Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչներ. Պոլ Սեզան, Վինսենթ Վան Գոգ, Պոլ Գոգեն

Ռեֆերատ արվեստից, մարդ ես` մեկին պետք եկավ😛 Իսկ իմ դասախոսը հարկ չհամարեց կարդալ 2 շաբաթվա աշխատանքս… 1 օր ուշացումով ներկայացնելու համար….

****

Պոստիմպրեսիոնիզմը ֆրանսիական գեղանկարչության հիմնական, պատկերավոր ուղղություններից է (“պոստ”-ը լատիներեն բառ է, որ նշանակում է հետո, այսինքն` իմպրեսիոնիզմից հետո): Առաջ է եկել 19-րդ դարի 80-ական թվականներին: Այս ուղղության գեղանկարիչները չէին սահմանափակվում միայն տեսողական տպավորություններով, ձգտում էին  ազատ ու ամբողջական փոխանցել աշխարհի նյութականությունը: Պոստիմպրեսիոնիզմի սկիզբը 19-րդ դարի վերջն էր, երբ ճգնաժամի մեջ էր իմպրեսիոնիզմը: Այո, առաջ նրանք հարում էին իմպրեսիոնիզմին և ի հայտ եկան այն ժամանակ, երբ իրենց համոզմամբ` գտել էին դարաշրջանին առավել համահունչ արտահայտամիջոցներ, հաղթահարել էին գեղարվեստական մտածողության էմպիրիզմը: Այդ ժամանակ կայացավ իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսը և հրապարակվեց ֆրանսիացի պոետ Ժան Մորեսսի “Սիմվոլների մանիֆեստը” (1886թ.): Եվ ի տարբերություն իմպրեսիոնիստերի նրանք կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցել են նրա հոգևոր և նյութական ինչ-որ տևական վիճակների մարմնավորմանը, սկսեցին կարևորել շրջակա աշխարհի երկարատևությունը, ոչ թե այժմրոպեականությունը փոխանցել: Որքանով է հաջողվել նրանց հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին, հստակ առանձնանալ իմպրեսիոնիզմից, դժվար է ասել, այդուհանդերձ, պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխազդեցությունը: Պոստիմպրեսիոնիզմին հատուկ են տարբեր գեղարվեստական գծեր, որ հետագայում ազդել են պատկերավոր արվեստի զարգացման վրա: Մի շարք ուղղություններ` նեոիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը, “մոդեռն”-ի ֆրանսիական տարբերակը` “նաբն”-ն որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում: Պոստիմպրեսիոնիզմի առաջատար վարպետների` Պոլ Սեզանի, Վինսենթ Վան Գոգի, Պոլ Գոգենի, Տուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունները սկզբնավորում են 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը: Վան Գոգի աշխատանքները կանխագուշակում են էքսպրեսիոնիզմի առաջացումը, Գոգենը ճանապարհ հարթեց սիմվոլիզմի և մոդեռնիզմի համար…

****

ՊՈԼ ՍԵԶԱՆ

Ֆրանսիացի գեղանկարիչ (19.01.1839թ. Էքս-ան-Պրովանս – 22.10.1906թ. Էքս-ան-Պրովանս)

 

Պոստիմպրեսիոնիզմի  ականավոր ներկայացուցիչ Պոլ Սեզանը ծնվել է Էքս- ան- Պրովանս քաղաքում 1839թ. հունվարի 19-ին` ունևոր բուրժուայի ընտանիքում: Հայտնի է, որ Սեզանի նախնիները գաղթել են Ֆրանսիայի հարավ իտալական Ալպերում գտվող Չեզանա Տուրինեզե փոքրիկ քաղաքից: Փոքր հասակում Սեզանը գեղարվեստի մասին լավ պատկերացումներ չուներ, բայց մյուս բոլոր բնագավառներում փայլուն կրթություն էր ստացել: Նրա կրթությունը լիովին համապատասխանում էր ժամանակի հասարակական և կրոնական պահանջներին:

Միշտ հետաքրքրությամբ ընթերցել է դասական գրողներին, գրել բանաստեղծություններ լատիներեն և ֆրանսերեն… Վաղ հասակից արվեստը ձգում էր նրան, բայց առաջին հայացքից նրա մոտ վառ արտահայտված ընդունակություններ չէին նկատվում այս բնագավառում: Դպրոցում և քոլեջում նկարչությունը պարտադիր առարկա էր, իսկ 15 տարեկանից սկսեց հաճախել նկարչության ազատ ակադեմիա: Սակայն  տարեկան մրցանակի քոլեջում Սեզանը երբեք չի արժանացել: 1857թ-ի մրցանակը շահեց նրա ընկեր Էմիլ Զոլան: Այս ընկերությունը տևեց մինչև կյանքի վերջ: Նրանց մտերմացրեց նաև գրականության հանդեպ հետաքրքրությունը: Երկուսն էլ հիանում էին Վիկտոր Հյուգոյի, Ալֆոնս Լամարտինի ռոմանտիզմով: Ապագայի մասին զրույցներով միմյանց հորդորում էին կյանքը արվեստին նվիրել: Այս ընկերությունը անկասկած երկուսի համար մեծ նշանակություն ուներ: Սեզանի երիտասարդության մասին կարևոր տեղեկություններ կարելի է գտնել Զոլայի “Ստեղծագործությունում”, որի հերոսի նախատիպը Սեզանն է:

1858թ. Սեզանն ընդունվում է Էքսի համալսարանի իրավաբանական դպրոցը` հոր պահանջով: “Ցավոք,- գրում է նա Զոլային նույն թվականի դեկտեմբերին,- ես ընտրեցի իրավաբանության խրթին ճամփան: Ոչ թե “ընտրեցի”, այլ ստիպված էի ընտրել…” : Բայց հենց այս ուսումնառության տարիներին հաստատապես կայացրեց գեղանկարիչ դառնալու որոշումը: Ազատ ժամանակ Սեզանը Ժա-դե-Բուֆֆոնի առանձնատանը նկարում էր (ուր արհեստանոց էր սարքել), ուսուցիչը տեղացի գեղանկարիչ Ժոզեֆ Ժիբերն էր:

1861թ-ին հայրը` Լուի-Օգյուստը, տեղի տալով կնոջ և որդու խնդրանքին, վերջնականապես թույլ տվեց, որ Պոլը թողնի իրավաբանական գործը ու գնա Փարիզ` գեղանկարչություն սովորելու: Ապրիլին արդեն Սեզանը տեղափոխվեց մայրաքաղաք և սկսեց պատրաստվել Փարիզի ամենահեղինակավոր գեղարվեստի դպրոցի` Էկոլ-դե-Բազարի ընդունելության քննություններին: Հաճախում էր Ատելյե Սյուիս արհեստանոցը, ուր ընկերացավ Աշիլ Էմպերելի հետ: Վերջինս մեծ ազդեցություն ունեցավ Սեզանի վրա, հատկապես ակադեմիական վարքից հրաժարվելու հարցում:

Ապրելով 5 ամիս Փարիզում` Սեզանը այնուամենայնիվ վերադարձավ Էքս: “Ես կարծում էի,- գրում է ընկերներից մեկին,- Էքսից հեռանալով կձերբազատվեմ ինձ հետապնդող տաղտուկից: Բայց իրականում բնակավայրս փոխեցի ընդամենը, իսկ տաղտուկը մնաց իմ ներսում”: Բայց և այնպես 1862թ-ի աշնանը` Զոլային հետևելով, Սեզանը վերադարձավ Փարիզ: Հոր պահանջով նորից Էկոլ-դե-Բազար ընդունվելու փորձ ձեռնարկեց: Սեզանի փոքրաթիվ աշխատանքները, այդ թվում և հոր դիմանկարն ու ինքնանկարը, քննողները “կատաղի” (խելահեղ) որակեցին ու մերժեցին երիտասարդ նկարչին: Պոլին դա այդքան էլ չընկճեց, նա արդեն կորցրել էր հետաքրքրությունը ակադեմիական գեղանկարչության նկատմամբ և շարունակում էր պարապմունքները Ատելյե Սյուիսում: Սկզբնական շրջանում ենթարկվելով խիզախ երևակայությանը` նկարում էր կրքի, զգացմունքների, մահվան թեմայով: Բայց և Սեզանի բոլոր նկարներում բռնություն ու վախ չէր, հաճախ խաղաղ էր պատկերում սովորական իրերը` կարծես փորձելով սանձահարել իր անզուսպ երևակայությունը: Այս առումով հաջող է Էքս այցելությունների ժամանակ ստեղծած դիմանկարների շարքը: Նրա աշխատանքները հրաժարվում էին ցուցադրել` առաջնությունը տալով պատմական թեմաներով նկարներին:

Քննադատության ծաղրը և հասարակության արհամարանքը Սեզանը խլացնում էր ծանր աշխատանքով: Աստիճանաբար ձևավորվում է այն անկրկնելի և ինդիվիդուալ ոճը, որ հետո վառ արտահայտված կտեսնենք նրա հասուն տարիքի գործերում: “Железнoдорожная выемка” (“Երկաթգծային կտրվածք”) բնանկարում, որտեղ առաջին անգամ պատկերել է Էքսի հարևանությամբ գտնվող Սենտ-Վիկտուար լեռը, մանրակրկիտ հավասարակշռել է ձախ կողմի տունն ու աջ կողմի լեռան ծանր ու կոպիտ ձևը:

1861թ-ին, երբ Սեզանը առաջին անգամ էր եկել Փարիզ սովորելու, ֆրանսիական գեղանկարչությունը ներկայացված էր իրար հակասող երեք ուղղություններով` նեոկլասիցիզմ, ռոմանտիզմ և ռեալիզմ: Դրությունը հատկապես բարդացնում էր այն փաստը, որ այդ ժամանակ արվեստը գտնվում էր բուրժուազիայի հովանու տակ: Նոր մեկենասները արվեստի գործերը դիտում էին որպես ֆինանսական հաջողության սիմվոլ, իսկ ինչ անհասկանալի էր իրենց` բացասական էին տրամադրված: Ակադեմիայի տիրանական ղեկավարության դեմ առաջին լուրջ քայլը 1863թ-ի մայիսին մերժվածների ցուցահանդեսի բացումն էր, որի թույլտվությունը տվել էր Նապոլեոն III-ը: Այս ցուցահանդեսը սենսացիա էր, ներկայացված էին նաև Սեզանի աշխատանքները (ցավոք պատմությունը մեզ չի հասցրել, թե որ գործերն էին դրանք, ինչ թեմաներով), ինչը մեծ առաջընթաց էր նրա համար:

Աշխատում էր մեծ համառությամբ և լարվածությամբ: Առավոտյան ժամերը հատկացնում էր Ատելյե Սյուիսում բնանկարների գծանկարչությանը, ցերեկն աշխատում էր Լուվրում կամ արհեստանոցում` ուր և ապրում էր, ինչպես հիշում է Զոլան`հին ներկերի սրվակների պատառոտված կտավների և կեղտոտ կաթսա – ամանների մեջ… Երեկոյան 7-ից 10-ը նորից նկարում էր Ատելյե Սյուիսում:

Նա միշտ փորձել է դիտողի ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա ինչ իր համար կարևոր էր նկարի մեջ: Այս նպատակով նա դեֆորմացնում էր, ստեղծում էր անկայուն հավասարակշռությամբ նկարներ, օգտագործում էր մուգ հագեցած գույներ (“Սենյակներում” (“В комнатах”), 1860-ական թթ.): Ստեղծագործության առաջին փուլում` մինչև 1870-ական թթ. Սեզանը ձգտում էր արտահայտել իր լարված ներաշխարհը: Մինչ նրա ժամանակակիցներ Պիսարոն և Մոնեն նկարում էին Փարիզյան պատկերներ, Պոլը ստեղծում էր էրոտիկ, հաճախ էլ սարսափազդու կտավներ, որ շվարացնում ու անհանգստացնում էին նրա ընկերներին:

"Դոմինիկի դիմանկարները" շարքից

Ապրելով աշխարհի բարդության մշտական զգացողությամբ, Սեզանը չէր կարող մնալ պարզապես զննողի ու տեսածը ճշտապես արտացոլողի սահմաններում: Նրա գեղարվեստական աշխատանքները լի են բծերով. ֆիգուրները անշնորհք ու անհամաչափ են, տարածությունը ճիշտ չի պատկերված… այստեղ ավելի շատ շեշտված է պատմողականությունը եւ շատ քիչ կապված ձևի հետ: Հետագայում նկատվեց հակումը դեպի ուղիղ գծերը և դրվագների ավելի խիստ ընդգծումը: Այս ոգով է արված Դոմինիկի դիմանկարների շարքը 1865 և 1867 թթ.:

“Սև ժամացույցը”

Սեզանը երբեք այսչափ գրավված չի եղել նատյուրմորտներով և բնանկարներով, չնայած վաղ շրջանում էլ ստեղծել է այս ժանրի վառ օրինականեր: Թերևս ամենահաջող նատյուրմորտը վաղ շրջանի “Սև ժամացույցը” (“ Черные часы”) նկարն է, որը նվիրել է Զոլային:

Հետզհետե Սեզանը մշակեց կտավի վրայով անկյունագծով իջնող ուղղանկյուն բծերի իր յուրօրինակ համակարգը (որպես կանոն վերին աջ անկյունից ձգվող դեպի ներքևի ձախը), որ ծածկում էին ողջ կտավը: Երբեմն նա փոխում էր բծերի ուղղությունը, ընդ որում ոչ թե տարբեր նկարներում, այլ նույն նկարի տարբեր հատվածներում: Բայց և խստագույնս հետևում էր, որ յուրաքանչյուր հատվածում բծերը պահպանեն նույն ձևը և դրվեն զուգահեռ: Սա Սեզանի նկարներին հաղորդում էր կտորի և նույնիսկ գորգի մակերեսի տեսք և ռիթմիկ շարժման զգացում. Հատուկ է այնպիսի աշխատանքների ինչպես “Ամրոց Մեդանում” (“Замок в Медане”): Սովորելու ցակությունը նրա մոտ երբեք չէր նվազում ու թվում էր, թե աշխատասիրությունը անսպառ է: Աշխատել է յուղաներկով, ջրաներկով, կապույտ ներկով (пастель), ոչ միայն նկարել է, այլև զբաղվել փորագրությամբ:

1860-ականների վերջին նա շատ ավելի զուսպ էր ու խիստ գործեր էր ստեղծում:

“Աղջիկը դաշնամուրի մոտ” կամ “Տանհեյզերի նախերգանք”

Էրմիտաժում պահվող “Աղջիկը դաշնամուրի մոտ” կամ “Տանհեյզերի նախերգանք” (“Девушка у пианино”, или “Увертюра к “Тангейзеру) նկարել է 1868-1869 թթ. ու հավանաբար նույքան հանկարծակի է սկսել, որքան այդ տարիներին ստեղծած մյուս նկարները: Սեզանի ընկերներից Մարիոն գրում է. “Մի  առավոտ նա հիանալի կտավի կեսը նկարեց… այն կոչվելու է “Տանհեյզերի նախերգանք”… Այս նկարը պատկանելու է ապագային”: Թանգարանում գտնվող նկարը երրորդ տարբերակն է` առաջին երկուսը չեն պահպանվել:

Պիսարոն ճանաչեց սեզանական տաղանդի ինքնությունը, նա պնդում էր, որ Սեզանը յուրահատուկ տեսողություն ունի, իրենց ստեղծագործական հարաբերություններից խոսելիս Պիսարոն հիշում է. “Մենք միշտ միասին էինք, բայց յուրաքանչյուրս պահում էր այն եզակին, որ իսկապես կարևոր էր` սեփական զգացմունքները”:

Սեզանը որոշակի հաջողությունների հասավ միայն 1882թ. Սալոնում: Գեղանկարիչ Անտուան Գիյեմեն պաշտոնական ժյուրիի անդամ դարձավ և հնարավորություն ստացավ ցուցահանդեսին ներկայացնելու իր աշակերտներից մեկի աշխատանքը: Ընտրվեց Սեզանի “Պարոն Լ.Ա.-ի դիմանկարը”: Դրանից հետո այս աշխատանքը անհետացել է: 1870-ականների վերջերից 1890-ականների սկիզբը Սեզանը անընդհատ շրջագայում էր, տարուց ավել ոչ մի տեղ կանգ չի առնում: Այս տարիներին էլ նա մեծ գեղանկարիչ դարձավ, ինչի մասին խոսում են նրա կտավները: Թե ինչ էր նրա հետ կատարվում, հաղորդում են Ռենուարը, Մոնեն և Պիսարոն, միայն նրանք էին ժամանակ առ ժամանակ տեսնում Պոլին:

1882-1885թթ. ամառը Սեզանը ժամանակի մեծ մասն անց էր կացնում Պրովանսում: Այս ժամանակահատվածում ավելի շատ կենտրոնացած էր նատյուրմորտների վրա: Եթե Մանեն առաջինն էր, ով նատյուրմորտների հանդեպ հետաքրքրություն սերմանեց Սեզանի մեջ, ապա հասուն տարիներին այս առումով նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Ժան-Բատիստ Շարդենը: Վերջինիս գործերը Սեզանի համար բացահայտում էին նատյուրմորտի նոր հնարավորություններ: Իր նկարներում նա բազմազան կամ շքեղ իրեր չէր պատկերում, չինական կախազարդերը, գեղեցիկ մետաքսը կամ թանկարժեք զարդերը նրան չէին հրապուրում:

“Խնձորներ, դեղձեր, տանձ ու խաղող ” 1879-1880թթ., Էրմիտաժ, Ս.Պետերբուրգ

Նա նորից ու նորից նկարում էր խնձորներ, նրան դուր էին գալիս դեղձը, տանձը, նարինջը, լիմոնը և սոխը: Կողկը դնում էր մեկական իրեր, թեյնիկ, կուվշին, շշեր, ափսե, բաժակ… այդպիսին էին սեզանական ստեղծագործությունների գլխավոր հերոսները: Միայն 1883-1895թթ. նա այս ժանրով 59 նկար ստեղծեց, իսկ ընդհանուր` մոտ 200 նատյուրմոտ: Այս ժամանակ էլ զարգացնում է իր գունային գամման. կապտամոխրագույնի և դեղնանարնջագույնի համադրությունները: Սեզանից հետո այս ժանրը երկրորդականից դարձավ 20-րդ դարի մեծ վարպետներից շատերի գեղարվեստական պատկերացումների լիարժեք արտահայտումը: Բնության անկայուն երևույթների պատկերումը արգելակում էր Սեզանին հատուկ աշխարհընկալման նյութական-կոնստրուկտիվ պատկերացումներին:

“Պիերոն եւ ծաղրածուն” 1888թ., Պուշկինի թանգարան

Այդ իսկ պատճառով նա ուժեղացրեց կառուցվածքային — առարկայական տարրերը իր կոմպոզիցիաներում (“Պիերոն եւ ծաղրածուն” (“Пьеро и Арлекин”), 1888թ.): Նրան միշտ հետաքրքրել է մարդկային ֆիգուրները: Առլեկինին Սեզանը նկարել է իր 16 ամյա տղայից, իսկ Պիերոյի համար բնորդել է ծանոթ մի երիտասարդ: Նկարիչը իր հերոսներին նայում է ձախ կողմից ու փոքր-ինչ վերևից: Հենց այդ կողմ է ուղղված Առլեկինի չար հայացքը:

 

“Լողացողները” 1875-1876թթ., Էրմիտաժ, Ս.Պետերբուրգ

Մարդկային ֆիգուրները բայց և չէին հակադրվում բնապատկերի ֆոնին, նրանք նույնպես, ինչպես իրենց շրջապատող բուսականությունը,  լի են օդով ու լույսով: Նկարիչը հաճախ անդրադառնում էր լողանալու թեմային, դրանով մարմնավորելով ազատ մարդու իր իդեալը, ով ապրում է ապրում է բնության հետ ներդաշնակ: Այս պատկերը կտավին փոխանցելիս Սեզանը փորձում էր լուծել շրջապատի հետ օբյեկտի միաձուլման խնդիրը:

“Ծխողը” 1890-1892թթ., Էրմիտաժ, Ս.Պետերբուրգ

Նատյուրմորտների հետ Սեզանը ստեղծում է նաև դիմանկարներ, որոնցից առաջինը հոր դիմանկարն էր (1860-ականների սկիզբ): Սեզանին քիչ էր հետաքրքրում բնօրինակին նմանությունը:

“Տիկինը կապույտի մեջ” 1900-1902թթ., Էրմիտաժ, Ս.Պետերբուրգ

Դիմանկարները զուրկ են հոգեբանական, սոցիալական եւ անձնական հատկանիշներից: Դիմանկարի հերոսը հաճախ նրա կին Գորտենզիան էր (ում 40-ից ավել անգամ է նկարել) և ինքը (պահպանվել է մոտ 35 ինքնանկար):

Հետագայում նրա նկարներում ավելի հաճախ հայտնվում է սբ. Վիկտորիայի լեռան պատկերը (“Гора-Сент-Виктуар”)` որպես տիեզերքի վեհության և անբաժանելիության սիմվոլ: Նա շատ է նկարել այս լեռը` տարբեր տեսանկյուններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1895թ-ին Էքսում, այդ ժամանակ հասարակությունը չհասկացավ նկարը, չնայած որ երիտասարդ պոետ Ժոասիմ Գասկեն ջերմ էր արձագանքել, որից հետո նվեր ստացել նկարը` Սեզանի մակագրությամբ: 1908թ. Գասկեն այդ նկարը վաճառեց 12.000 ֆրանկով: “…Միայն ու միայն Պրովանսում էր նա այնպիսին, ինչպիսին կար: Նա ոչ Հյուսիսի, ոչ էլ Իլ-դե-Ֆրանսի նկարիչ է, նա իր հարազատ հողի նկարիչն է: Էստակայի շրջանը ամբողջությամբ զբաղեցրել է նկարչի միտքը, նա ուզում էր փոխանցել այդ գեղեցկությունը…”,-գրել է Պերյուշոն իր “Սեզանի կյանքը” աշխատությունում:

Պոլ Սեզանը ըստ արժանվույն գնահատվել է հաջորդ սերունդների կողմից` որպես նոր արվեստի “հայր”: Նա առաջ անցավ իր ժամանակի սահմաններից ու հավասարվեց Եվրոպայի գեղանկարչության մյուս հսկաներին:

 

Վինսենթ Վան Գոգ

Հոլանդացի գեղանկարիչ (30.03.1853թ. Գրոտ Զյունդերտ – 29.07.1890թ.. Օվեր-սյուր-Ուազ)

 

Վան Գոգը ծնվել է 1853թ-ի մարտի 30-ին Հոլանդիայի հարավում գտնվող Գրոտ Զյունդերտ գյուղում: Հայրը` Թեոդոր Վան Գոգը, բողոքական թեմի կողմնակից էր: Վինսենթի անունը կնքել են ի պատիվ հորական կողմի պապի: Այդ անունը նախատեսված էր Վան Գոգից մեկ տարի առաջ ծնված երեխայի համար, ով հենց նույն օրն էլ մահացավ: Այդ պատճառով Վան Գոգին միշտ թվացել է, թե ինքը ուրիշի տեղն է զբաղեցնում:

37 տարեկան հասակում մահացած Վան Գոգը արվեստի պատմության մեջ ամենակարճ ստեղծագործական կյանքն է ունեցել` ընդամենը 10 տարի, որից առաջին 4-ը նվիրված են եղել բացառապես գծագրերին: Բայց նրա թողած ժառանգության ծավալն ապշեցնող է. մոտ 900 գծագրեր և 800-ից ավել կտավներ: Ամբողջ կյանքի ընթացքում նա ընդամենը մեկ նկար է վաճառել (80$-ին համարժեք գնով), խոսքը “Առլեի կարմիր խաղողի այգիները” նկարի մասին է, որը հիմա գտնվում է Պուշկինի թանգարանում:

Իր աշխատանքների տակ նա ստորագրում էր “Վինսենթ”, դա պատճառաբանում էր նրանով, որ Ֆրանսիայում Վան Գոգը դժվար է արտասանել, բայց նրա վաղ գործերի տակ նույնպես գրված է պարզապես “Վինսենթ”: Կարծես նկարիչը շտապ հաղորդագրություն էր ուղարկում մեկին, ով բարեհամբույր կլիներ ու կընդուներ նրան որպես ընկեր:

Ավանդույթի համաձայն Վան Գոգները ընտրում էին գործունեության 2 ոլորտ. եկեղեցական և արվեստի նմուշների առևտրով: Վինսենթը գնաց այս 2 ճանապարհով, բայց հաջողության չհասավ: Թերևս այդ տարիներին կուտակած փորձը մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա ընտրության հարցում: 16 տարեկանում նա դարձավ Գուպիլ ընկերության սրահում նկարների վաճառող, բայց 23-ում նա, հոր նման, անապահովներին օգնել ցանկանալով, որոշում է դառնալ Աստվածաշնչի քարոզող և մեկնում է Բելգիայի հարավ: Սակայն դեմ առնելով թշվառ աղքատությանը և եկեղեցու տերերի բացարձակ անտարբերությանը, նա ընդմիշտ կտրվում է կրոնից: Հենց այստեղ` Բելգիայի Բորինաժ գյուղում Վան Գոգը իրեն գեղանկարիչ է զգում, և իր վրա նոր առաքելություն վերցնում` հասարակությանը ծառայել իր արվեստի միջոցով:

Ճակատագիրը քմահաճ էր կարծես, որ Վ.Վան Գոգն իր կյանքի վերջին տասնամյակն անցկացնի իր ստեղծագործություններից ուրախության զգացումով, կիսաքաղց գոյատևելով եղբոր` Թեոյի գումարով, ով միակն մարդն էր, որ մինչև վերջ սատարեց նրան:

 

“Կարտոֆիլ ուտողները” 1885թ.

Որոշ ժամանակ Վան Գոգը դասեր էր առնում հոլանդացի գեղանկարիչ Մաուվեի մոտ, բայց իր արվեստի հետագա կատարելագործումը կատարվել է, ինչպես ինքն է ասում,  “բնության անընդհատ ուսումնասիրությամբ և նրա հետ պայքարի” միջոցով: Հոլանդական շրջանի նկարների գլխավոր հերոսները գյուղացիներն են` պատկերված իրենց առօրյա գործերի մեջ: Այդ մասին վկայում է “Կարտոֆիլ ուտողները” կտավը (1885թ.,), որտեղ Վան Գոգը հարգանքի տուրքն է մատուցում իր կուռք` ֆրանսիացի գեղանկարիչ Ժ.Ֆ. Միլլեին: Նկարը մուգ գույների մեջ է, որ հիշեցնում է գյուղացու մշակած հողի գույնը: Սակայն հեղինակը խոստովանում է, որ ոչ թե գույները, այլ ձևն է նրան գրավում առաջին հերթին: Այդուհանդերձ այս խլեցված մոխրագույն երանգներում արդեն զգացվում է այն հագեցած գույները, որ վառ արտահայտվելու են գեղանկարչի հասուն տարիքի գործերում:

Թարմության աղոտ ցանկությունը, գեղարվեստական մեթոդների ստեղծագործական փնտրտուքները նրան բերեցին Փարիզ, ուր ծանոթացավ իմպրեսիոնիստների հետ, ուսումնասիրեց Է.Դելակրուայի գույների տեսությունը, հետաքրքրվում ճապոնական փորագրությամբ և Մոնտիչելիի ֆակտուրային գեղանկարչությամբ: Փարիզում ստեղծում է ծաղիկների փնջերի, Մոնմարտի, Փարիզյան տեսարանների իմպրեսիոնիստական նկարներ լի գույներով, նաև նկարում է մի քանի դիմանկար (“Մոնմարտի լեռները”, 1887թ.):

Փարիզում Վան Գոգը ավելի շատ շփվում է մարդկանց հետ, հանդիպում այլ գեղանկարիչների, զրուցում նրանց հետ, հաճախում վայրեր, ուր նրանք շատը են լինում: Նման մի վայր` “Տամբուրին” կաբարեն Մոնմարտում, որի տերը իտալացի Ագոստինա Սեգատորին էր: Վերջինիս ու Վինսենթի միջև սիրավեպեպ է սկսվում: Մի գեղեցիկ դիմանկար է ստեղծել. Ագոստինան նստաց սեփական սրճարանների սեղաններից մեկի մոտ: Նա շատ նկարների համար է բնորդել… Բայց Փարիզյան իրականությունը բոլորովին այլ էր, այնտեղ տիրում էր մրցակցության լարված մթնոլորտ… Շուտով մեծ քաղաքի կյանքը հոգնեցնում է Վան Գոգին և 1888թ. Փետրվարին նա մեկնում է Առլ, որպեսզի վերադառնա  հողին ու այն մարդկանց ովքեր աշխատում են այդ հողի վրա: Այս հարավային քաղաքում նա վերականգնեց ուժերը, հենց այստեղ ամբողջությամբ բացվեց նրա գեղանկարչի տաղանդը, ձևավորվեց նրա անկրկնելի ու յուրօրինակ ոճը: Վան Գոգը իր բազմաթիվ նկարները ստեղծում է ներշնչանքի պահին` մտքով վերահսկելով բնության ընկալման հիացմունքի զգացումը: Նա արդեն չի ձգտում փոխանցել տեսածի տպավորությունները, այլ պատկերում է բուն էությունը` համադրելով սեփական ապրումները: Այստեղ նրան օգնում է Փարիզում ձեռք բերած` հուզական ու խորհրդանշական հնչողություն ունեցող սեփական գույների լեզուն մշակելու փորձը:

"Նուշի ճյուղ", 1890թ Ամստերդամ

 

"Ձկնորսկան նավեր Սենտ-Մերիում”, 1888թ.

Պրովանսի բնության հանդեպ իր սերն ու հիացմունքը Վան Գոգն արտահայտել է բազմաթիվ բնապատկերներում` պատկերված տարվա ամեն եղանակների համար գտնելով ճիշտ գույնը ու տալով ճկուն լուծում (“Բերքահավաք. Լա-Կրոյի հովիտ”, 1888թ.; “Ձկնորսկան նավեր Սենտ-Մերիում”, 1888թ; “Ագռավները  ցորենի դաշտում”, 1890թ; “Նուշի ճյուղ”, 1890թ.):

Այս առումով արժեքավոր է “Կարմիր խաղողի վազերը” նկարը (1888թ.)` կառուցված հավելյալ գույների հակադրության վրա, հագեցած տաք ու զով գույներով:

"Արևածաղիկներ" , 1888թ.

Առլյան բնապատկերների գլխավոր հերոսը արևն է, իսկ գերակշռողը դեղինն է` արևի, հացի և արևածաղկի գույնը, որ դարձել են նկարչի հրապարակայնության սիմվոլները (“Արևածաղիկներ” , 1888թ. Մյունխեն):

Դիմանկարներային պատկերներում նկարիչն ուշադրությունը կենտրոնացնում է մոդելի արտաքին կյանքին` այն ամբողջությամբ վերարտադրելով:

“Առլեզիանուհի: Տիկին Ժինո” 1888թ.

Ընդ որում ամենադրամատիկ կերպարներն էլ անքակտելիորեն կապված են երջանկության ու կյանքի գեղեցկության զգացումի հետ: Այդպիսին են և նրա ինքնանկարները և նկարչի մոտ ընկերներ-հասարակ մարդկանց դիմանկարները. “Առլեզիանուհի: Տիկին Ժինո” (1888թ.); “Փոստատար Ռուլեն” (1888թ.)…

1888թ-ը շատ կարևորվեց Վան Գոգի կյանքում. Առլ ժամանեց Պոլ Գոգենը, ում բազմիցս էր հրավիրել Վինսենթը (վերջիվերջո Գոգենին Թեոն համոզեց): Հյուրը համաձայնեց հանգրվանել Դեղին տնակում: Ոգևորված և բեղմնավոր գոյության սկզբնական շրջանից հետո, երկու արվեստագետների` երկու հակապատկեր էությունների հարաբերությունները կվատթարանան, ընդհուպ մինչև բաժանում: Ողբերգական վերջաբանը ինչպես պատմում է Գոգենը` դառնում է Սբ Ծնունդի նախորեն, երբ բուռն վեճից հետո, Վինսենթը վերցնում է սրիչը, որ հարձակվի ընկերոջ վրա: Վերջինս վախենում, փախնում է տնից ու կայանում հյուրանոցում: Գիշերը, ընկնելով կատաղության մեջ, Վինսենթը կտրում է իր ձախ ականջի բլթակը, փաթաթում թղթի մեջ ու նվեր տանում Ռաշել անունով մարմնավաճառի: Վան Գոգին անկողնում` արյան լճակի մեջ գտնում է ընկեր Ռուլենը և նկարչին տեղափոխում են հիվանդանոց: Բոլոր մտավախություններին հակառակ, նա մի քանի օրից ապաքինվում է ու տուն գնում, չնայած նորանոր նոպաները բազմիցս նրան վերադարձնում են հիվանդանոց: Նրա տարօրինակությունները սկսում են վախեցնել առլեզիացիներին այն աստիճան, որ 1889թ. 30 քաղաքացիներ խնդրագիր են գրում քաղաքը ազատագրել “շեկ խելագառից”:

Այսպիսով, նյարդային հիվանդությունը, որ հասունանում էր նրա մեջ, դուրս պրծավ: Գիտակցելով իր հոգեկան խանգարման վտանգը, նկարիչը որոշում է ամեն ինչ անել` լավանալու համար ու ինքնակամ 1889թ-ի մայիսի 8-ին պարկում է հիվանդանոց:

“Աստղային գիշեր”, 1889թ.

Նրան այնուամենայնիվ տրված էին որոշակի ազատություններ. աշխատողի ներկայությամբ նա կարող էր բացօթյա նկարել… այսպես ծնվում են ֆանտաստիկ գլուխգործոցներ “Ճանապարհ նոճիների ու աստղի հետ”, “Ձիթապտուղ, կապույտ երկինք ու սպիտակ ամպ”… Ինչպես նաև “Աստղային գիշերը”. Այս նկարում վեր ձգվող նոճիները կրակի լեզուներ են հիշեցնում, իսկ երկիրը ընկալվում է որպես տիեզերքում թռչող մոլորակ: Աստղե գնդերը, ինչպես արևը, ամբողջացնում են լույսի աղբյուրի մոտիվը, որ սկսվել էր Վան Գոգի մոտ դեռևս “Կարտոֆիլ ուտողները” նկարից:  Այս շարքի ստեղծագործություններն առանձնանում են որոշակի գրաֆիկական լարմամբ: Այս կտավներում կարծես` որպես մահվան կանխազգացում, նորից հայտնվում են նոճու ու ձիթապտղի ծառեր. հատկապես նկատելի է դառնում Վան Գոգի արվեստում սիմվոլիկ խորհրդանիշերի կարևորությունը:

1890թ-ի հունվարին նա ներկայացվում է Բրյուսելում ցուցահանդեսի, ուր վաճառում է “Կարմիր խաղողի վազերը” նկարը 400 ֆրանկով: Մարտին նա Փարիզում է` Անկախների Սալոնի մասնակիցների մեջ: Այստեղ Մոնեն գովասանքով է խոսում նրա աշխատանքների մասին: Մայիսին Վինսենթը մեկնում է Օվեր-սյուր-Ուազ, ուր պետք է հանդիպի եղբոր նոր ծանոթ բժիշկ Գաշեի հետ, որը պատրաստ է բուժել նրան: Օվերում նա նոր էներգիայով սկսում է աշխատել: Ընկերանում է բժիշկ Գաշեի հետ, ով գնահատում էր Վինսենթի արվեստը: Այս շրջանում ստեղծված նկարներում նկատվում են շփոփված մտքի անհավանական ջանքեր, Սան Ռեմոյում անցկացրած դժվարին տարիներին ծայրահեղություններից հետո ինչ-որ կանոնների ձգտում:

“Օվեր. անձրևից հետո”, 1890թ

Դա նորից իր զգացմունքները հանգիստ կառավարելու ու դրանք ներդաշնակորեն կտավին հանձնելու ցանկությունն է  (“Բժիշկ Գաշեի դիմանկարը”, “Օվերյան պատկերներ”):

“Բժիկ Պոլ Գաշե”, 1890թ.

Բայց վերջին 2 ամիսը նկարչին դժվարությամբ է հաջողվում մարել ներքին կոնֆլիկտը, որ ինչ-որ տեղ է քշում ու ճնշում նրան: Նրա գործերում սկսում է ճախրել անխուսափելի մահվան մռայլ նախանշանը:

Հուլիսին նրան խիստ անհանգստացնում է ընտանեկան վիճակը. Թեոն ֆինանսական ու առողջական խնդիրներ ունի, բացի այդ նա ամառը չի կարող անցկացնել իր հետ Օվերում ինչպես և խոստացել էր… Եվ ահա, ավարտելով բժիշկ Գաշեի դիմանկարը, հուլիսի 27-ին Վան Գոգը ուղևորվում է դաշտ` բաց երկնքի տակ աշխատելու: Հարցուփորձերից հետո Վան Գոգը խոստովանել է, որ կրակել է իրեն ատրճանակից (որը այդպես էլ չի գտնվել): 2 օր հետո` հուլիսի 29-ի գիշերը 37 տարեկան հասակում նա մահացավ:

Վան Գոգի անողոք արդարությունը փոխանցում է նրա վերջին ինքնանկարը, որ ավարտին է հասցրել ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ: Խելագառության կրկնվող նոպաներից ուժասպառ եղած, նկարիչն անխղճորեն զննում է իրեն ու պատկերում իր չարչքված հոգին, որ հուսահատ կռվում է իրեն շրջապատող սարսափների դեմ: Շուրթերն ամուր սեղմած են, աչքերը հիպնոզացնում են իրենց վճռականությամբ:

Վինսենթի կորուստը մեծ հարված էր եղբոր համար, որն ամբողջությամբ քայքայում է Թեոի առողջությունն ու հոգեկանը: 6 ամիս անց նա նույնպես մահացավ: Հուսահատության աստիճանը երևում է Վինսենթի մահից հետո մորը գրած նամակում. “Հնարավոր չի նկարագրել իմ վիշտը, ինչպես որ հնարավոր չի փարատել այն: Սա ցավ է, որ ձգվելու է, ու որից ես չեմ ազատվի քանի դեռ կենդանի եմ: Միակ մխիթարանքը` նա գտավ այն հանգիստը, որ փնտրում էր… Նրա համար կյանքը այնքան ծանր բեռ էր, բայց հիմա, ինչպես հաճախ լինում է, բոլորը գովում են նրա տաղանդը… Օ, մամա… Նա այնքան իմն էր, իմ սեփական եղբայրը…”

 

Պոլ Գոգեն

 

Ֆրանսիացի գեղանկարիչ (07.07.1848թ. Փարիզ – 08.05.1903թ.)

 

Պոլ Գոգենը պատկանում է գեղանկարիչների այն թվին, որոնց կյանքը այնքան սերտորեն է կապված իրենց ստեղծագործությունների հետ, որ վերջիններիս մեջ շատ բան հնարավոր չէ հասկանալ առանց անդրադառնալու կենսագրությանը: Եվ հակառակը, Գոգենի կյանքի ուղին ամբողջությամբ հասկանալու համար պետք իմանալ նրա ստեղծագործությունները, քանզի կենսագրությունը նրա ստեղծագործության մի մասն է:

Գոգենի և’ կյանքում, և’ ստեղծագործություններում ամեն ինչ անսովոր ճչացող է, խճճված, հակասական, վառ, գունեղ, ամեն ինչ հագեցած է սովորական իրերի, սահմանված նորմերի, հարթ ու խաղաղ գոյության դեմ բողոքի ոգով: Գոգենի փոփոխություններով լի կյանքը ապացուցում էր, որ նա խորապես հավատում էր այն ամենին, ինչ քարոզում էր:

Եվ այսպես, Էժեն Անրի Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848թ. հուլիսի 7-ին` հեղափոխական իրադարձությունների զարգացման ամենաթեժ պահին, երբ փողոցներում կատաղի, արյունոտ մարտեր էին գնում: Նրա հայր Պիեռ Գիլհելմ Կլովիս Գոգենը 1848թ. հեղափոխության մեջ մեծ դեր խաղացած հանրապետական “Նացիոնալ” թերթի խմբագիրներից էր: Ընտրություններից հետո` 1849թ., որոշելով, որ հայրենիքում մնալը վտանգավոր է, վերջինս ընտանիքի հետ լքեց Փարիզը` ուղևորվելով Պերու: Սակայն ճանապարհին Կլովիս Գոգենը հանկարծամահ է լինում: 7 ու կես տարեկան հասակում չնայած որ Գոգենը վերադառնում է Փարիզ, մանկության ամենավառ հիշողությունները կապված են Լիմայի հետ: 1855թ-ի վերջին Գոգենի մայրը` Ալինան երեխաների հետ տեղափոխվեց Օրլեան: “…Այստեղ վաղ հասակից ես սովորեցի ատել երկերեսանիությունը, կեղծավորությունը, մատնելը”,- հիշում է Գոգենը: 1860թ-ին ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, Գոգենը անցնում է ուսումնառության Լորիալի Փարիզյան գիշերօթիկում: Նրա փոքրաթիվ գրառումներից կարելի է եզրակացնել, որ դասերը նրան քիչ էին հետաքրքրում: Ապագա գեղանկարիչը տարված էր ծովով: Եվ 1865թ-ին, մոր կամքին հակառակ, ընդգրկվեց վաճառական նավատորմում, ուր ծառայեց 2 տարի: Այդ ընթացքում 2 անգամ եղել է Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում, ապա Քարդիֆֆի միջով լողացել է Չիլի ու Վայպարայսո: 1868թ-ին ծառայության անցնելով զինվորական նավատորմում, Գոգենը հիմնականում գտնվում էր հյուսիսային ծովերում` Նորվեգիայի ու Դանիայի ափերին: Ու թեև հարավի մասին հիշողությունները նրան անվերջ հետապնդում էին, ապա հյուսիսը նրա վրա տպավորություն չի գործել ու այդ մասին նա ոչ մի տեղ չի հիշատակել: 1871թ-ի ապրիլին` հագենալով ծովային 5 տարվա կյանքով և առաջին կարգի նավաստու դիպլոմ ստանալով, Գոգենը թողնում է նավն ու վերադառնում Փարիզ:

Առաջին քայլերը (1871 – 1885թթ.)

Գոգենի մայրը մահացավ 1867թ., այդպես էլ տղային չտեսնելով մահից առաջ: Նա չներեց տղայի` նավատորմում ծառայության անցնելը և ամբողջ ունեցվածքը գրանցեց աղջկա անունով, տղային բաժին հասավ գրքերը, նկարները, ընտանեկան նկարները, և նախապապից ժառանգություն մնացած կնիք-մատանին: Երեխաների խնամակալ նշանակվեց Գյուստավ Առոզան, ով Գոգենին օգնեց Բերտենի բանկում աշխատանքի անցնել: Խնամակալի բազմաթիվ կապերի և բիրժայի աշխարհում շուտ կողմնորոշվելու Գոգենի ունակության շնորհիվ արդեն 2 տարի անց նա բանկում առաջատար տեղերից մեկն էր զբաղեցնում: Ինչը ձգեց նրան դեպի գեղանկարչությունը… Միգուցե մոր տան պատերը զարդարող նկարները… Թե Գյուստավ Առոզան էր արվեստի մեծ գիտակ ու սիրահար… Նա ժամանակակից գեղանկարիչների գործերի մեծ հավաքածու ուներ` Դելակրուա, Կուրբե, Դոմյե, Կորո, Պիսսարո և այլն: Առոզայի տանը հաճախ էին հավաքվում  հայտնի և անհայտ` բայց հավատ ներշնչող նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ, գրողներ, լրագրողներ…  Առոզայի աղջիկը` Մարգարիտան, երիտասարդ տաղանդավոր նկարիչ էր: Գոգենի համար նոր կյանք է սկսվում: Ցերեկը նա շրջապատված է թվերով, թղթերով, հաշվարկներով: Նա ֆինանսիստ է: Երեկոյան բոլորից թաքուն նա նկարում է: Երկչոտ, առայժմ իր ուժերին անվստահ սկսնակ նկարիչ:

Պետք է փաստել, որ այս տաղանդը ուներ գենետիկ արմատներ: Պապը` Անրի Ֆրանսուա Շազալը շաը փորագրած դիմաքանդակների հեղինակ է: Նրա եղբայր Անրի Ֆրանսուա Անտուան Շազալը նույպես, բազմիցս ցուցադրել է իր աշխատանքները Սալոնում, նկարչություն դասավանդել, նրա տղան ևս գեղանկարիչ է: Գոգենը իր տատիկից (Ֆլորա Տրիստան) է ժառանգել ոչ միայն դիմագծային նմանություն, այլև բնավորության շատ գծեր: Ֆլորայի վճռորոշ բնավորությունը, համարձակ որոշումներ կայացնելու ունակությունը, ակնթարթորեն որևէ բանում ներգրավվելը, այս ամենը փոխանցվել է Գոգենին:  Նույնիսկ սերը ճամփորդությունների հանդեպ: Այսպիսով, իր ողջ ազատ ժամանակը Գոգենը նվիրաբերում է գեղարվեստի պարապմունքներին: Նա հեռանում է աշխարիկ կյանքից, ծիծաղում դրա վրա. այն արհեստական է, դատարկ, անհեթեթ… Նա հեռվանում է գործընկերներից, աշխատելով շփվել նրանց հետ միայն աշխատանքի շրջանակներում: Նա մտերմանում է ցածր ծառայողներից մեկի` Էմիլ Շուֆենեկերի (ով հետագայում դառնալու է Գոգենի կյանքի ընկերը և օգնելու ծանր պահերին) հետ, ում միակ կիրքը արվեստն էր: Կիրակի օրերին երկուսով հաճախում են Կալորիսի Ակադեմիա, գնում թանգարաններ: Ամեն շաբաթվա վերջում Գոգենը հանդիպում էր Մարգարիտայի հետ, միասին աշխատում էին բնանկարների վրա: Գիտելիքներ կուտակելու հետ մեկտեղ Գոգենը աճում էր որպես գեղանկարիչ: Ծնվում են նրա առաջին գործերը, որ դեռ լայն զանգվածի քննությանը հանձնված չեն:

1873թ-ի սկզբին Գոգենը ծանոթանում է երիտասարդ դանուհի Մետ Սոֆի Գադի հետ, ով արձակուրդներին եկել էր Ֆրանսիա և ամուսնանում է նրա հետ: Կինը ամուսնու զբաղմունքին նայում էր որպես ժամանցի անվնաս ձև: Երբ նրանց տանը հաճախ սկսում է հայտնվել հայտնի Կամիլ Պիսսարոն, ում Գոգենը իր ուսուցիչն է համարում, նա ողջունում է դա, կասկած չունենալով, թե ամուսնու հետաքրքրությունը դեպի արվեստը հետագայում ինչպես կազդի իր ճակատագրի վրա: Գոգենն ավելի է խորանում նկարի ու գույների ուսումնասիրությունների մեջ: Այդ տարիների նրա առաջին գործերը յուղաներկով թղթի վրա աշխատանքներն են. «Տունը լճի մոտ» (1871թ.) և «Տանձով ու խաղողով նատյուրմորտ» (1872թ.):

Գոգենների ընտանիքում տղա է ծնվում: Հայրը հաճախ էր նկարում որդուն` հնարավոր դիրքերից` մանրակրկիտ մշակելով ամեն դետալը:

Նա հարում էր իմպրեսիոնիստներին, մերժում ակադեմիական ավանդույթները: Նրանք պահանջում էին ուշադրությունը կենտրոնացնել մարդում ամենօրյա կյանքին, նրա շրջապատին և առաջնահերթ` պատկերի ճշմարտացիությանը: Նրանք դուրս են գալիս ատելյեից ու սկսում աշխատել բացօթյա` փորձելով հնարավորինս անմիջականորեն փոպանցել այն ինչ տեսնում են: Բացօթյա աշխատանքները հատուկ ուշադրություն արթնացրեցին արևի լույսի նկատմամբ: Նոր ընկալումը բերում է իմպրեսիոնիստների նոր, հավելյալ գույների օգտագործամը: 1875թ-ին, իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսից հետո նկարած “Խոտը Յենի կամրջի մոտ” (Լուվր, Փարիզ) մոտ է իմպրեսիոնիստական գործերին:

Շուտով Գոգենը սկսում է չբավարարվել միայն իր համար աշխատելով, և ուզում է ուժերը փորձել հանդիսատեսի վրա, համոզվել որ զուր չի տանջվում: 1876թ-ին իր նկարներից “Անտառե թավուտ Վիրուֆֆեում” ուղղարկում է Սալոն: Նկարը ընդունվեց, ցուցադրվեց և նույնիսկ արձագանքներ գտավ մամուլում: Բայց սա նրան քիչ է թվում, նա իր աշխատանքները ցուցադրում է «անկախ ստեղծագործողների խմբի» (պաշտոնապես իմպրեսիոնիստներն այդպես էին իրենց անվանում) ցուցահանդեսին: Վեցերորդ ցուցադրունը Գոգենին իսկական հաջողություն բերեց: Քննադատների ուշադրությունը հատկապես գրավեց պատկերված մերկ մարմինը (հայտնի Սուսաննա անունով), որը Գոգենը նկարել էր իրենց տնային ծառայող Ժուստինի նմանությամբ: Գոգենի ձգտումն ավելի է մեծանում… Նրա հետ հաշվի են նստում, նրա ուսուցիչ և առաջատար իմպրեսիոնիստ-գեղանկարիչ Պիսարոն հետևում է նրա խորհուրդներին:

Գոգենը երկընտրանքի առաջ է կանգնում. շարունակել բանկային կարիերան, ու լինել օտար, դուսպրծուկ ու ինչ-որ տեղ էլ մյուս նկարիչների մեջ լինել անցանկալի տարր կամ էլ ընդմիշտ կյանքը կապել արվեստի հետ` վերջնական ու անվերադարձ խզելով կապը անցյալ կյանքի հետ: Գոգենը ընտրում է վերջինը. 11 տարի բանկում ու բիրժայում աշխատելուց հետո նա թողնում է այն: Մի խոսքով 1883թ-ը շրջադարձային էր Գոգենի կյանքում: 1883թ-ը տնտեսական և էսթետիկական ճգնաժամի տարի էր: Իմպրեսիոնիստների միջև տարաձայնություններ են սկսվում: Նրանք գալիս էին այն եզրակացության, որ իրենք սպառել են իրենց գեղարվեստական հնարավորությունները:

Գոգենը և Պիսսարոն ժամանում են Ռուան, ուր նրան կյանքը ավելի էժան էր թվում ու հույս ուներ վաճառել իր աշխատանքներից: Այստեղ եղած ժամանակ Գոգենը ստեղծում է “Ներկապնակով ինքնանկարը”: Հետքաքրքիր է դիմանկարի դասավորությունը, ստեղծված ձեղահարկում մի տեղ, որի ճառագայթները լցրել են ոզջ հետին ֆոնը` թողնելով միայն նեղ տարածություն նկարչի և իր պատկերակալի համար: Կոմպոզիցայի միտումնավոր ոչ դասակարգվածությունը ընդգծելու համար, Գոգենը կտավից դուրս է թողել հայելին, որի մեջ նայում էր նկարելուց:

Սակայն որքան էլ մեծ էր Գոգենի հետաքրքրությունը արվեստի հանդեպ, ընտանեկան հոգսերը ներխուժում են իր կյանք: Մի քանի նկար է վաճառում իր հավաքածուից, որը դրությունը ժամանակավոր փրկում է:

1884թ. Դեկտեմբերին կնոջ հորդորով գնում է Կոպենհագեն` հուսալով աջակցություն ստանալ հարուստ բարեկամներից, որոնց ճնշման տակ սկսում է զբաղվել ձիու կաշվի կտավների վաճառքով: Նրա առևտրային գործունեությունը ավարտվում է մի բաժակ թեյով, որը նա լցնում է հերթական հաճախորդի գլխին:

1885թ. Մայիսին նա իր նկարները ներկայացնում է “Արվեստի ընկերների հասարակությունում”, բայց նրա նկարները միայն ցնցում են հասարակությանը, վիճահարույց դառնում ու բացասական արձագանքներ գտնում քննադատության մեջ:

Կորսվածության զգացումը, շուրջը կուտակված թշնամական մթնոլորտը հաղթահարելու անկարողությունը ավելի է խորանում կնոջ ու հարազատների վերաբերմունից:

“Ահա վեց ամիս է ես չեմ խոսում,- գրում է նա,- լրիվ մեկուսացած եմ, բնականաբար, ընտանիքի համար ես հրեշ եմ, որը փող չի վաստակում… ու կշտամբաքների եմ ենթարկվում… Բնականաբար գեղանկարչության կապակցությամբ, որի պատճառով ես հիմա հանրահայտ ֆինանսիստ չեմ…”

Բայց այս միջավայրը Գոգենին ստիպում է ավելի կենտրոնանալ արվեստի վրա: Մնալով ինքն իր հետ նա մի շարք տեսական հարցեր է մտածում:

«Իմ համար,- գրում է նա,- մեծ նկարիչը մեծ մտքի բանաձև է, որին հասնում են ուղեղի ամենաբարակ, հետևաբար և ամենաքիչ տեսանելի հաղորդագրությունները…»

1885թ. Վերցնելով 6-ամյա տղային` Կլովիսին, Գոգենը թողնում է ընտանիքն ու հեռանում Փարիզ, հետո` Մարտինիկի (1888թ.):

«Ես իմացա թե ինչ է իսկական աղքատությունը, այսպես ասած` սովը: Բայց դա դեռ ոչինչ է կամ գրեթե ոչինչ…. Սարսափելին աշխատանքի ու ինտելոկտուալ ունակությունների զարգացման խաթարումն է: Ճիշտ է, որ տանջանքները սրում են հանճարը, բայց այն պետք է չափազանց շատ լինի, այլապես այն սպանում է…»:

Փարիզում Գոգենը ինքնամփոփ է, խոժոռ, չարացած: Նա ապրում է սառը, դատարկ սենյակում, երեխան հիվանդ է, պարտքեր, հարազատներից օտարում: Գոգենը սկսում է պլակատներ փակցնելով զբաղվել, քանզի այլ աշխատանք չի գտնում:

Բայց դա չի խանգարում նրան մասնակցել Մեզոն Դյուրեում իմպրեսիոնիստների 8-րդ ցուցադրությանը (1886թ., մայիսի 15-ից հունիսի 15-ը) , որին նա ուղարկում է 19 նկար: Մեծ մասը Ռուանում և Կոպենհագենում արված գործերն էին, որ աննկատ չմնացին: Անթիվ բնապատկերների մեջ քննադատները գտան մի բան, որ առանձնացնում էր Գոգենին մյուս նկարիչներից:

«Պարոն Պոլ Գոգենի երանգները,-գրում է Ֆենեոնը,-միմիանցից քիչ են տարբերվում, այստեղից էլ գալիս է նրա նկարների խուլ ներդաշնակությունը: Դատարկ ծառերը հայտնվում են պարարտ և անմշակ հողից, լցնում պատկերը ու դուրս մղում օդը: Ծիկրակող աղյուսները մոտակայքում տուն են մատնանշում, թափթփված է հագուստը, ինչ-որ մռութներ առանձնացնում են թփերը` դրանք կովերն են: Տանիքների ու կենդանիների այս շեկ երանգը նկարիչը մշտապես հակադրում է իր կանաչ երանգին և կրկնում դրանք ջրերում, որ հոսում է պատնեշների ու գերաճած խոտերի միջով…»:

Փարիզի կյանքի չի համապատասխանում Գոգենի միջոցներին ու նա որդուն տալով մասնավոր գիշերօթիկ, մեկնում է Բրետանի փոքրիկ Պորտ Ավեն քաղաքի անօթևան, չքավոր նկարիչների ապաստան: «Այստեղ մեկ այլ իմպրեսիոնիստ կա Գոգեն անունով, ամրակազմ տղա է, 36 տարեկան, շատ լավ է նկարում»:

«Իմ գեղանկարչությունը շատ քննարկումների տեղիք է տալիս… ես շատ գծագրեր եմ անում ու դու դժվար թե ճանաչես իմ աշխատանքները»,-գրում է Գոգենը կնոջը: «Շառլ Լավալի դիմանկարով նատյուրմորտը» (1886թ.)  լրիվ անջատում է Գոգենի նախկին նմանակող կիսաաշակերտական վարքը: Կոմպոզիցիոն դասակարգման մեջ նկատվում է Դեգայից ազդեցությունը (« Քրիզանտեմով տիկինը») կամ Սեզանից` մրգերի պատկերներում: Բայց դժվար է գտնել Պիսսարոյից որևէ ազդեցություն: Սփռոցին դրված պտուղներից արդեն զգացվում է ապագա Գոգենը իր ընդհանրացված, ժլատ կատարողականով, իրեն հատուկ պարզության ու ոչ արհեստականության զգացումով:

1886թ-ին վերադառնալով Փարիզ` Գոգենը վերցնում է տղային գիշերօթիկից, սակայն հավանաբար Բրետանում ձեռք բերած ռեմատիզմը նրա ստիպում պարկել հիվանդանոց, որի վրա ծախսվում են վերջին միջոցները:

1887թ. ընկերոջը` նկարիչ Շառլ Լավալին համոզում է և միասին մեկնում են Պանամական պարանոց, որից հետո պլանավորում էին տեղափոխվել Մարտինիկայի կղզի: Գոգենը Պանամայի ջրանցքը փորող ընկերությունում բանվորի աշխատանք է գտնում: Վաստակած գումարը բավականացնում է կղզի տեղափոխվելու համար:

Գոգենը հիացած է… Հեքիաթային բնություն, գունեղ հագուստներով կանայք, նրանց արևահարված մաշկը… Բոլորովին ուրիշ աշխարհ, վառ գույներ: Տրոպիկական արևը այլ կերպ է լուսավորում իրերը, որոնց ստվերները չեն լղոզված չեն, հակառակը` որոշակի ձև ունեն: Այս շրջանի  ամենավառ աշխատանքներն են “Ագարակը Մարտինիկայում” (1887 թ.)  и цинкография «Мартиникская пастораль» (1889թ.): “Ես երբեք այսքան հստակ ու այսպիսի երևակայությամբ չեմ նկարել”,-գրում է Գոգենը: 1888թ. Մարտինիկայում ծնված գործերին դրական է արձագանքում Ֆենեոնը: “Նրա նեգրուհիները,-գրում է Վան Գոգը,- մեծ պոեզիայով են արված, ու նրա ձեռքվ արված ամեն ինչ փափուկ, պաթեթիկ, զարմանահրաշ գիծ ունի, դա դեռ չեն հասկանում…”

1887թ-ին նոյեմբերին Գոգենը նորից Փարիզում է` անօթևան, հիվանդ, տեղավորվում է Շուֆենեկերի մոտ: Այնուհետ վաճառված նկարների գումարով տեղափոխում Առլ` Պոնտ Ավեն (1888 թ.): Այստեղ հանդիպում է ծանոթի, սակայն բնավ ոչ հաճելի մթնոլորտում. նրանք հակառակ ճամբարներում էին` “իմպրեսիոնիստներ” և ավանդական ակադեմիական ուղղության ներկայացուցիչներ: Այս երկու խմբավորումների միջև բախումները չէին խանգարում Գոգենի աշխատանքին, այլ հակառակը` թուլյ տալիս պարզ տեսնել թե իր մեջ հենց որ գծերն են հակառակորդների մեջ բուռն ընդդիմություն արթնացնում: Նկարչի նպատակն էր փոխանցել այն ձևերն ու սիմվոլները, որոնք հանդիսատեսին թույլ կտային զգալ տեսանելի պատկերի ներքին իմաստը:

1888թ. սեպտեմբերի 16-ին տեղի կրոնական տոնից հետո Բեռնարը նկարել էր բրետոնացի կանանց տոնական հագուստով, Գոգենը այս նկարից ոգեշնչված ստեղծեց Տեսիլք քարոզից հետո կամ Հակոբի պայքարը հրեշտակի հետ, ուր համակցված են իրականը և երևակայականը: Նկարը զարմացնում է իր առանձնահատկությամբ: Կարծես ավանդական թեման կրոնն է, առաջին պլանում են պատկերված գյուղի քարոզչին լսող ազգային հագուստներով բրետոնուհիները հետևում են Հակոբի ու հրեշտակի կռվին: Առջևի խմբի սառը գույները կտրուկ հակադրության մեջ են ընդհանուր վառող կարմրի ֆոնին: Գույների ու ձևի այս լուծումը  Գոգենը անվանում է սինթեզիզմ:

Այդուհանդերձ նրա աշխատանքները տեսնում էր միայն նկարիչների նեղ շրջանակ: Ավելի ու ավելի խորը աղքատությունը կապում է նրան Բրետանի հետ, որտեղից հեռանալ չի կարող մինչև պարտքերը չմարի: Միայն Վան Գոգի համառ համոզմունքներին տեղի տալով ընդունում է նրա հրավերն ու գնում Առլ: Բայց Վան Գոգի հետ համատեղ կյանքը բնավ երջանիկ չէր: Ստեղծագործության վերաբերյալ մշտական վեճերը և 2 նկարիչների համատեղ աշխատանքը այնուամենայնիվ տվեց իր պտուղները` միաժամանակ 2-ի ստեղծած բնապատկերների շարք: Նկարեց “Առլյան սրճարանը”, “Առլի ծեր կույսերը”…

Թաիթի (1891-1893 թթ.)

 

"Կինը` պտուղը ձեռքին” 1893թ.

“… Քաղաքակրթությունը հետզհետե հեռանում է ինձնից: Ես սկսում եմ պարզ մտածել, քիչ ատելություն եմ տածում հարազատներիս նկատմամբ, ավելին` ես սկսում եմ սիրել նրանց…”:

Այստեղ եղած ժամանակահատվածը ամենապտղաբերն էր Գոգենի արվեստում:

"Հրաշալի աղբյուր” 1894թ. Էրմիտաժ

Նա ստեղծում է նկարներ ու քանդակներ, գրում “Նոա-Նոա” վերնագրով ինքնակենսագրականը, փնտրում նորանոր հնարքներ` Պոլինեզիայի կոլորիտը փոխանցելու համար: Վառ ու մաքուր գույների կիրառումը արևի լուսավորության տպավորություն է թողնում նույնիսկ այնտեղ ուր երկինքը բացակայում է: Կիսամերկ ոսկեգույն մաշկով մաորիները պատկերված են բնական հանգիստ կեցվածքով (“Երկու թաիթյան կանայք”, 1892թ., “Իսկ դու չէ՞ս խանդում”, 1892թ., “Կինը` պտուղը ձեռքին” կամ “Ո՞ւր ես գնում”, 1893թ.,): Պարզեցումն ու ոճավորումը առաջացնում են կամայական դեկորատիվ մոտիվներ (“Հրաշալի աղբյուր (Քաղցր երազներ)” 1894թ.,):

 

"Որտեղի՞ց ենք, ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում” 1897թ. Բոստոն

Բնության հետ աշխատելով Գոգենը փորձում է գտնել այն ինչ հատուկ է իր համար նոր աշխարհին:

Միամիտ արվեստի ձգտումը` դեպի պարզություն, վառ ու գույնզգույն երանգների հակադրություն, հիմք են գտնում այստեղ` Թաիթիում: Մոնֆրեյդը գրել է. “… Ահա այն լեգենդար նկարիչը, որ Օկեանիայից ուղարկում է կորած աշխարհի մասին իր անկրկնելի ու ապշեցնող ստեղծագործությունները… Դուք արդեն մտել եք արվեստի պատմության մեջ…”:

1903թ. մայիսի 8-ին` ֆիզիկական ու հոգեկան տանջալի մի քանի օրերից հետո, մահացավ Գոգենը: Նկարչի տուն եկած բնիկները նրա մարմնի մոտ ասել են. “Գոգենը մահացավ, մենք կորած ենք”:

Գոգենի բոլոր ստեղծագործությունների տարբերակիչ գիծը նրա ձգտումն էր` դուրս գալ աշխարհընկալման սահմաններից, որի հիմքում ձևավորվեց եվրոպական արվեստը:

 

Օգտագործած գրականության ցանկ

1.        Р. Мерфи. “Мир Сезанна”. 1998

2.        Анри Перрюшо, «Жизнь замечательных людей: Сезанн», Москва; 1966

3.        http://www.museum-online.ru

4.        http://www.centre.smr.ru

5.        http://bibliotekar.ru

6.        http://ru.wikipedia.org

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

28 Responses to Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչներ. Պոլ Սեզան, Վինսենթ Վան Գոգ, Պոլ Գոգեն

  1. Satenikասում է՝

    ahahaahah, էս խի ես դրել???

  2. Satenikասում է՝

    es xi es drel???ahahhah

    • anulikkասում է՝

      Պատրաստի ռեֆերատա էլի,😀 ինձ ինչքանով հնարավոր էր պետք եկավ… մեկ էլ տեսար ուրիշներին էլ օգտեց😛

      • Նարինեասում է՝

        Շնորհակալություն հագեցած աշխատանք է և էլ ավելի նրբանկատ որոշում կայքում թողնելու ,անչափ գնհատում եմ արված աշխատանքը , որը կարծւմ եմ ոչ պակաս գնհատական ե Ձեզ համար քան կլիներ դասախոսինը

      • anulikkասում է՝

        Շնորհակալ եմ Նարինե ջան🙂

      • Արմանասում է՝

        Շատ շնորհակալ եմ, անչափ օգտակար էր: Առավել էր, քան ուղղակի պետք գալը🙂

  3. Goharասում է՝

    Iravaci es, gwuce meky kogtvi u jamanaky kxnayi, isk dasaxosd chisht chi varvel…

  4. Goharասում է՝

    apres, hrashali referat e.

  5. Unrealասում է՝

    Ռեֆերատներ գրելու և ներկայացնելու կարիք վաղուց արդեն չունեմ, բայց կարող եք վստահ լինել, որ ամբողջությամբ և մեծ հաճույքով կարդացի նյութը: Ափսոսում եմ միայն, որ հավանաբար այլևս նման հանձնարարություն չեք ունենա, այլապես մեծ հետաքրքրությամբ կընթերցեի նաև ,,Սուռեալիզմի մասին,, Ձեր մեկնաբանությունները:

  6. ARPINEասում է՝

    shnorhakalutyun nyuti hamar… hima shat qich qanakutyamb mardik en texyak haytni nkarichneric, nuynisk anunner@ chgiten…
    Es zbxvum em nkarchutyamb, asem avelin sovorum em Telemezyanum

    • anulikkասում է՝

      Ես եմ շնորհակալ Արփինե ջան🙂 շատ հաճելի մասնագիտություն ունես, իսկ նշածդ մարդիկ, որ նույնիսկ անունները չգիտեն, հաստատ շատ բան են կորցրել, էտ հետո կհասկանան… բայց դե ուշ կլինի🙂

  7. Shushanասում է՝

    Վան Գոգի համար խենթանում եմմմմմմ:

  8. Elenaասում է՝

    shat apres…inc petq ekav…arvestaban es??

  9. Elenaասում է՝

    ha de lava,vor sirum es..es el arvestaban em u shat hetaqrqira…es el poqr zhamanak ei uzum zhurnalist darnayi..en el….vonc erevuma chdara)))))))))

    • anulikkասում է՝

      դե երբեք էլ ուշ չի նոր բան սկսելու😀 իսկ արվեստագանի աշխատանքը հաստատ պակաս հետաքրքիր չի, չէ ?🙂

  10. diannaասում է՝

    mersi

  11. Margarit Goharyanասում է՝

    Shat shnorhakalutyun Anush jan hetaqrqrutyamb kardaci , u mec bavakanutyun zgaci.
    De dasaxosin el e haskanal petq , ete chpetqe gnahater, el inchu kardar, hatkapes vor amen or bazmativ gorcer e kardum i pashtone . Ardyunqum menq ogtvecinq . Krkin angam SHNORHAKALUTYUN.

  12. Margarit Goharyanասում է՝

    Nkarchutyn sosndzov , karcum em khetaqrqri

    http://www.snotr.com/video/2925

  13. Zara Maloyanասում է՝

    Ապրես, ես ել եմ դասածոս, քեզ 5 եմ նշանակում: Հիմա ին ուսանողները այս ռեֆերատը ինձ են հանձնում իրենց անունով: Լավ ա, որ գտա

  14. Lauraասում է՝

    Դուք իրավացի էիք, ինձ էլ օգտակար եղավ: Ես երբեք իմ երկու շաբաթների տանջանքը չէի հրապարակի: Շնորհակալություն:🙂

  15. Tehmineասում է՝

    Anchap shnorhakal em dzezanic!!!!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: