են այն տանջանքները, որին ենթարկվում են հայ գերիները` Ադրբեջանում: Վերջում էլ հանգեցնում, որ սա ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների մի փոքրիկ մասն է…

Ղարաբաղյան պատերազմ (Karabagh war): Ներկայացնում է պատերազմի ադրբեջանական տեսակետը. 1988թ. փետրվարից անջատողական խմբերը և հայկական ռազմական ուժերը վայրագություններ սկսեցին: Նրանց շուտով միացան ԽՍՀՄ զորքերը: Սկսվեց հողերի օկուպացիան: Անպաշտպան բնակիչները սպանվել կամ վիրավորվել են… սակայն ամենասարսափելին 1992թ. փետրվարն էր, երբ հայկական զորքերը գենոցիդ իրականացրեցին Խոջալիում: Այստեղ հեղինակը համեմատականներ է տանում երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիների կատարած արյունահեղությունների հետ … ու նորից ուռճացված թվեր սպանվածների, վիրավորվածների ու անհայտ կորածների… Իսկ Ադրբեջանն այդ ժամանակ քաղաքական ճգնաժամի մեջ էր և ահա իշխանության գլուխ եկավ Հեյդար Ալիևը… Հայերի դեմ պայքարի համար Ադրբեջանը պետք է մոբիլիզացներ իր ռազմական, տնտեսական և մարդկային ուժերը: Կարողացավ հետ խլել մի շարք տարածքներ. թշնամին կորցրեց մոտ 4000 զինվոր… ռազմական տեխնիկա… «և  Ադրբեջանի հաջողության շնորհիվ մայիսի 12-ին կնքվեց զինադադար»: Հեղինակը փաստում է նաև, որ ՄԱԿ-ը հաստատել ադրբեջանական հողերի օկուպացված լինելու փաստը:

Առանձին խորագիր է նվիրված ASALA-ին: Հոդվածի վերնագիրը փորձում է տալ կազմակերպության նպատակը` ոչնչացնել թուրքական կառավարությունը: ASALA-ն հիմնադրել է Հակոբ Հակոբյանը 1975թ. Բեյրութում` Լիբանանում: Սկզբում այն կրել է «բանտարկյալ Գուրգեն Յանիկյանի խումբ» անունը: Նյութում անդրադառնում են մի քանի գործողությունների: 1982թ օգոստոսին Էզենբոգա միջազգային օդանավակայանի վրա հարձակումից հետո Թուրքիայի այդ ժամանակվա նախագահը հրամայեց լիկվիդացնել ASALA-ն: Պատմվում է նաև ինչպես են սպանել Հ. Հակոբյանին Աթենքի հարուստ թաղամասերից մեկի մայթին մի քանի անգամ կրակելով` 1988թ. ապրիլի 28-ին: Հարձակվողները ASALA նախկին անդամներ էին: ASALA-ն վերջնական լուծարվեց, երբ Օռլի օդանավակայանի վրա հարձակումից հետո դադարեցվեց սփյուռքի ֆինանսական օգնությունը: Մինչդեռ ASALA-ն իր գործուղությունները դադարեցրել է կապված անկախ Հայաստանի ծնունդով, քանզի գաղտնի բանակի կարիք այլևս չկար, կար ՀՀ հզոր բանակը:

Հաջորդ խորագիրը փորձում է պարզաբանել կոնֆլիկտի պատմությունը (HISTORY OF CONFLICT): Բերված է Վահա Գուլուզադեի տեսակետը, ըստ որի կոնֆլիկտը սկսվեց 1988թ. երբ Ղարաբաղի էթնիկ հայերը միակողմանի հայտարարեցին Ադրբեջանից Ղարաբաղի անկախացումի մասին, և ցանկություն հայտնեցին միանալ Հայաստանին: Այդ ժամանակ էթնիկ հայերը զբաղեցնում էին Ղարաբաղի 65%-ը: Վիճակը ավելի սրվեց, երբ Ռուսաստանը սկսեց ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Զինադադարի բանակցություններ եղան 1994-ի մայիսին, բայց բանակցելու բոլոր փորձերը տապալվեցին 1992-ից կոնֆլիկտին սկսեց միջնորդել ԵԱՀԿ-ն: 1995-ին տեղի ունեցավ գագաթաժողով Լիսբոնում, որտեղ ներկա 54 երկրներից 53-ը համաձայնեցին խնդիրը եռակողմ պայմանագրին և միայն Հայաստանը հրաժարվեց ընդունել այն: 1996-ին կնքվեց Մինսկի պայմանագիրը… «Հիմա խաղաղությունը նորից կախված է օդում,-գրում է հեղինակը,-Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղ ճանապարհով խնդրի լուծման իր տեսակետին` համաձայն Լիսբոնի պայմանագրի…»:

Առանձին է ներկայացված նաև Խոջալիի դեպքերը. «Խոջալիի գենոցիդ` 20-րդ դարի ողբերգություն»:  Նյութը սկսվում է Հեյդար Ալիևի խոսքերով. «Խոջալիի ցեղասպանությունը իր անասելի դաժանությամբ ու անմարդկային քննադատելի մեթոդներով ամբողջապես ուղղված էր ադրբեջանական ժողովրդի դեմ և մարդկության պատմության մեջ բարբարոսական ակտ է հանդիսանում: Միաժամանակ այս ցեղասպանությունը պատմական հանցագործություն է մարդկության դեմ»: Ալիևի ազդեցիկ խոսքերին հաջորդում է նույն ոգով գրված հեղինակի ծավալուն հոդվածը` «համեմված» սրտաճմլիկ նկարներով, մինչդեռ բոլորովին վերջերս չեխ ժուռնալիստի ջանքերով հայտնի դարձավ, որ այդ նկարները բացարձակապես կապ չունեն Խոջալիի հետ, ֆիլմ ցուցադրվեց, որն ապացուցում էր, որ հայերը միջանցք էին թողել խաղաղ բնակչության դուրս գալու համար, իսկ ադրբեջանցիներն իրենք են այդ սպանդը իրենց ժողովրդի գլխի սարքել` հետագայում հայերին գենոցիդ կազմակերպելու մեջ մեղադրելու համար:

«Ղարաբաղի պատմությունը» խորագրի տակ տեղ գտած «Հայկական տեռորիզմ կամ պատրանքները ցրվում են» հոդվածը նույնպես սկսվում է Ալիևի խոսքով: Նյութը սկսվում պատերազմի ահասարսուո տեսարանների նկարագրությամբ, հենց առաջին նախադասությունը ստիպում է փշաքաղվել. «Նա ճղեց հղի կնոջ փորն ու հանեց երեխային, այնուհետ այնտեղ տեղադրելով ամուսնու կտրած գլուխը, կարեց…», նմանատիպ շատ այլ նկարագրություններ, որոնց հետևում է հեղինակի սիրած հռետորական հարցը. «Նա բավարվա՞ծ է, նա կենդանի էա՞կ է…»: Պատմվում է, թե հայերը սպանել են անմեղ մարդկանց, ռումբ նետել բնակելի տարածքների վրա… «տեղական թերթերն են գրել` այս պսիխողը լուրջ բուժման կարիք ունի»: Նյութն ավարտվում է հայի խոսքերով. «Միակ ճիշտ բան անելը, դա պատերազմից հետո բոլոր ողջ մնացածներին հավաքել, մի փոսի մեջ լցնելն ու քարկոծելն է…»:

Վերջին խորագիրը նվիրված է Բաքվի կոմիսարներին (26 Baku Comissars), ովքեր հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հիմնված Բաքվի սովետական համայնքի անդամ էին: Համայնքը գլխավորում էր Ստեփան Շահումյանը մինչև 1918թ.երբ բոլշևիկներին մենշեվիկները զրկեցին իշխանությունից: Կոմիսարները փոձել են փախչել, սակայն Սպիտակ բանակը բռնել ու բանտ է նստեցրել նրանց:
* * *

Ուսումնասիրելով կայքը, կարող ենք վստահ եզրակացնել, որ ադրբեջանցիներին հաջողվել է այն իր նպատակին ծառայեցնել. այն է` ընթերցողի աչքերում ձևավորել թշնամու կերպարը ու հնարավորինս ատելություն սերմանել վերջինիս նկատմամբ: Այսքանից հետո Ռամիլի արարքը կարծես այնքան էլ զարմանալի չի թվում, դեռ ավելին, նրա ոճրագործությունը հերոսացնում է նրան… Մտահոգվելու տեղիք է տալիս, որ հայի գլխում ադրբեջանցու կերպարը չի ընկալվում այնպես ինչպես թշնամին ընկալում է մեզ: Ինտերնետ կոչված հզոր զենքը քանի տարի է Ադրբեջանն ուղղել է մեր դեմ ու անխնա կիրառում է: Մինչդեռ մենք այն դիտում ենք որպես խաղալիք` մեծամասամբ տարված չաթերով:

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

12 Responses to Ադրբեջանական ցեխ շպրտող կայքերից…

  1. iReporterասում է՝

    չնայած որ նոր չեմ կարդում էս մասին, բայց բավականին ջղայնացնող նյութեր են իրականում… դրանք մարդ չեն դառնա.. ինչքան թաթար էղել են, էնքան էլ մնալու են…

    • anulikkասում է՝

      **Like**😀
      մենակ թե վախենալու է. դրանց ապագա սերունդը լրիվ հակահայկական ծրագրով պատվաստված ռոբոտա մեծանում… ((( լավ կլիներ մեր մոտ էլ նույն ջանքերով աշխատանքներ սկսեին տանել:/

  2. Goharասում է՝

    Օրիորդ Անուշիկ, կարծում եմ Ձեզ հաջողվել է խորը վերլուծական ներկայացնել, շնորհավորում եմ, ապրեք:

  3. Margarit Goharyanասում է՝

    ANUSH JAN KARCUM EM QO AYS ASHXATANQY HENC AYN HIMNAQARYN E LINELU , VORI MASIN AKNARKUM ES. MIGUCE HENC DU EL SHARUNAKES? APRES SHAT LAV ER .

  4. Artashesասում է՝

    Es mi 2 “hacheli” xosq em grel dranc site-i mej… normala??? de chem bacatrel vonc inch uxaki es paratonic ahavor barkacac em, u mtacumem………… lav eee ancac lini

    • anulikkասում է՝

      հենց վերոնշյալ սայթում եք գրել ??? էնտեղ մեկնաբանելու տեղեր կարծեմ չկային… դե փառատոնից բոլորս ենք բարկացած😦 ու հիասթափված, լրիվ հասկանում եմ

  5. ՄՀասում է՝

    Ապրես Անուշ ջան, հետաքրքիր ձևով ես մեր դասերը ներկայացնում: Սա բավականին հաջող բան է, հուսով եմ ռեֆերատդ կարդացողների համար ևս մեկ ադրբեջանական աղավաղման փորձ ճանաչելի կդառնա: ՀԱՄՀ-ում քիչ-քիչ իր արդյունքը տալիս է:

    • anulikkասում է՝

      վաաայ🙂 շնորհակալ եմ ընկեր Հովհաննիսյան, ես էլ եմ հուսով:
      Ձեր առարկան ինձ շատ բան տվեց, հուսով եմ ստացածիս մի փոքր մասնիկը կարողացել եմ փոխանցել🙂

      • ՄՀասում է՝

        Իհարկե, Անուշ: Մի օր մեզ հյուր արի ծանոթ մարդկանց կտեսնես: Շարունակի նման տեմպերով:

      • anulikkասում է՝

        մերսիիիի🙂 մի օր անպայման կգամ, էսօր Լիլիթին տեսա, իմացա😀 շատ ուրախացա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: