Աբովյան փողոց…

Երեկ, այսօր ու վաղը…

Abovyan street

Երևանը իր պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ անուններ, որոնք մնում են որպես ուղենիշ նրա պատմության գանձարանում և շատ բան են պատմում անցյալից և լուռ վկա դառնում քաղաքի տարեգրությանը:

Այդպիսին է նաև Աբովյան փողոցը: Ժամանակին քաղաքում շրջող ձիավորն ու հետիոտնը, սայլապանն ու ավելի ուշ շրջանում կառապանը, հարմարվել են ոչ լայն փողոցներին և ոչ բարձրահարկ շենքերին:

1855 թվականին Կովկասի փոխարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց 6-20 մետր լայնություն: Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը` տասներկու մետր: Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցը: Այն ունի ավելի քան մեկ ու կես դարի պատմություն: Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի` Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864-1869 թվականներին:

Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, բայց երևանցիները անվանում էին Աստաֆյան: Ի դեպ միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բեբուտովսկայա (Սվերդլովի) և Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները: Վերջինիս անվանումը կապված է Նիկոլայ առաջինի Երևան գալու հետ, որը այստեղ եկավ 1830 թվականին, ռուսական բանակի` Երևանը գրավելուց մոտ չորս տարի հետո:

Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը: Ժամանակին երևանցիները  “պլան” ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը: Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև “Պլանի գլուխ” անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր: Ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեղված է մեծ լուսավորչի արձանը: “Պլանի գլխով” էլ, փաստորեն, վերջանում էր Երևանը:

Աստաֆևսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը: Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որի գլխավոր ուղին սկիզբ էր առնում “Ղանթարի տակից” և հասնում “Պլանի գլուխ”: Երկրորդ գիծը սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան: Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906 թվականին: Ձիաքարշն աշխատեց ընդամենը տասներկու տարի: Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում: Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ և աշխույժ զբոսավայրի:

1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայն անցավ Աբովյան փողոցով: Դրանից հետո երևանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից: Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը:

Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը` Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագույն հուշարձանների շարքին: Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին: Առաջինը գտնվում էր ներկա “Մոսկվա” կինոթատրոնի տեղում, (այն քանդվեց 1933 թվականին), իսկ երկրորդը` Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում: Մեր օրերում արդեն անցյալ է դարձել ԳԱ հին շենքը, որն իր գոյությամբ պատսպարել էր Կաթողիկեից մնացած խորանն ու հովհարաձև գմբեթը:

Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որը այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է, որտեղ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական և մշակութային կապերի հայկական ընկերությունը: Այսօր այդ շենքը գրեթե միայնակ է դիմակայում ժամանակի փորձություններին: Չմտածված նորացման պատճառով հաճախ տուժում է քաղաքի դեմքը: Հանվում են հին ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր, որոնք քաղաքի և երկրի պատմության խոսուն վկաներն էին, ու հասկանալի է միջահասակ և տարեց երևանցիների հոգու խոր ցավը` Աբովյան փողոցով ճեմելիս աջ ու ձախ կողմերում կապույտով վարագուրած նորանոր շինհրապարակների հանդիպելիս: Հիրավի, հին քաղաքի հնագույն փողոցի վրա բարձրացող նորաոճ շենքերը չեն խոսում անցյալի լուռ վկաների հետ, ավելին` ապակեպատ հսկաները հաճախ ճնշող տպավորություն են թողնում, հնաբնակ երևանցիների խոսքով` “Երևանը օտարվում է երևանցուց”: Ի՞նչ արած… Գուցե վաղվա մարդու աչքում շատ էլ համահո՞ւնչ երևա: Ո՞վ իմանա… ինչպես ժամանակին Էյֆելյան աշտարակը չընդունվեց փարիզցիների կողմից, անգամ Վիկտոր Հյուգոն դեմ արտահայտվեց մետաղյա հսկային, մինչդեռ այն դարձավ Փարիզի խորհրդանիշը, գուցե նո՞ր պետք է ծնվի Երևան քաղաքի խորհրդանիշը:

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

7 Responses to Աբովյան փողոց…

  1. Վահագն Քեշիշյանասում է՝

    Shat lavn er. Voc chi kara patkeracni, te yes hin Yerevan@ inchqan em sirum.😉

    • anulikkասում է՝

      շնորհակալություն🙂
      ես էլ եմ շատ սիրում հին Երևանը, ափսոս օր օրի անհետանում են մշակութային արժեքները, հնին կից կարճ ժամանակում բարձրանում է ոչ համահունչ նորը, ինչը քաղաքին կարկատանի տեսք է տալիս (((

      • Վահագն Քեշիշյանասում է՝

        Մեկ-մեկ նայում եմ Աստաֆյան փողոցի նկարները 20-ական թվականներին ու մտածում եմ` մարդիկ ինչքան հավեսով են ապրել: Ոնց որ միշտ ուրախ ու անհոգ ապրեին:

      • anulikkասում է՝

        20-ականների ճարտարապետությունը յուրահատուկ գեղեցկություն ունի: Ոնց եմ ջղայնանում, որ փողոցի երկու մայթերի շենքերի սիմետրիան փչացնումա էտ շենքերից մեկից դուրս պրծած ինչ-որ ապակեպատ նորաոճ խանութը…

  2. Անծանոթուհիասում է՝

    Ապրես Անուշիկ, բավականին մանրակրկիտ ներկայացրել ես…

  3. Grigorասում է՝

    Իսկ ես ուրախ եմ, որ մեր քաղաքն ըտենց սիրունանում ա , ոչ թե էտ հին մրոտ շենքերը , որոնց մեջ ճիշտն ասած ես եսիմ ինչ ճարտարապետություն էլ չէի տենում . շենքեր էին էլի, ուղղակի մերն ա, դրա համար ենք ասում սիրուն են , բայց իրականում ոչ մի յուրահատուկ բան էլ չկա … եթե ասենք քանդեին Էրեբունի-Երևանի կառույցները ( որը լուրջ պատմական նշանակություն ունեցող կառույց ա ) տեղը էլիտարներ քցեին, այ դա ուրիշ , համաժողովրդական ցասումն անխուսափելի էր ))))))… չնայած ըտենց բան հաստատ չեն անի ՃՃՃ , իսկ Աստաֆյան փողոցի վրա ինչ կար է , անշուք շենքեր և վերջ … նայեք Դուբային…մարդիկ գնում են ըտեղ հենց էտ կանաչ շուշեքից շենքերը տենան … ես կողմ եմ , որ հին շենքերը քանդեն , նորը սարքեն … այլ հարց ա , որ դա անեն նորմալ և օրենքով, ոչ թե մարդկանց իրանց տներից հանելով ու դուս շպրտելով …

    • anulikkասում է՝

      Գրիգոր ջան հետդ բացարձակ համաձայն չեմ😦 էտ “անշուք շենքեր”-ը, որոնց մեջ դու “եսիմ ինչ ճարտարապետություն էլ չէիր տենում”, մեր համար ներկայացնում են պատմական արժեք ու նման տեմպերով շարունակելով` մի քանի տարի անց աշխարհին էլ չես համոզի, որ Երևանը Հռոմից էլ հին քաղաք է եղել… մի տեսակ բարբարոսական գիծ գա մեր բնավորության մեջ, ջնջել հինը` փոխարինելով նորով, դեռ 300-ականն թվականներից, երբ բոլոր տաճարները քանդեցին ու տեղը եկեղեցիներ կառուցեցին, մինչդեռ եթե կառուցելու ուրիշ տեղեր գտնեին, հիմա Գառնու տաճարի նման ինչքան կոթողներ կունենաինք …😦
      Ինչ վերաբերում է Դուբային, մարդիկ հատատ չեն գնում ապակի տեսնելու… իսկ Հայաստանը Դուբայ չի դառնա, ու ապակի շենքերը չի, որ պետք է տուրիստին գրավեն🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: