Ռոբի Իառլոն

Մի պուճուրիկ նախաբան անեմ :))))
Ուրեմն… ես պատմվածքիկը սկսել եմ 10 տարեկանում, 6-րդ դասարան էի: Պատմությանս ուսուցչուհին` ընկեր Արղուշյանը չգիտեմ ինչի պատմում էր Շեքսպիրի “Համլետ”-ը: Ու մի պահ զգացի անջատվել… ընկել եմ մտքերիս գիրկը… Ընկեր Արղուշյանին վաղուց արդեն չէի լսում… մի խոսքով ոգեշնչվեցի ու տուն հասնելուն պես` դասերս թողած, նստեցի սկսեցի շարադրել: Միայն թե մուսաս շուտ-շուտ գործի կեսին ինձ լքելու սովորություն ունի: Վերջին մասը մի տարի ընդմիջումից հետո եմ գրել` 2002-ին: Մեկ էլ ասեմ` գրեթե բոլոր անունները հորինել եմ, չզարմանաք😀

********************************************************************

Մաս 1-ին

Տարիներ առաջ ամայի մի վայրում հսկա ժայռ կար, որի վրա շատերն էին փորձում բարձրանալ, բայց չէին կարողանում, գլորվելով ընկնում էին անդունդն ու անհետ կորում: Այդ պատճառով ժայռն անվանում էին Քորդագոլ: Մի անգամ այս հսկայից մի մեե~եծ ժայռաբեկոր է պոկվում ու ծածկում կողքի ոչ պակաս հսկայական փոսը: Իրականում փոսը գաղտնիք ուներ… այն լի էր նավթով, ինչը այդ ժամանակ մեծ պահանջարկ ուներ…

Անցել էր մի քանի տարի, երբ այստեղ է տեղափոխվում Իառլոնների ընտանիքը ու իրենց տնակը կառուցում հենց նախկին փոսի վրա: Իառլոնները շատ աղքատ էին: Մի տարի էր, արդեն հարմարվել էին իրենց նոր բնակավայրին: Տեղն ամայի էր, չկային հարևաններ: Տնակին կից հողը փխրեցրել, այգի էին սարքել, մի կերպ գոյատևում էին… Աշխատանք ուներ միայն հայր Իառլոնը` Քոդռեդը: Ամեն առավոտ, երբ նա դուրս էր գալիս տանից, տիկին Իառլոնը` Ժաննան, սովորականի պես արթնացնում էր մինուճար տղային` Ռոբիին, և ուղարկում այգին մշակելու, որից հետո վերջինիս էին սպասում տան գործերը: Զարմանալի կին էր Ժաննան… Անբացատրելի չարություն կար նրա մեջ հարազատների նկատմամբ: Միշտ կարծում էր, որ ինքը ծնվել է լավ պայմանների համար ու ներկա վատ կյանքի մեջ մեղադրում էր ամուսնուն ու 10-ամյա որդուն: Ռոբին շատ աշխատասեր էր, սիրում էր այգին, բայց չէր սիրում, երբ պարտադրում էին… ախր դրա կարիքը չկար` մտածում էր նա: Ռոբիի գլխում շատ հետաքրքիր մտքեր կային, որ դեռ պետք է նա կյանքի կոչեր: Բոլոր այդ մտքերը դասավորված էին հերթականությամբ` ամենքը սպասում էր իր հերթին: Հիմա հերթը ջրհորինն էր, որի շինարարությունը նա արդեն սկսել էր: Ահա մի առավոտ, ջրհորը խորացնելու ժամանակ Ռոբին նկատեց, որ հողը այդ խորության վրա շատ տարօրինակ է, փափուկ… Ավելի եռանդուն սկսեց փորել` արդեն աշխատելով միայն ուղղահայաց խորությամբ փորել: Հանկարծ բահը ամբողջությամբ խրվեց հողի մեջ. անակնկալի գալով Ռոբին վայր ընկավ: Բարձրանալով` թափ տվեց շորերն ու մեծ դժվարությամբ` քաշքշելով, մի կերպ հողից դուրս հանեց իր բոյի բահը, որի հետևից շատրվանի պես հողից ժայթքեց սև զանգված… Իհարկե Ռոբին գիտեր, թե դա ինչ է… սև ոսկի… նա շատ լավ գիտեր, որ մի շիշ այդ հեղուկով կարող էին անհոգ ապրել երկար ժամանակ… իսկ այդտեղ եղած նավթը կլցներ մի շիշ էլ, երկուսն էլ… հինգն էլ… 10ն էլ… Ռոբին ավել չէր էլ կարող պատկերացնել:

-Մայրի~~~կ, մայրիիիիկ,- տուն վազելով ուրախ կանչեց նա,- մայրիկ նավթ եմ գտել… մեր այգում շաաա~տ նավթ կա…

Ժաննան դժվարանում էր հավատալ, կարծում էր տղան կատակ է անում, մինչև սեփական աչքերով չտեսավ: Իառլոնների հետ նույն տանն էր ապրում նաև Ժաննայի քույրը` Գրիելլա Բալոննան: Նա Ժաննայի ոչ միայն աջ ձեռքն էր, ալյև ականջներն ու աչքերը: Ու չնայած սեփական քրոջ տանն ապրում էր ծառայի կարգավիճակով, կարծես շատ գոհ էր իր կյանքից:

-Գրիելլա, շտապիր, կանչիր Քոդրեդին: Չասես ինչ է եղել, պարզապես ասա` շատ կարևոր բան պիտի ասեմ…,- ապա անցավ իր մշտական գործին` հայելին ձեռքը վերցնելով սկսեց իրենով հիանալ: Ռոբին մորից չէր հեռանում, ցանկանում էր գովեստի խոսքեր լսել, այնքան երջանիկ էր…

-Լսի,- կտրուկ դիմեց նրան Ժաննան,- մտքովդ հանկարծ չանցնի հորդ ասել, որ նավթը դու ես գտել…

Ռոբին շատ էր ուզում երջանկությունը կիսել հոր հետ, պատմել նաև ջրհորի մասին, որը անակնկալ էր լինելու… բայց մոր խոսքերը միանգամից փշրեցին նրա կարճատև երջանկությունը: Ինչ կարող էր անել, սովոր էր ենթարկվել մոր ամեն քմահաճույքին ու կատարել անհեթեթ հրամանները: Քոդռեդը վերադարձավ բավականին բարկացած: Նա չէր պատկերացնում, թե ինչ պիտի կինն ասեր իրեն, որ աշխատանքի կեսից տուն կանչեց…

-Ժաննա, այդ ի՞նչ կարևոր բան կա: Գիտես որ բացակայության պատճառով օրվա հացի փողը չենք ստանա: Դե խոսիր, ես քեզ լսում եմ:

-Սիրելիս… ինչո՞ւ ես կոպտում: Ես էտ ամենը շատ լավ գիտեմ, եթե կարևոր չլիներ նորությունս, ետ չէի կանչի: Նստիր: Ես քեզ մի բան պետք է խոստովանեմ, որ այսքան տարի սրտիս քարի պես ծանրացել է, խոստացիր, որ կներես…

-Ինչ հիմար բաներ ես ասում,- Քոդռեդը սկսեց ավելի բարկանալ:

-Ասա որ խոստանում ես… ես էլ քեզ եմ խոստանում, որ ասօրվանից ամենինչ շատ լավ է լինելու, այսօրվանից ամեն ինչ փոխվելու է… Միայն խնդրում եմ ներիր ինձ… ,- պետք է ասեմ, որ Ժաննան դերասանական լավ տաղանդ ուներ ու նաև լիքը կոկորդիլոսի արցունքների պաշար:

-Չեմ հասկանում, կարգին բան ասա էլի:

-Քոդռեդ, սիրելիս… ,-ավելի առատ արցունքների միջից շարունակեց Ժաննան,- հիշում ես, երբ նոր էինք ամուսնացել, քեզ գործուղման էին ուղարկել, մեր փոքրիկն էլ մի քանի ամսեկան էր… քեզ երբեք չեմ ասել… ասա, որ ինչ էլ լինի, մեկ է` մենք մի ընտանիք ենք…,- իսկ Քոդռեդը ատամներն էր արդեն կրճտացնում,- ես տարել էի մեր փոքրիկին անտառ ման տալու, լավ եղանակ էր… չգիտեմ թե ոնց քնել էի, երբ արթնացա, մեր որդին չկար… մինչև մութն ընկնելը ման եկա` անարդյունք:

-Ինչե՞ր ես խոսում…

-Ամեն օր ես գնում էի նույն տեղը, բայց մեր Ռոբիի հետքն էլ չկար… անքուն օրեր էի անցկացնում, երբ մի օր Գրիելլան տուն բերեց բարուր երեխայի. տղայի: Նրան աստված էր ուղարկել Քոդռեդ, աստված էր ուղարկել մեզ համար: Ես որոշեցի, որ մեր տղայի պես կսիրեմ նրան ու անունը Ռոբի կնքեցի: Երբ եկար քեզ վախեցա պատմել…

Քոդռեդը տեղից վեր թռավ… բերանը բացում էր, բայց բառերը դուրս չէին գալիս: Զայրույթից կարմրել էր:

-Ինչո՞ւ մինչև հիմա ինձ ոչինչ չէիր ասում… ախր… Ռոբին… մեր Ռոբին…

-Ռոբին ոչինչ չգիտի… խեղճ երեխան… իսկական մայրը նրան լքել էր… Քոդռեդ հիմա նա մեր որդին է: Պետք չի նրան պատմել այդ մասին:

Քոդռեդը նորից կորցրել էր խոսելու ունակությունը: Նստել, գլուխն առել էր ափի մեջ, մեկ-մեկ թափահարում էր: Ռոբին, որ մինչ այդ դռան հետևում կանգնած լսում էր ծնողների խոսակցությունը, հուզվեց ու փախավ այգի, որտեղ մենակ էր, ու հանգիստ կարող էր արտասվել: Ժաննան իրականում այս ամենը հորինեց… Քոդռեդի գործուղման եղած ժամանակ ոչ մի նման բան էլ չէր եղել… Իսկ թե ինչու էր ստում տիկինը, միայն ինքն ու իր չար հոգին գիտեին, երևի միակ ուրախությունը քաղում էր ուրիշի տխրությունից:

-Այսօրվանից ամեն ինչ կփոխվի… մենք էլ աղքատ չենք, լսում ես,- նստելով ամուսնու կողքին սկսեց նրա մազերի հետ խաղալ Ժաննան: — Մենք էլ աղքատ չենք.. դու էլ ստիպված չես աշխատել առավոտից իրիկուն…

Քոդռեդը լուռ էր: Կարծես չէր լսում կնոջը: Նրա խոսքերը բավականին ուշացումով տեղ հասան:

-Աղքատ չե՞նք, էտ ո՞նց:

Ժպիտը փայլեց Ժաննայի դեմքին.

-Այսօր սովորականի պես գնալուցդ հետո, դուրս եկա այգին փխրեցնեմ, մշակեմ… ու պատկերացնո՞ւմ ես, նավթ գտա: Այգու տակը լիքն է նավթով…,- Ժաննայի աչքերը շողում էին ու խաղում իրենց բնում: Քոդռեդի դեմքը իսկույն բացվեց, խոժոռությունը չքացավ.

-Ախր~~,- ու ինչպես հատուկ է իրեն, անակնկալի գալուց բառեր չէր գտնում,- դու~~…. մե~նք… մենք արքայական կյանքով ենք ապրելու…,- վերջապես ուրախությունը դուրս ժայթքեց Քոդռեդից: Վազեց այգի, գրկեց տղային ու խենթի պես սկսեց պտտել, հետո դրեց գետնին ու ճակատը համբուրեց: Ռոբին զարմացած էր, իրեն թվում էր` մոր խոսքերից հետո հայրն իրեն էլ չի սիրելու, մտածում էր` ինչպես է շարունակելու ապրել այդտեղ, նայել ծնողների աչքերին… բայց հոր վարակիչ ուրախությունը մոռացնել տվեց նրա հիմար մտքերը:

-Տղաս, վերջ այս աղքատությանը, վերջապես մենք կապրենք իսկական կյանքով… էլ ստիպված չենք լինի աշխատել մինչև մութ` մի կտոր հացի համար… վերջապես դու կկարողանաս գնալ դպրոց…

Վերջին խոսքերից Ռոբին երջանկացավ, մի՞թե կիրականա իր երազանքը… միանգամից գլխով անցան գիրք-տետրերով իր “ընկերները”, որ ամեն անգամ ծաղրում էին նրան` անգրագետ անվանում: Հիմա ինքն էլ նրանց պես կլինի… մի՞թե..

Ու ինչպես ամպերը հանկարծակի արևն են փակում, էտպես հանկարծակի այգի մտավ Ժաննան: Քոդռեդը վեր թռավ, փաթաթվեց կնոջն ու համբուրեց.

-Սիրելիս, իմ Ժաննա, այս ամենը քո շնորհիվ է…,- ու նորից համբուրեց: Այս խոսքերի վրա Ռոբին ուզում էր գոռալ, որ ինքն է գտել… որ ինքն է ամեն օր այգին մշակել… որ շուտով փոքրիկ անակնկալ պետք է աներ… ջրհորը… որը  դեռ առավոտյան շատ մեծ բան էր Ռոբիի համար, իսկ հիմա այնքան էր պուճուրացել, որ չէր էլ երևում նրա աչքին: Նորից մռայլվեց, վազեց տուն` մեկնվեց իր անկողնուն ու սկսեց հեկեկալ: Քոդռեդն իհարկե զարմացավ տղայի պահվածքից ու շտապեց պարզելու թե ինչ է եղել: Ժաննան էլ ստվերի նման հետևում էր ամուսնուն, կամ ավելի շուտ չէր ուզում մենակ թողնել հայր  ու տղային:

-Ռոբի, քեզ ի՞նչ եղավ:

-Հայրիկ, նավթը…,- արցունքները սրբելով ուզում էր շարունակել, երբ հոր մեջքի հետևում տեսավ կանգնած մորն ու լռեց:

-Ուրախության արցունքներ են Քոդռեդ, բանի տեղ մի դիր,- ասաց Ժաննան ու հայացքով սաստեց որդուն: Ռոբին նորից մտաբերեց ծնողների խոսակցությունը, ու ինքն իրեն որոշեց, որ նավթը փոխհատուցում էր իր ընտանիքին` իրեն ընդունելու համար: Ու որոշեց համակերպվել եղածի հետ:

Հաջորդ օրը նոր կյանքը սկսվեց: Քոդռեդը ամեն օր նավթ էր վաճառում. սկզբում քիչ-քիչ, աչք չծակելու համար: Մեկ-մեկ առևտրի իր հետ տանում էր Ռոբիին, երբ վերջինս դասերը վերջացրած էր լինում: Իսկ Ռոբին միշտ ձգտում էր ժամանակին ամեն ինչ ավարտին հասցնել` հոր հետ գնալու համար: Ինչպես դպրոցում, էնպես էլ առևտրի ժամանակ նա շատ բան էր սովորում, ծանոթանում էր նոր մարդկանց հետ ու հատկապես, երբ նոր ծանոթները հաջորդ հանդիպմանը մտաբերում էին նրա անունն ու հարցնում որպիսությունը, նա իրեն շատ լավ էր զգում:

Էսպես ութ տարի Իառլոնների ընտանիքը համերաշխորեն աշխատում, մեծ գումարներ է կուտակում: Փոքրիկ խրճիթի տեղը արդեն մի քանի հարկանի առանձնատուն էր: Շրջապատում Իառլոնները մեծ դիրք էին զբաղեցնում, նրանց տվել էին “նավթի արքա” անունը: Բոլորը ձգտում էին բարեկամանալ նրանց հետ:

***

Իառլոնների տանը տոնախմբություն էր: Լրանում էր Ռոբիի 18 տարին: Տանը լիքը հյուրեր էին, որոնց կեսից ավելին Ռոբին չէր էլ ճանաչում: Նա չէր սիրում մեծ խնջույքներ, ավելի կնախընտրեր հարազատներով փոքրիկ հավաքույթը… բայց Ժաննան այսպես էր որոշել, իսկ ո՞վ նրան կհամարձակվեր հակաճառել… Ռոբին տխուր էր, նա այլևս չէր կարողանում ներսում պահել կուտակվածը: Իսկ գաղտնիքը կրծում էր նրան ներսից, 8 տարի է այրվում է ամեն ինչ պատմելու ցանկությունից: Հյուրերի աչքին քիչ էր երևում, խուսափում էր ծանոթ-անծանոթ դեմքերից, հատկապես ծանոթներից: Չէր ուզում խոսել որևէ մեկի հետ, որովհետև պարտադիր հետաքրքրվելու են ինչու չի ուրախանում, մռայլ դեմքով ման է գալիս, իսկ ինքը տրամադրությունը թաքցնել չէր կարողանում, առավել ևս մոր նման դերեր խաղալ ու աջ ու ձախ երջանիկ ժպտալ… չէ, ավելի շուտ լայն բացած բերանով ծիծաղել` հյուրերին նոր ատամնաշարը ցուցադրելու համար: Հյուրերի մեջ էին նրա 2 հորեղբայրները` Ասկրեդն ու Գոնկռետը, վերջինս իր երկու տղաներով, քեռի Սոկրետ Ժանտյուսը իր 16-ամյա աղջկա` Ռոզալինայի հետ: Ներկա էին և մորաքույրները, որ Ժաննայի կողքից տեղ չէին գնում… սարսափելի էր պատկերացնել նույն մարդուն մի քանի օրինակից մի տեղում, այդ կույտից պետք էր հնարավորինս հեռու մնալ` մտածում էր Ռոբին: Սեղանի շուրջ հորը միայնակ` առանց մոր հսկողության գտնելով, մոտեցավ.

-Հայրիկ ուզում եմ խոսել քեզ հետ, արի առանձնանանք…

Ռոբին չէր նկատել, որ մոտակայքում շրջում էին մոր “ականջները”. Գրիելլան իսկույն տեղ հասցրեց Ռոբիի երկու բառը:

-Ինչ ունեք գաղտնի փսփսալու, հյուրերին հո մենակ ինձ չեք թողնի… Ռոբի էստեղ ասա…

-Հանգստացիր Ժաննա, 2 րոպե կարծում եմ կկարողանաս ամեն ինչ վերահսկել,- քմծիծաղով նրան ընդմիջեց Քոդռեդը,- տղամարդկանց խոսակցությանը մի խառնվիր: Գնանք տղաս:

Նման արձագանքի Ժաննան չէր սպասում… նա կորցնում էր Քոդռեդի վրա իր հսկողությունը, դա չէր կարելի թույլ տար…

-Հայրիկ,- մտնելով խոհանոց սկսեց Ռոբին,- այս անարդարությունը էլ չեմ կարող հանդուրժել… այդ ես եմ նավթը գտել, այդ ես էի ամեն օր մշակում այգին… ջրհոր էի կառուցում, քեզ անակնկալ էի ուզում անել, հենց էտ ժամանակ էլ գտա նավթը… բայց մայրիկը… ,- էլ չշարունակեց, Քոդռեդը լուռ էր… տարիների փորձի հետ, բառեր չգտնելու ժամանակ կմկմոցը սովորել էր փոխարինել խորհրդավոր լռությամբ…  հետո ինչ-որ բան սկսեց մրթմրթալ քթի տակ:

-էս մասին խնջույքի ավարտին կխոսենք,- կոտրված ձայնով բարձրաձայնեց Քոդռեդը,- հիմա վերադառնանք հյուրերի մոտ, անհարմար է…

Ռոբին լուռ գլխով արեց, ու երկուսով քայլեցին դեպի սրահ: Դուռը բաց էր, ճանապարհը բաժանված էր միայն վարագույրով: Երբ Ռոբին ձեռքը տարավ վարագույրը քաշելու, լսեց մոր ձայնը.

-Գրիելլա, մի բան էն չի, անհանգիստ եմ, իսկ եթե Ռոբին ամեն ինչ պատմի՞: Քոդռեդը նրան շատ է սիրում, նույնիսկ հեքիաթս այն մասին, որ Ռոբին նրա որդին չէ, չփոխեց վերաբերմունքը նրա հանդեպ…

Հայր և որդի զարմացած հայացքները իրար հառեցին, երկուսն էլ իրարից թաքուն համոզված էին, որ արյունակցական կապ չունեն, մինչդեռ պարզվում է դա Ժաննայի հերթական ստերից էր: Երկուսն էլ ուզում էին գրկել իրար ու մի լավ ուրախանալ:

-Ես մինչև խնջույքի ավարտը չեմ համբերի….,- բարկացած խոսեց Քոդռեդն ու վարագույրը մի կողմ տալով բռնեց Ժաննայի ձեռքից ու ներս քաշեց խոհանոց: Վերջինս սարսափեց` հասկանալով, որ ամեն ինչ ամուսինը լսել է: Գլխում պտտվում էր մի միտք. “Նոր պլան, նոր պլան”… Բայց ոչինչ չէր կարողանում մտածել:

-Դու’..

-Սիրելիս, ինչո՞ւ ես բարկանում, հիմա դրա ժամանակը չի, հյուրերը մեզ են սպասում:

-Հերիք է բլբլաս: Ես ամեն ինչ լսեցի, ո՞նց կարող էիր… դու օձ ես, այսքան տարի թունավորել ես մեր կյանքը:

-Ախր… Քոդռեդ…

-Լռի’ր: -ամբողջ ընթացքում Քոդռեդը բռնած կնոջ արմունկից թափ էր տալիս կատաղությունից, վերջապես հրեց, Ժաննան թափից ընկավ,- Դու մեր կյանքում էլ տեղ չունես: Հենց հիմա հավաքիր իրերդ, որ միակ արժեքավոր բանն են քո համար, ու հեռացիր իմ տնից!

Քոդռեդը լրիվ կարմրել էր, մի կերպ իրեն զսպելով` արագ քայլերով դուրս եկավ խոհանոցից, Ռոբին վազեց նրա հետևից: Ամենին վարագույրների ճեղքից հետևում էր Գրիելլան: Երբ հայր ու տղա հեռացան, Գրիելլան մոտեցավ քրոջը: Նա առաջին անգամ էր Ժաննային լացելիս տեսնում: Օգնեց բարձրանա:

-Գրիելլա, հավատս չի գալիս, նա ամեն ինչ իմացավ… ինձ դուրս է շպրտում: Ի՞նչպես ենք մենք ապրելու… որտե՞ղ… Գրիելլա մի բան ասա, հիմարի պես կանգնել ես, գիտես, որ ինձ դուրս հանեց, քեզ պահելո՞ւ է… Մի բան է պետք մտածել…

-Դե քո իրերը գոնե կարող ես վերցնել, մի մասը կվաճառենք… բավականին ժամանակ հերիք կանի… ,- կամուկաց արտաբերեց Գրիալլան գլխում ծնված միակ միտքը` քաջ գիտենալով, որ դրանից Ժաննան կատաղելու է:

-Հի’մար ես:

Տիրեց կարճատև լռություն.

-Հիշո՞ւմ ես ինպես մահացավ Բանկլյոռը:

-Առաջին ամուսի՞նդ, նրան թույնել էին…

-Ապրես,- չարախինդ ժպիտը փայլեց Ժաննայի դեմքին,- ես այդ թույնը շատ պինդ եմ պահել: Գիտես որտեղ է, շտապիր, բե’ր,- քրոջ ուսին տմտմպացնելով` ձեռքերը սկսեց շփել. պլան էր հասունանում…,- իսկ ես հիմա սուրճ կպատրաստեմ բոլորի համար…

Ռոբին ու Քոդռեդը իրարից հեռու չէին գնում, կարծես երկար ժամանակ տեսած չլինեին, հիմա նոր գտել էին իրար: Բոլորը տեղավորվեցին սեղանների մոտ, սուրճի ժամն էր… Գրիելլան մեծ սկուտեղով բոլորին մոտենում, սուրճ էր հյուրասիրում:

-Ռոբի դու ինչպես միշտ չե՞ս խմում,- Ռոբին գլուխը թափահարեց, Գրիելլան առանց հարցնելու` մեծ սուրճի բաժակը դրեց Քոդռեդի առջև. “Խնդրեմ”… ու շարունակեց:  Քոդռեդը սիրում էր տաք սուրճ, անմիջապես առաջին կումն արեց “ուխա~յ”-ով ու շրջվեց դեպի կողքին նստած եղբայրը.

-Ասկրեդ, անպայման թխվածքաբլիթով փորձիր, շատ համեղ է,- ձգվեց մեկը վերցնելու, երբ տեղում սառեց, մի կերպ նորից նստեց աթոռին, ձեռքերը տարավ դեպի կոկորդը. դժվարությամբ էր շնչում: Տարօրինակ վարքագիծը գրավեց Ռոբիի ուշադրությունը.

-Հայրի՞կ:

-Ժաննաա~~,- խզված, հազիվ լսելի ձայնով ասաց Քոդռեդը:

-Մայրիիիիկ,- բարձր բղավեց Ռոբին` չհեռանալով հոր կողքից: Բոլորի ուշադրությունը սևեռվել էր Քոդռեդի վրա: Ժաննան վազելով մոտեցավ.

-Քոդռե՞դ, սիրելիս… ինչ է կատարվում… օգնեցեե~ք…

Քոդռեդը ցուցամատը բարձրացնելու ճիգեր արեց, բայց տեղում քարացավ` լայն բացված աչքերով: Վայրկյաններ անց լռության միջից լսվեց Ռոբիի հեկեկոցը:

Մաս 2-րդ

Անցել էր երկու օր: Քոդռեդին թաղեցին: Հողարկավորությանը եկել էին բոլոր բարեկամները: Ռոբին հայացքով մորն էր փնտրում. Ժաննան չկար, չէր երևում նաև քեռին: Անհանգիստ քայլում էր, մի ծերունու մոտով անցնելիս, վերջինս հարցրեց.

-Չլինի Սոկրետին ես փնտրո՞ւմ:

-Ինչպե՞ս իմացաք…,- զարմացավ Ռոբին:

-Ախ դու… չճանաչեցիր… մոռացե՞լ ես, որ միասին գուշակություններ էինք անում…

-Պապի~կ,- և նրանք գրկախառնվեցին:

Ծերունին Քոդռեդի հայրն էր` բարձրահասակ, սև աչքերով, Քոդռեդի պես մեծահոգի ու բարի: Երևում էր, որ ժամանակին շատ բարետես է եղել, բայց ծերությունը նրանից խլել էր այդ գեղեցկությունը: Մինչև հիմա հպարտությամբ կրում էր խիզախության համար պարգևատրված շքանշանը:

-Իսկ մայրիկն ինձ ասում էր արտասահման ես գնացել և այնտեղ էլ…,- չկարողացավ շարունակել:

-Հասկանալի է… մորդ լավ գիտեմ, էլ ինչ պիտի ասած լիներ… խաբել է տղաս! Հորդ դեռ ամուսնությունից առաջ ասում էի` դա բարի պտուղը չի, վազն արի… չլսեց…,- ծերուկը լցրեց աչքերը,- մայրդ սարսափելի մարդ է, բայց որ ընդունակ է մարդասպանության… Գիտե՞ս, նա իմ աչքի առաջ է մեծացել` հարևաններ էինք… չար երեխա էր, ստախոս: Ծեծում էր իրենից փոքրերին: Նույնիսկ արդեն մի անգամ հասցրել էր ամուսնանալ, մինչև հայրդ, աղջիկ էլ ունի…

-Աղջի՞կ:

-Այ էն սիրունիկին տեսնո՞ւմ ես,- ցուցամատը պարզելով,- նա է, խորթ քույրդ, անունը` Կառժալինա: Զարմանալիորեն էտպիսի մորից քո ու նրա պես բարի մարդիկ են դուրս եկել:

Երկուսով լռեցին.

-Կարոտել էի քեզ…

-Ես էլ:

-Իսկ ինչո՞ւ էիր քեռուդ փնտրում:

-Մայրիկն էլ չկա, տարօրինակ է…

-Նրանց միասին առավոտյան եմ տեսել, անընդհատ քչփչում էին, ինձ նույնիսկ չբարևեցին: Միասին կենտրոնի կողմ սկսեցին քայլել, դրանից հետո չեմ տեսել:

-Շնորհակալություն պապիկ, դե կտեսնվենք դեռ…,- Ռոբին նույնպես քայլերն ուղեց կենտրոն:

Իառլոնների ընտանիքը մեծ համբավ ուներ  ու Ռոբիի համար արդեն զարմանալու չէր, որ քաղաքի անծանոթներն իրեն ճանաչում էին, ոմանք` բարևում, այսօր նաև ցավակցություններ հայտնում, և երբ դիմացից եկող ոստիկանը նրան կանգնեցրեց, պատրաստվեց ցավակցական խոսքերից հետո գլխով շնորհակալություն անելու.

-Ռոբի Իառլոն, Դուք ձերբակալված եք Ձեր հոր սպանության մեղադրանքով: Ահա հրամանը,- և մի թուղթ պարզեց Ռոբիի աչքերի առջև:

Ռոբին ապուշ կտրեց:

-Ի՞նչ…

-Ձեր դեմ հայց է ներկայացրել Ձեր մայրը…

-Աաախր… ո՞նց կարող է տենց բան լինել…

-Ներեցեք, ինձ հրաման է տրված: Պետք է Ձեզ ձերբակալեմ, մանրամասները փաստաբանը Ձեզ կներկայացնի:

Նման բանի Ռոբին չէր սպասում, չգիտեր ինչ անել կամ ասել: Ուղեղը դադարել էր աշխատել… Նրան տանում էին երկար, նեղ միջանցքով, ճաղերից կախված մարդիկ ինչ-որ բաներ էին գոռում, որ Ռոբին չէր լսում, միայն  մեկի խոսքը հասավ ականջին. “Էս էն հարուստի տղեն չի՞… հլը տեսեք ուր է եկել…”, հաջորդեցին քրքջոցներ, որոնց Ռոբին արհամարհեց, գլուխը կախ քայլում էր դեպի իր խուցը: Մտահոգ… փորձելով վերլուծել կատարվածը: Չզգաց թե ոնց արդեն իր խցում էր, մտքերից նրան կտրեց բանտակիցը.

-Անունդ ի՞նչ է:

-Ռոբի…

-Հա… լսել եմ քո մասին, ես Ժանն եմ. Ժան Մարիուս:

-Իսկ ես քո մասին չեմ լսել:

-Դե քոնի պես հարուստ պապա որ ունենայի, երևի լսած կլինեիր…,- ծիծաղեց,- ասում են հարստության համար հորդ վերջը տվե՞լ ես:

-Ես ոչինչ չեմ արել! — միանգամից բղավեց Ռոբին:

-Երևում է այստեղ մենակ անմեղներին եմ հավաքում… ,- ձայնը մեղմեց Ռոբիի նոր ընկերը,- լուրջ եմ ասում, տենց մի նայի, ես էլ մեղավոր չեմ:

Ռոբին հոնքերը բարձրացրեց:

-Գլխիս սարքել են… մի քանի “ընկերներ” ունեի, գողությամբ էին զբաղվում, փորձում էի կամաց-կամաց հեռացնել ինձանից, բայց սրանք հակառակի պես իրենց գործերի մեջ էին ինձ քաշում` տեսնելով բան չի ստացվում, որոշեցին պատժել. ոսկերչական խանութ էին թալանել, գողոնը իմ իրերի մեջ թաքցրել…  դե արի ու ոստիկաններին բացատրի էս որտեղից…

-Ինչքա՞ն ժամանակ է այստեղ ես:

-Շուտով տարին կլրանա: Քո պատմությունը ո՞նց է:

-Նման մի բան… գլխիս սարքել են… ծննդյանս օրը  հորս թույնել էին, այսօր մորս մեղադրանքով ինձ ձերբակալեցին:  Հիմա կարծես նոր եմ հասկանում.  հայրս պատրաստվում էր մորս տնից դուրս հանել, երևում է հենց նա է կանգնած ամենի հետևում, ու անամոթաբար ինձ է մեղադրում: Բայց ոչ մի հիմքեր չկան… չեմ պատկերացնում` ոնց է բոլորի խելքը կերել…

-Դե քոնն ուրիշ է, քեզ հո գողոնով հանդերձ չեն բռնել: Դատարանում ամեն ինչ կհարթվի:

-Հուսանք…,- հոգոց հանեց Ռոբին:

Մեկ շաբաթ անց.

Ռոբին Ժանի հետ հետաքրքիր զրույցի էր բռնված, երբ բանտապետը դուռը բացելով` կանչեց.

-Ռոբի, առաջ անցիր, արագացրո’ւ:

-Ի՞նչ է եղել,- զարմացավ Ռոբին:

-Այցելու ունես, արագացրու ասում եմ:

Ռոբին զարմացավ, ո՞վ պետք է այցելեր իրեն… բոլորը տարված էին հոր անակնկալ մահով, իսկ իրեն դժվար թե մեկը ուզենար տեսնել… միգուցե պապի՞կն է… իսկ կարող է մայրը` եկել է բացատրելու կատարվածը: Նա հաստատ պատճառներ է ունեցել… Ամենայն հավանականությամբ ինքն է: Կամ էլ Գրիելլային է ուղարկել` մյուսների մեջ կասկածներ չհարուցելու համար… Ու մինչ Ռոբին բոլոր ծանոթներին հերթով գլխով կանցկացներ, որ հնարավոր է այս պահին սպասասրահում էր, տեղ հասան: Ռոբիի զարմանքն ավելի մեծացավ, երբ տեսավ իրեն ժպտացող դեմքը… ում ասես պատկերացրել էր, բացի երևի թե նրանից. Կառժալինան էր` խորթ քույրիկը, այնքան հարազատ ժպտացող խորթ քույրիկը… չէ, այդ պահին Ռոբիի միտքը չէր պտտվում խորթ բառը մտածել, պարզապես քույրիկը!

-Բարև,- ժպտալով սկսեց Կառժալինան,- դու ինձ երևի չես ճանաչում…

-Չէ, չէ… ճանաչում եմ… բարև,- ուշացումով իրար հետևից բառերը դուրս թափեց Ռոբին: Կառժալինան նույնպես անակնկալ դեմք ընդունեց.

-Ճանաչո՞ւմ ես… որտեղի՞ց

-Հայրիկիս թաղմանն եմ տեսել… Պապիկս պատմել է քո մասին,- մի փոքր կարմրելով բացատրեց Ռոբին, ապա շտապեց հավելել,- միայն լավը: — Կառժալինան թեթև ժպտաց:

-Հա… պապիկը… շատ լավ պապիկ ունես, այդ օրը երկար խոսեցինք… ինքն ինձ պատմեց, թե ինչ է կատարվել, ես էլ առաջարկեցի իմ օգնությունը: Ճիշտ է մայրիկը դեմ էր, մի լավ բարկացավ… բայց միևնույն է, զարմանալու չի, երբ որոշեցի իր ներկայացրած հայցին պատասխանել, նոր հիշեց գոյությանս մասին: Դե լավ, մենք շատ ժամանակ չունենք, միանգամից անցնեմ գործի: Ես քո փաստաբանն եմ… երևի գիտես, որ շուտով դատավարություն է լինելու…

-Իմ փաստաբանը՞,- լայն ժպտաց Ռոբին,- սա երևի վերջին ամսվա լսածս միակ ուրախ լուրն էր…

-Դե, չէի համաձայնի… ես այդքան էլ շատ փորձ չունեմ, լավ կլիներ` փորձառու մեկին վստահեիր գործը…

-Չէ, ի՞նչ ես ասում, ես շատ ուրախ եմ… վերջապես կճանաչեմ քեզ:

-Պետք է ասեմ` Ժաննան մի լավ խճճված պատմություն է մոգոնել… Նախ դրդապատճառը շատ իրատեսական է` հարստությանը տիրանալու ցանկությունը: Քննիչը քո սենյակում գտել է այն թույնի դատարկ սրվակը, որից Քոդռեդը մահացել է: Գրիելլան վկայություն է տվել, թե իրենից անմիջապես առաջ դու ես եղել խոհանոցում… իսկ երբ սուրճը քեզ է առաջարկել, հրաժարվել ես…

-Ինչ հիմարություն… ես ոչինչ էլ չեմ արել, ոչ մի թույն կյանքում տեսած չկամ, պատկերացում էլ չունեմ` էտ սրվակն ինչ տեսք ունի… դեպքից մի ժամ առաջ ծնողներս վիճեցին, հայրս պատրաստվում էր Ժաննային վռնդել… Գրիելլան էլ է տեսել, հարցրեք…

-Ռոբի, Ռոբի… ինչ միամիտ ես, նա ոչինչ չի ասի բնականաբար, հակառակը բոլորը պնդում էին, որ ծնողներդ շատ սիրալիր էին միմյանց հետ, մինչդեռ դու շատ անտրամադիր էիր…

-Հա, անտրամադիր էի, ճնշված…

Աղմկոտ դռան չրխկոցը ընդհատեց նրանց զրույցը: Կոպիտ բանտապետը բանալիների կապոցը ձեռքի մեջ պտտացնելով` հայտարարեց.

-Ժամանակը սպառվեց, վեր կաց տղա!

-Դե կհանդիպենք դատի ժամանակ Ռոբի, պինդ կաց, կանեմ հնարավոր ամեն ինչ:

-Շնորհակալ եմ Կառժալինա… շատ…

-Սենտիմանտությունների վախտը չի, առաջ ընգի:

***

Դատի օրը դահլիճը լիքն էր: Բամբասող մասսան կարծես թատրոն եկած լիներ` նախապես մի ժամ շուտ` առջևի տեղերը զբաղեցնելու համար: Ռոբիին նստեցրեցին Կառժալինայի կողքին, դիմացը հայցվորներն էին` մայրն ու քեռին: Ռոբին հայացքը սևեռել էր նրանց, սպասելով, գոնե ամոթի նշույլներ տեսնել… բայց ապարդյուն: Դատը բավական երկար տևեց: Ու չնայած Կառժալինայի ջանքերին, այդպես էլ չհաջողվեց արդարությունը վերականգնել: Ռոբիին նորից ուղեկցեցին իր բանտախուցը, ուր նրանից անհամբերությամբ նորությունների էր սպասում Ժանը.

-Հը՞,- Ռոբիին տեսնելով տեղից վեր թռավ,- ապացուցեցի՞ք անմեղությունդ:

Ռոբին ուսերը թոթվեց, ապա լուռ գլուխը թափահարեց:

-Ո՞նց թե,- զարմացավ Ժանը,-  պատմիր տեսնեմ:

-Դե առանձնապես պատմելու բան չկա… ինչպես նախօրոք Կառժալինան ասել էր, մայրիկս լավ գծած պլան ուներ, ամեն մանրուք մտածել էր… Բայց միևնույն է, արդարությունը կհաղթի:

-Հա, հենց հաղթեց արդարությունդ, կուղարկես ինձ մոտ էլ կռվի… դե պատմիր դատը ոնց անցավ…

-Դու պատկերացնում ես, ինձ թմրամոլ ներկայացրեցին… իբր խոտերից կախվածություն ունեմ… Մայրս ցուցմունքի ժամանակ էնպիսի հեքիաթներ պատմեց, մինչև հիմա զարմացած եմ: Իբր հայրս իմացել էր իմ կախվածության մասին ու սպառնացել զրկել գրպանի փողերից, որ նման աղբի վրա ծախսեր չանեմ… ես էլ որոշեցի ողջ հարստությունը ձեռքս վերցնել…

-Այ երևակայություն եմ ասել…

-Մի ծիծաղիր…,-վրդովվեց Ռոբիին:

Մաս 3-րդ

Ռոբիին տեղափոխում էին մենախուց ուր պետք է կրեր 15 տարի ազատազրկման պատիժը: Երբ պահակախումբը եկավ նրա հետևից, Ժանը մի գիրք պարզեց Ռոբիին.

-Սա մայրս է ինձ նվիրել, շուտ, շաատ շուտ: Ուզում եմ այսուհետ քեզ մոտ պահես, մենակ ժամանակ լավ ընկեր է լինում…

-Ինչպե՞ս քեզնից խլեմ քո լավ ընկերոջը…

-Իմ ընկերն արդեն գլխումս է նստած, էնքան եմ վերընթերցել, որ տող առ տող անգիր գիտեմ… Համ էլ միշտ կարդալուց ինձ կհիշես,- նրանք գրկախառնվեցին:

-Էլ տեսարաններ մի սարքեք ստեղ, ժամանակ չկա:

***

Երկար ժամանակ էր Ռոբին մենախցում էր: Օրերը շատ դանդաղ էին գլորվում, սկզբում նա հաշվում էր ամեն օրը, հետո ձանձրացավ… հաշիվն էլ կորցրեց: Կառժալինան միշտ ամիսը մեկ նշանակված այցելությունների օրը Ռոբիի հյուրն էր: Լինում էր, որ նրան մեկ-մեկ ներս չէին թողնում, երևի միակ տեսության եկողն էր, ով պարտաճանաչ ոչ մի այցելություն բաց չէր թողնում: Իսկ Ռոբին միշտ տարօրինակ մտածմունքների մեջ էր… ամեն օր նոր տեսանկյունից էր փորձում վերլուծել կատարվածը, իր ազատվելու շանսերն էր կշռադատում… “արդյոք կազատվե՞մ, միգուցե փախչե՞լ է պետք… չէ, անօգուտ է, հիմարություններ եմ դուրս տալիս: Պետք է կենտրոնանալ Ժաննայի վրա, ստիպել, որ ամեն ինչ խոստովանի…”: Անելու ոչինչ չկար, օր ու գիշեր Ժանի նվիրած գիրքն էր կարդում: Այն շատ հետաքրիր էր, և օգնում էր, որ  օրերն աննկատ անցնեն: Երկար ժամանակ չխլեց նրանից, որպեսզի ավարտի հաստափոր գիրքը:  Սյուժեն շատ էր նման իր կյանքին, Ռոբին հերոսի ողբերգությունը, ում նույնպես դավաճանել էր հարազատ մեկը, նմանեցնում էր իր կյանքի սև հատվածին: Եվ ահա մի առավոտ բանտի անդուր ազդանշաններից արթնացած Ռոբիի հետ նրա գլխում արթնացավ հետաքրքիր մի միտք, որ երևի երկար էր խմորվում այնտեղ և վերջապես ծնվեց: “Փորձել է պետք… գուցե և աշխատի…”: Նոր միտքը ինչ-որ մեկի հետ կիսելու ցանկությունից այրվում էր, այցելության մնացած օրերն էր հաշվում, մինչ այդ անընդհատ հղկում, կատարելության էր հասցնում իր պլանը: Բաղձալի օրն եկավ… Կառժալինան չէր էլ հասցրել բարևել, երբ Ռոբին սկսեց իրար վրա ինչ-որ բաներ բլբլալ. նրա խոսքը նման էր երկու օր սոված մնացած մարդու հաց ուտելուն:

-Հանգիստ Ռոբի, ես ոչինչ չհասկացա, նորից սկսիր ու այս անգամ խնդրում եմ ավելի դանդաղ ու պարզ, լա՞վ:

-Լսի’ր, ինձ շտապ թուղթ է հարկավոր, շա~տ թուղթ ու գրիչ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է` շուտ:  Մեմուարներ եմ գրելու… պլան ունեմ… Մեկ էլ հրատարակիչ գտիր, երբ վերջացնեմ, որ էտ թերթերիցս գիրք կազմի…

-Գի՞րք,- ծիծաղեց Կառժալինան,- քեզնից ի՞նչ գրող…,- սակայն Ռոբիի խեթ հայացքը սթափեցրեց նրան,- լաաաավ, իհարկե կանեմ, գիտեմ էստեղ ժամանակը զոռով է գնում, գոնե կզբաղվես…

Մյուս այցելությանը Կառժալինան հայտնվեց բոլոր պատվերներով: Ռոբին առանց ժամանակ կորցնելու անցավ գործի: Թվում էր` գրիչը երբեք չած չի դնում. անընդհատ գրում էր, ջնջում, նորից գրում… մի անվերջ շղթա: Կարծես մտքերի հրավառություն կամ շատրվան էր ներսում, որ անընդհատ նորանոր նախադասություններ է դուրս հորդում, իսկ Ռոբին արագորեն փորձում էր դրանք թղթին հանձնել` թե չէ կկորչեն: Պարզվում  է` մեր երիտասարդը լավ էլ գրչի տաղանդ ուներ: Նրա նախադասությունները շատ ճկուն էին` ուզածի պես ոլորում ու ասելիքը հետաքրքիր երանգով էր մատուցում: Տողատակերում կար իրոնյա, որ ամեն մարդ չէր գտնի: Թերևս ամեն ինչ տենց էլ մտածված էր, գիրքը հասցեագրված էր մի մարդու` Ժաննային: Ռոբին վերջապես դուրս թողեց իր մեջ 18 տարի հասունացող մտքերի հրեշին, որն անընդհատ ճնշված էր ու որը հիմա մի նպատակ ուներ` ոչնչացնել այդ հրեշը ծնած չարին, ով տարբեր դիմակների տակ միայն դերեր է խաղում ու թունավորում շրջապատը:

***

Մոտ մեկ ամիս տևեց մինչև Ռոբին դատարկեց թղթին ներսում կուտակված ողջ չարությունը: Կառժալինային տեսնելով` նոր գիտակցեց, որ բավականին ժամանակ է անցել, կարոտել էր: Կառժալինան հոգնած ու բարկացած տեսք ուներ, մի քիչ սփրթնած էր… իսկ երբ նրա կողքին երևաց կարճահասակ մի բիձուկ, Ռոբին քիչ էր մնում ուշաթափվեր: Դա անասելի մեծ  բերանով, սուր քթով, ճակատային մասում թափված մազերի շնորհիվ լաա~յն ճակատով ու տեղ-տեղ աճող մազերը երկարացրած-առաջ բերած ճապոնացի էր:

-Ծանոթացիր Ռոբի, պարոն Ալկսիսուն Դոճոպեցին է,- ապա մոտենալով Ռոբիի ականջին, փսփսաց,- ես քեզ կխեխդեմ. գիշերներով չեմ քնել, քո համար հրատարակիչ եմ ման եկել:

-Բարև Ձեզ պարոն Դոճոպեցի,- ծիծաղը մի կերպ կուլ տալով` ձեռքը մեկնեց Ռոբին: Ճապոնացին գլխով արեց:

-Պարոն Ալկսիսուն, կարո՞ղ եք ինձ դրսում սպասել:

-Իհայկե օլիորդ,- նորից գլխով արեց ու դուրս եկավ:

-Վայ Ռոբի, գիտես ինչ գումարներ եմ տվել սրան, որ քեզ օգնի…

-Ուրիշ ավելի զվարճալի դեմքեր չկայի՞ն,- Ռոբին անզուսպ սկսեց ծիծաղել,- “օլիորդ…”:

-Ձայնդ կտրի’ր, անամոթ, տարիքով մարդ է, ու միակը, ով համաձայնել է թերթիկներիդ գրքի տեսք տալ… Ամբողջ օրն անձրևների տակ քարշ եմ եկել, գիշերները հազարին նոր տուն հասել, իսկ դու շնորհակալության էլ չարժանացրիր… ապրես…

-Լավ, լավ, դրա արտաքինը, ոչ էլ ազգանունը… հա, ի դեպ, էտ երկուսից ո՞ր մեկն էր ազգանունը` սիսունով վերջացո՞ղը, թե՞ Դոճոպեցին- շարունակում էր ծիծաղել Ռոբին,- թեկուզ կարևոր չի, կարևորն արած գործն է:

-Վերջապես ուշքի եկար, մի խզբզանքներդ տուր տեսնեմ, պատրաստ է, չէ՞:

-Անպայման! Հույսս դու ես, գիտես չէ՞:

-Դե վերջացրու, պիտի գնամ, թե չէ պարոն հրատարակիչը շատ ծանր բնավորություն ունի… մեկ էլ տեսար փոշմանեց ու գնաց…

-Ցավակցում եմ: Դե ուրեմն վերջին հանձնարարականներս էլ տամ, որ պարոն Սիսունը երկար չսպասի. էս նամակն էլ վերցրու, ծրարի մեջ կդնես, երբ գիրքս էլ պատրաստ լինի, սիրուն փաթեթավորանքով երկուսը ուղարկիր մորս… սպասում եմ նորություններիդ:

-Լսում եմ, սե’ր,- ժպտաց Կառժալինան ու վեր կացավ:

***

Դռան զանգը արթնացրեց Գրիելլային, սակայն երբ մոտեցավ, մարդ չկար, միայն գեղեցիկ փաթեթավորմամբ տուփ էր` մակագրությամբ. “Խնդրում եմ փոխանցել տիկին Ժաննային”: Ժաննան քանի դեռ քնած էր, Գրիելլան տուփը դրել սեղանին` հիացած նայում էր, չհամարձակվելով դիպչել:

-Էս ի՞նչ է,- Ժաննայի ձայնը սթափեցրեց նրան:

-Քեզ են ուղարկել… տեսնես ո՞ւմից է…

-Քո գործը չի,- տուփը ձեռքը վերցնելով կոպտեց Ժաննան,- գործիդ նայի,- փաթեթավորանքի ուսումնասիրությունը վերջացնելով շարունակեց, ապա բացեց ծրարը: Գրիելլան լուռ դուրս եկավ սենյակից` Ժաննային մենակ թողնելով խորհրդավոր նամակի հետ:

***

Երեկոյան այդպես էլ Ժաննան ներքև չիջավ: Գրելլան էլ  չմտավ նրա սենյակ, նեղացել էր քրոջ կոպտությունից: … “Երևի էլի օրագրի խելքին է ընկել, ոնց որ դեռահաս աղջիկ լինի… միակ ընկերն օրագիրն է, մարդիկ նրա աչքին չեն երևում…”: Այս մտքերով էլ գնաց քնելու:

Առավոտյան Գրիելլան նախաճաշը պատրաստեց և սպասեց Ժաննային: Անցավ կես ժամ, հետո էլ մեկ ժամ, բայց Ժաննան չկար: Տարօրինակ էր: Գրիելլան բարձրացավ Ժաննայի սենյակը, մոտեցավ անկողնուն, հրեց նրան.

-Վեր կաց Ժաննա, նախաճաշը պատրաստ է:

Արձագանք չկար: Նա ևս երկու անգամ հրեց Ժաննային, բայց նա անշարժ էր… Գրիելլան փշաքաղվեց, ապա գլուխը դրեց Ժաննայի կրծքին և ճչոցով հետ քաշվեց.

-Չէէ~,-Ժաննան չէր շնչում,- շտապ օգնություն… շտապ օգնություն…,- անընդմեջ բղավում էր Գրիելլան, ապա վերցրեց հեռախոսն ու համար հավաքեց, կարճ դադարից հետո դողացող ձայնով հայտնեց տան հասցեն` մեկ ու մեջ զառանցելով “օգնե~ք” բառը: Նրա արցունքոտ աչքերն ուռել էին, այտերը թրջվել ու կարմրել, ձեռքերը դողում էին, իսկ մարմինը` ուժեղ ցնցվում: Նա հատակին նստած հեկեկում էր, երբ օգնությունը տեղ հասավ: Ժաննային տեղափոխեցին հիվանդանոց: Շատ չէր անցել, երբ Գրիելլային հայտնեցին, որ Ժաննան մահացել է… սրտի կաթվածից…

Այս ամենին չհավատալով Գրելլան մի պահ կանգ առավ` կարծես երազ էր տեսնում, մոտեցավ հայելուն, ուշադիր նայեց ու հանկարծակի ուժգին ճչաց: Արցունքները հեղեղի պես թափվում էին աչքերից, ձեռքերով փակելով դեմքը` ընկավ գետնին ու նոր թափով սկսեց լաց լինել: Հեկեկոցների միջից մի բառ էր հասկացվում. “քույրիկս… քույրիկս…”:

Նորությունը միանգամից տարածվեց ողջ քաղաքով, միայն բանտի հաստ պատերը չէր ծակել լուրը: Կառժալինան գնում էր Ռոբիի մոտ` ամբողջ ճանապարհին մտահոգ, թե ինչպես պետք է հայտնի գույժը: Նրան տեսնելով Ռոբին միանգամից տեղից վեր թռավ.

-Հըըը՞ն,- անհամբեր ու զվարթ դեմքով հարցրեց նա:

-Ռոբի, մայրդ… ,- մի կերպ ուժերը հավաքելով` խորը շունչ քաշեց,- մայրդ մահացել է… անակնկալ սրտի կաթված…

-Ի՞նչ… բայց… չէ… կատակ ես անում, այդպես չէ՞ ,- պատասխան չստանալով Ռոբին պտտվեց ու մի պահ լռությունից հետո շարունակեց հազիվ լսելի ձայնով,- ես այդպես չէի ուզում… ես… չնայած իր արած վատություններին, միևնույն է, մայրս էր… ես սա չէի ուզում….

Ռոբին չկարողացավ զսպել արցունքները:

Գրիելլան սկզբում շատ էր տառապում, դժվարությամբ, բայց ժամանակի հետ կամաց-կամաց սկսեց համակերպվել կորստի հետ: Հիմա նրան ուրիշ մտքեր էին տանջում… Նրան թվում էր` Ժաննան ազատագրվեց ու միասին գործած մեղքերի պատասխանատուն հիմա միայն ինքն է: Ժաննայի ներկայությունը զգալու համար հաճախ էր թերթում վերջինիս օրագիրը, իսկ այնտեղ գրվածները նրան մեղքերի մասին մոռանալ չէին թողնում: Այս օրագիրը Ժաննայի միակ շիտակ երեսն էր, նրա հանած դիմակը: Երկար ժամանակ Գրիելլան օրագիրը թաքցրել էր աչքից հեռու, բայց միևնույնն է դրա ներկայությունը նրան հանգիստ չէր տալիս:

Մի առավոտ, արթնացավ, լրիվ վճռական, հագնվեց, վերցրեց թղթի կտորը, որի վրա Կառժալինայի հասցեն էր, օրագիրն առավ թևի տակ և շտապեց փոստ:

***

Կառժալինան նորից այցելության էր գալիս Ռոբիին: Այսօր նրա դեմքը պայծառ էր քան երբևէ, իսկ Ռոբիինը` ճիշտ հակառակը:

-Ինչ լավ արևոտ օր է…,- սկսեց Կառժալինան:

-Ահա, էս չորս խոնավ պատերի մեջ երևի լավ էլ զգում եմ արևի ջերմությունը, չէ՞:

-Իսկ ես լավ նորություններ ունեմ…

-Ի՞նչ լավ նորություն … այսօր ինձ հացի փոխարեն խմորեղե՞ն են տալու, թե՞ ջրի տեղը` գինի:

-Կարդա’,- թղթապանակից զգուշությամբ մի թուղթ հանելով` տվեց Ռոբիին: Մեկ… երկու… և վերջինիս մռայլ դեմքը սկսեց շողալ.

-Ազատելո՞ւ են…

Կառժալինան ժպտաց.

-Ազա’տ ես… ձեռքումդ հրամանն է… հավաքիր իրերդ, եթե իհարկե ինչ-որ բան ունես…

Միասին դուրս եկան գորշ պատերով շենքից. բանտապետը բացեց պարիսպը.

-Մենք քեզ կկարոտենք… հուսով եմ դեռ կտեսնվենք…

-Կտեսնվենք… բայց ոչ այստեղ,- պատասխանեց Ռոբին, ապա շրջվեց դեպի քույրը,- գիտե՞ս Կառժալինա, դու ճիշտ էիր, այսօր լավ արևոտ օր է…

Մանրամասները anulikk
I always try to be positive

5 Responses to Ռոբի Իառլոն

  1. Goharասում է՝

    Apres Anushik…

  2. Անժելաասում է՝

    Անուուուուշ, շատ լավն էր, ապրես…………. Անուշ գիտես մեկ էլ ինչ էր հետաքրքիր, որ արդեն տասը տարեկնւմ դու իմացել ես նավթի զորությունը, ես հասկացա, որ դու լավ էլ ,պռադվինուտի՚ երեխա ես եղելճճճճ
    Աննուշկա շարունակիր նույն ոգով ու կարեւորը ֆիլմի սցենրի մասին չմոռանաս……….. ես անհամբեր իմ դեբյւտին եմ սպասումճճճճ

    • anulikkասում է՝

      այստեղ մի հատ կարմրած, ամաչող ու աչքերը փախցնող սմայլիկ😀
      շնորհակալ եմ Անժել ջան, գիտես, որ քո կարծիքը շատ եմ արժևորում, ապրես :*
      Ֆիլմի մասին էլ չեմ մոռացել… իսկ դու սցենարային աշխատանքները սկսել ես??
      Իմը ռեժիսուրայի մասն էր😛

      • anulikkասում է՝

        համ էլ մոռացա ասեմ, նավթի զորությանը դեռ էն մութ ու լուս տարիներից եմ ծանոթ, շատ ավելի պուճուր էի… երբ ձմռան ցրտին ծնողներիս հետ նավթի հերթի էի կանգնում :))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: