Լեդի Կիսա

Սա էլ երկրորդ պատմվածք-հեքիաթս🙂
Գրել եմ 2004-ի սկզբին. 10-րդ դասարան էի… ընդունելության համար պարապելու դաժան տարին էր… ու ես նորից, սովորությանս համաձայն, հրատապը թողած` տարվել եմ այլ բաներով: Այս անգամ ոգեշնչման առարկան իմ նոր հագուստն էր…

****************************************************

Մաս 1-ին

Բարուրը կրծքին սեղմած մի կին խելագարի պես վազում էր անտառ տանող արահետով: Նրա հետևից սլանում էին հինգ, վեց ձիավոր: Կինը փորձում էր փրկվել թաքնվելով ծառերի արանքում, բայց գնալով ձիավորները մոտենում էին, և թվում էր, թե, ուր որ է կհասնեն: Մտնելով անտառ` կինն իրեն մի պահ հաղթանակած զգաց, բայց ետևից լսելով ձիերի խրխնջոցը, սարսափեց, ապա հասկացավ, որ ինքը չի փրկվի: Փոքրիկին, դնելով հաստաբուն ծառի ճեղքում, վազեց անտառի հակառակ կողմը: Բայց շուտով ձիավորները շրջապատեցին նրան: Կինը կանգ առավ, հասկացավ, որ դա վերջն է և գոռաց.

— Դուք դեռ կստանաք,- ապա թքեց գետնին,- ես մեռնում եմ պատվով` գիտակցելով մահը, իսկ դուք կմեռնեք առնետների պես: Այո’, առնետների …

— Ձայնդ կտրի’ր, լիրբ,- բղավեց միրուքավոր մեկը, որը հավանաբար ներկաներից պաշտոնով ամենաբարձրն էր և մտրակով ուժեղ հարվածեց նրան: Կինը ցավից ճչաց և ընկավ հողի վրա: Արյունը սկսեց հոսել ոտքերով գետնին: Առաջին հարվածին հաջորդեց երկրորդը, երրորդը … այնքան, մինչև որ կինն անզգայացավ, իսկ նրա մետաքսե սպիտակ շորն ամբողջովին ներկվեց արյան կարմիր գույնով:

— Լավ, սրան հերիք է, ագռավներն ու գայլերը վերջը կտան: Մենք մեր գործն արեցինք,- այս ասելով` միրուքավորը նժույգի դունչն ուղղեց դեպի քաղաք և շարժվեց: Մյուսները հետևեցին նրան: Կինն արդեն մեռել էր…

Երբ ձիավորները հեռացան, մի ծեր կին մոտեցավ ծառի ճեղքին և գրկեց փոքրիկին:

— Ես գիտեի, որ դու կգաս, նա պետք է քեզ տեսնի, գնանք,- ասաց պառավն ու շարժվեց անտառի խորքը: Բարուրիկը ոչինչ չէր հասկանում, նա միայն ձեռքը տանում էր պառավի վզից կախված զանազան իրերին, որոնք ամեն հպումից շխկշխկում էին, ու բարձր ծիծաղում էր:

— Ահա և հասանք,- ժպիտը դեմքին խոսեց պառավը:

Նրանց ընդառաջ եկավ մի ծերուկ: Դեմքին նայելիս կարելի էր կարծել, թե մի երեք հարյուր տարեկան է:

— Ես ասում էի չէ՞, որ նա կգա:

— Բայց… նա աղջի՞կ է,- զարմացավ ծերուկը:

— Է հետո՞ ինչ, եթե Ֆիռգուն այդպես է ցանկացել …

— Լավ, լավ:

— Ես նրան Կիսա կանվանեմ:

— Ի՞նչ, չլինի՞ ուզում ես նրան հովազների ընտանիքին հանձնել դաստիարակության:

— Այո… պլանները փոխվում են…

— Բայց… չէ՞ որ… Ես եմ պահապանը, իսկ որոշումներ իմ փոխարեն դու ես կայացնում… արա ինչ ուզում ես:

— Հավատա, ես տեսնում եմ ապագան: Ինձ պետք է քո համաձայնությունը:

— Լավ, հուսով եմ ճիշտ ես: Էդպես մի նայիր, դու դիտես`  ես քեզ վստահում եմ:

 

Մաս 2-րդ

15 տարի անց

Անտառում մի հին ավանդույթ կար. ամեն 5 տարին մեկ կազմակերպվում էր մրցույթ, որին մասնակցում էին հասուն էգ կենդանիները:

Այդ օրն առաջին անգամ նրանք դուրս էին գալու որսի: Որսը բերվում էր սպանված կամ միայն գլուխն ու սիրտը: Ամենամեծ որսը համարվում էր վարազը, որին բռնողը առաջին 5 տարում համարվում էր “Որսի թագուհի”: Կարելի էր որսալ նաև սողուններ, նապաստակներ, գետնամկներ, թռչուններ ու այլ մանր կենդանիներ: Բերված որսով օրվա վերջում մեծ խնջույք էր կազմակերպվում հաղթողի պատվին:

Կիսան նույնպես մասնակցելու էր մրցույթին:

Նրան բոլորը սիրում էին ու համարում անտառի ոգի: Ըստ հին լեգենդի. Ֆիռգուն` կենդանիների աստվածը, օգնության կուղարկի հոգուն, որը պետք է փրկի անտառը մեծ փորձանքից: Կիսային համարում էին այդ հոգին:

Կեսօր էր, մեծ, բաց մարգագետնում հավաքվել էին շատ կենդանիներ: Կիսան կանգնել էր իր “քրոջ”`  Դինգոյի կողքին, որը նունյպես մասնակցելու էր մրցույթին:

Լսվեց առյուծի մռնչյունը: Դինգոն պտտվեց Կիսայի կողմը.

— Հը, անհանգստանո՞ւմ ես:

— Չգիտեմ, տարօրինակ փորացավ ունեմ: Ոչինչ չեմ հասկանում:

— Իսկ ես վախենում եմ:

— Այդ մեկը քեզնից չէր, ինչի՞ց ես վախենում:

— Սնեյկից:

— Սնեյկի՞ց, բայց չէ՞ որ նա ընդամենը աղվես է:

— Ընդամե՞նը, նա խորամանկ է, շատ է խորամանկ:

— Մի անհանգստացիր, պարզապես փորձիր չնկատել նրան, համոզված եմ` նա քեզնից ավելի է վախենում:

Որսը սկսվեց:

— Դի’ն, եկ իմ հետևից, ես մի լավ տեղ գիտեմ, այնտեղ վարազներ շատ են լինում:

— Ահա, կանգնիր, հասանք: Նրանց նոր որջն է, տե’ս: Միայն զգույշ` չլսեն,- քիչ հետո շարունակեց Կիսան,- իմ հրամանով կհարձակվենք: Մեկ, երկու, երեք …

Մեկ ժամ անց

— Տեսա՞ր ինչ շատ էին, մի պահ ես նույնիսկ շփոթվեցի. աչքերս այս ու այն կողմ էին փախնում, չգիտեի ում հետևից ընկնեմ, մինչդեռ նրանք ճողոպրում էին:

— Բայց դու լավ էլ հասցնում էիր նրանց հետևից:

— Դե լավ Կիսա’: Ավելի լավ է արագացնենք, քանի դեռ մեկ ուրիշը մեզնից շուտ տեղ չի հասել: Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե դու ինչպես ձեռքի թեթև հպումով քնեցրիր վարազներին: Ինձ դա շատ դուր եկավ: Այդ ի՞նչ հնարք է… Խոստացիր, որ …

— Ա~խ …

— Կիսա~,- Դինգոն պտտվեց ու տեսավ գետնին ընկած քրոջն ու փախչող վարազին, որը թաքնվեց թփերի հետևում:

— Կիսա’, ի՞նչ պատահեց… Սա ի՞նչ է… արյո՞ւն…

— Հա, ապուշը կծեց ոտս ու փախավ, շա՞տ է արյուն գալիս:

-Չէ, շատ չի, բայց քիչ էլ չի,- ասելով` Դինգոն դունչը մոտեցրեց վերքին ու սկսեց լիզել այնքան, մինչև` արյունը կանգ առավ: Կիսան հավաքեց ուժերն ու վեր կացավ:

— Կարո՞ղ ես քայլել:

— Այո’, ես լավ եմ, գնանք:

— Ի՞նչ, իսկ վարազը… դու չե’ս կարող առանց որսի ներկայանալ, չէ որ բոլորը հավատում են քո հաղթանակին, ուզում ես հուսախա՞բ անել նրանց:

— Պետք չէ, Դինգո, գնացինք, ես հիմա ի վիճակի չեմ որս անելու:

— Այդ դեպքում վերցրու իմը, տանել հո կարո՞ղ ես:

— Չէ, չէ…

— Ասում եմ վերցրու ու գնա, իսկ ես կվերադառնամ ու ինձ համար ավելի մեծ վարազ կբերեմ:

— Չէ: Դուրս կգա, որ ես քո հաղթանակն եմ վերցնում, պետք չի, գնանք:

— Մի’ համառիր, միևնույնն է, եթե այս դեպքը չլիներ, մրցանակը քեզ կտային, որովհետև քո վարազն ավելի մեծ էր, իսկ ինձ հերիք է, որ “Որսի թագուհին” քույրս լինի: Գնա, ես քեզ կհասնեմ: Եվ արագացրու քանի սա էլ չի արթնացել,- ասելով` Դինգոն վազեց վարազների որջի կողմն ու անհետացավ հաստաբուն ծառերի հետևում:

Կիսան, վերցնելով քրոջ վարազը, շարժվեց մարգագետին:

— Ահա և հաղթողը,- բղավեցին Կիսային տեսնողները:

Չնայած հաղթանակին, ներկաների մեջ ամենատխուրը Կիսան էր: “Տեսնես ի՞նչ է անում Դինգոն”,- անվերջ մտածում էր նա:

Երեկոյան բոլորը հավաքվեցին: Հաղթողին բարձրացրին Որսաքար կոչվող փոքրիկ բլրակի վրա: Մասնակից կենդանիները` որսը բերաններին, շրջանաձև շարվել էին մարգագետնի եզրով: Կիսան անհանգիստ էր, կարծես մի բան էր փնտրում: Հանկարծ հայացքը կանգ առավ մի կետի, ու աչքերը փոքր ինչ լցվեցին: Նա տեսավ քրոջը` Դինգոյին` նապաստակի փոքրիկ ձագը բերանին:

Արարողությունը ավարտվեց. Կիսան դարձավ “Որսի թագուհի”:

 

Մաս 3-րդ

— Օյ, արդեն հոգնեցի, չեմ պատկերացնում, թե ևս չորս տարի ինչպես եմ դիմանալու: Դինգո’, եթե մեկն էլ ինձ հարցնի. ասա այստեղ չեմ, կամ մի բան հնարիր, չգիտեմ:

— Կիսա, այդ ի՞նչ ես ասում, այդպես չի կարելի վարվել ենթակաների հետ:

— Ախր Դինգո, ինչպես չես հասկանում: Մրցման օրը ես քեզնից վարազը չպե’տք է վերցնեի, որ հիմա այս օրը չընկնեի: Խնդրում եմ, օգնիր ինձ. միայն այս մի օրը: Դու իմ քու՞յրն ես, թե՞ ոչ:

— Լավ, բայց հիշիր միայն այս օրը, եղա՞վ:

— Համաձայն եմ:

Դինգոն դուրս էր գալիս, երբ հանդիպեց շնչակտուր գայլին:

— Ի՞նչ է պատահել:

— Գետը… գետը կարմիր է,- հազիվ արտաբերեց նա:

— Ի՞նչ ես ասում…

— Չես հասկանում` գետը կարմիր է, կարմիր,- փոքր-ինչ բարկացած կրկնեց գայլը;

— Սպասիր այստեղ,- ասելով` Դինգոն շտապեց քրոջ մոտ;

— Կիսա’… շուտ արի, գետը կարմրել է…

— Ինչպե՞ս, ո՞վ ասաց:

— Նիկսը, հիմա նա դրսում է:

Կիսան անմիջապես դուրս թռավ: Գայլի ուղեկցությամբ, Դինգոյի հետ, նրանք հասան ափ:

— Իսկապես` կարմիր է, տեսնես ինչի՞ց կլինի:

— Արյան հոտ է գալիս,- դունչը ջրից հեռացնելով` ասաց Դինգոն;

— Այստեղ եկեք. ես կարծես ինչ-որ բան եմ գտել,- խոսեց Նիկսը:

— Կիսա’, նայիր ինչ նման է քեզ. նույնպիսի ձեռքեր, ոտքեր, գլուխն էլ է նման, ի՞նչ ես կարծում, սա նույնպե՞ս հոգի է:

— Ոչ, սա մարդ է, գետը նրա արյունից է կարմրել: Տեսնու՞մ եք ինչ շատ վերքեր կան վրան, նա կարող է մեռնել:

— Եկեք նրան տանենք պահապանի մոտ:

— Կարծում եմ`  ճիշտ կլինի տանել նրան մեզ մոտ ու բուժել: Միգուցե կարևոր բան ասի:

— Դուք իսկապե՞ս կբուժեք նրան,- թփերի միջից դուրս գալով` խոսեց լացակումաց աչքերով մի փոքրիկ աղջիկ:

— Դու ո՞վ ես,- հարցրեց Կիսան:

— Ես այս տղայի քույրիկն եմ: Երբ գայլը եկավ ես շատ վախեցա ու թաքնվեցի: Ինձ թվում էր, թե հիմա նա կուտի եղբորս: Դու կարո՞ղ ես բուժել նրան:

— Մի’ անհանգստացիր, նա անպայման կառողջանա, եթե նույնիսկ մեզ չհաջողվի այդ անել, ապա նրան կտանենք անտառի պահապանի մոտ: Այ կտեսնես, ամեն ինչ լավ կլինի:

Երիտասարդ ու անգիտակից տղային պառկացրին Դինգոյի մեջքին, իսկ փոքրիկ աղջնակը նստեց Նիկսի ուսին ու նրանք շարժվեցին Որսաքարի ուղղությամբ: Ճանապարհը երկար չտևեց. շուտով նրանք տեղ հասան: Կիսան երիտասարդին պառկացրեց գետնին` ոտքերը դնելով բարձր, թեք քարին:

— Դինգո’, ինձ նապաստակի ձագ է պետք,- խոսեց նա,- Նի’կս, իսկ դու 5 հատ “Վիշապի արցունք” ծաղկից  բեր:

— Ի՞նչ է քո անունը,- քրոջ ու Նիկսի հեռանալուց հետո հարցրեց Կիսան փոքրիկ աղջկան:

— Ասիլա, իսկ եղբորինս`  Ակի:

— Գեղեցիկ անուններ են, իսկ ես Կիսան եմ:

— Կի՞սա, երբեք չեմ լսել, բայց ինձ դուր է գալիս:

Շուտով հայտնվեց Դինգոն բերանին մի գորշ նապաստակ:

— Իսկ Նիկսն ու՞ր է:

— Հիմա կգա: Վերադառնալիս նրան տեսա. փորձում էր դուրս գալ “Վիշապի անդունդից”, բայց կարծես, թե չէր ստացվում: Ատամներով էլ պինդ բռնել էր ծաղիկները, երևի վախենում էր, որ կթափվեն…

— Շա՞տ ուշացա,- կտրուկ կանգնելով խոսքն ընդհատեց Նիկսը:

— Քիչ խոսիր, ծաղիկները տուր այստեղ: Պետք է վերքերը մաքրել, կարող է բակտերիաներ անցնեն,- ծաղիկների պոչերը պոկելով`  ասաց Կիսան:

Նիկսն ու Դինգոն առանց որևէ ձայնի` մոտեցան Ակիին ու սկսեցին լիզել նրա վերքերը: Կիսան նապաստակի արյան մեջ թաթախեց ծաղկի մանուշակագույն թերթերը, առէջքներն ու վարսանդը, դրեց բերանը, լավ ծամեց, հանելով`  նորից թաթախեց արյան մեջ: Նիկսն ու Դինգոն, մաքրելով վերքերն ու մարմնի արյան հետքերը, հեռացան տղայից:

— Հիմա վիշապը կհամբուրի քեզ,- ասելով` Կիսան իր պատրաստած նյութը քսեց Ակիի վերքերին: Ասիլան նստել էր եղբոր կողքին, շոյում էր նրա գլուխն, ու տխուր աչքերը սահեցնում նրա դողացող մարմնի վրայով: Հանկարծ նա զգաց, որ եղբոր ճակատը թաց է:

— Կիսա’, այս իմ արցունքնե՞րն են:

— Ո’չ, նա քրտնեց, դա լավ է, մի քանի ժամից ուշքի կգա:

— Սկսում է մթնել, շուտով այստեղ կարող ենք տեսնել Սնեյկին իր ընկերների հետ, կարծում եմ պետք է գնանք,- ասաց Դինգոն:

— Չենք կարող`  տղային շարժել չի կարելի: Գիշերն այստեղ կանցկացնենք:

— Իսկ Սնեյկը…

— Մի՞թե դու վախենում ես նրանից:

— Ո’չ, բայց եթե նա իմանա այս մասին, ապա բոլորին կհայտնի, այդ թվում և անտառի պահապանին: Արդյունքում դու կզրկվես քո պաշտոնից, իսկ մյուս հետևանքների մասին էլ չեմ խոսում:

— Ես նրանցից չեմ, ովքեր դողում են իրենց պաշտոնի վրա, որից առանց այդ էլ ձանձրացել եմ, իսկ այլ հետևանքներ հուսով եմ`  չեն լինի, քանի որ մենք այստեղ կյանք ենք փրկում: Իսկ եթե չեք ուզում, որ Սնեյկն իմանա այս մասին, ապա Նիկսի հետ պահակ կանգնեք, եթե տեսնեք, ինձ ասեք, ես գիտեմ նրանից ինչպես ազատվել: Ասի’լա, իսկ դու պետք է քնես: Այս անձավն ապահով է`  այնտեղ կգիշերես:

Ասիլան չառարկեց, քանի որ շատ էր հոգնել ու աչքերը փակվում էին: Գիշերը շատ հանգիստ անցավ: Միայն լուսադեմին լսվում էին ծղրիդների ու չղջիկների ձայները: Ասիլան արթնացավ ու միացավ մյուսներին:

— Կիսա’, դու երևի շատ ես հոգնել: Գնա քնիր, ամբողջ գիշեր արթուն ես եղել,- խոսեց Դինգոն,- մենք բոլորս էլ ինչ-որ չափով քնել ենք, ես ու Նիկսը հերթափոխով, Ասիլային ինքդ ուղարկեցիր քարանձավ, իսկ Ակին երեկվանից դեռ չի արթնացել:

Այդ պահին ծանր տնքոց լսվեց:

— Արթնանո~ւմ է…,- զվարթ ձայնով ասաց Ասիլան ու ուրախությունից նրա դեմքը փայլեց: Ակիի դողացող աչքերը բացվեցին: Նա մի պահ վախեցավ, ապա, տեսնելով քրոջը, փոքր-ինչ հանգստացավ: Տրորեց աչքերը` համոզվելու արդյո՞ք երազ չէ: Չէ ամեն ինչ իրական էր: Նա մի քանի անգամ էլ կտրորեր աչքերը, եթե համոզված չլիներ, որ առաջը նորից նույն պատկերը չի լինի` աչքերը չռած իրեն նայող աղջնակ, հովազ և գայլ…

— Դե մի բան ասա,- դիմելով եղբորը` Ասիլան խախտեց լռությունը:

— Ասի… ինչպե՞ս ես: Հո քեզ չե՞ն վնասել,- ապա ուշադիր զննելով շուրջը շարունակեց,- մի՞թե այս գազանները տարօրինակ հագնված աղջկանն են:

— Ոչ…,- ծիծաղեց Ասիլան,- այստեղ ոչ-ոք ոչ մեկին էլ չի պատկանում, յուրաքանչյուրն ազատ է, ոչ այնպես, ինչպես քաղաքում: Տարօրինակ հագնված աղջիկը Կիսան է: Նա փրկեց քեզ: Հովազը` Դինգոն, Կիսայի քույրն է, գայլը նրանց ընկերը…

— Հովազը մարդու բարեկա՞մ. անհնար է,- զարմացավ Ակին:

— Հնարավոր է,- կտրուկ միջամտեց Կիսան ու փոխեց խոսակցության իր համար ոչ այնքան հաճելի թեման,- անտառում նույն տեղը երկար մնալ չի կարելի, եթե դա քո տարածքը չէ, պետք է հեռանալ այստեղից:

Ակին դեռ թույլ էր, այդ իսկ պատճառով Դինգոն նորից տանում էր նրան իր մեջքին: Բայց այս անգամ ուղևորը զգոն էր ու փոքր-ինչ վախեցած: Նա նստած տեղը դողում էր, երբեմն-երբեմն էլ կտրուկ շարժումներ անում, ինչը խանգարում էր Դինգոյին, ուստի վերջինս էլ դանդաղ էր քայլում, իսկ մյուսները նրանից առաջ չէին ուզում անցնել: Նիկսի գործն ընդհակառակը` հեշտացել էր. Ասիլան երկար ժամանակ ոտքով էր քայլում ու նստում էր գայլի մեջքին միայն երբ հոգնում էր: Կեսօրին նոր տեղ հասան: Ակին տեղավորվեց դրսում ու շուտով նրա համար զանազան մրգեր բերեցին: Նա չտեսի նման հարձակվեց ուտելիքի վրա ու իրար հետևից բերանն էր լցնում ու առանց ծամել կուլ տալիս առջևում դրվածը: Հանկարծ քրքջոց լսեց. գլուխը բարձրացնելով` տեսավ Կիսային` նստած ծառի տակ ինչ-որ նշումներ անելիս: Ակին անմիջապես փոխեց իր պահվածքը` ուտել սկսելով քաղաքակիրթ մարդու պես: Զգալով, որ ավելի ծիծաղելի տպավորություն է թողնում, բարկացած խոսեց.

— Դե հերիք է, երկու օր է ոչինչ չեմ կերել:

— Իսկ ինչու՞ ես վրդովվում, ես քեզ ինչ-որ վատ բա՞ն եմ ասել,- մոտենալով խոսեց Կիսան:

— Ապա ինչու՞ էիր ծիծաղում:

— Որովհետև ծիծաղելի էր…

— “Որովհետև ծիծաղելի էր…”, հը,- ցածր կրկնեց Ակին: Կիսան հեռացավ` թողնելով Ակիին իր ախորժակի հետ: Նա էլ, ավարտելով ընթրիքը, փռվեց կանաչ խոտերով ու անուշաբույր ծաղիկներով լի մարգագետնում ու իսկույն քնեց: Մի ճերմակ շորերով աղջիկ այդ մարգագետնից ծաղիկներ էր հավաքում, հետո մոտեցավ նրան, նստեց կողքին ու սկսեց համբուրել: Ակին բացեց աչքերը. Կիսան կանգնած էր նրա գլխավերևում, իսկ ինչ-որ գազան իր դեմքն էր լիզում:

— Թո’ւ, թո’ւ… անճոռնին մտավ բերանս, թո’ւ,- սթափվեց Ակին:

— Մի վիրավորիր, թե չէ կկծի: Սա Նիլն է` Նիկսի փոքրիկ քույրիկը: Շնորհակալ եղիր, որ նա քեզ գտավ, թե չէ գիշերը բորենիներն ու անգղները վերջդ կտային:

— Գոնե մի քիչ ուշ գայիք, այնքան լավ ու հաճելի երազ էի տեսնում…

— Վաղ առավոտյան գնալու ենք անտառի պահապանի մոտ, պատրաստվիր: Նա ուզում է հետդ զրուցել, կարծում եմ` դու էլ նրան ասելու բան ունես:

Ակին շատ լավ պատկերացնում էր, թե ինչ պետք է պատմի ու համոզված էր, որ իր հաղորդած տեղեկությունը շատ կարևոր է: Նա մի քանի անգամ կրկնեց ասելիքը ու նոր քնեց: Գիշերը նրան նորից այցելեց նույն երազը, բայց այս անգամ ճերմակ հագուստով աղջիկը, նստելով նրա մոտ, ոչ թե համբուրեց, այլ ուժեղ գոռաց ականջին: Ակին վեր թռավ: Կիսան կանգնած էր իր կողքին:

— Այդ դու՞ էիր, թե՞ նա:

— Այստեղ ոչ մի ՙնա՚ չկա: Միայն ես եմ:

— Պարտադի՞ր էր այդպես ուժեղ գոռալ ականջիս տակ:

— Իհարկե’, շուտ արա, բոլորը քեզ են սպասում:

— Ախր ո՞վ է տեսել` մարդ այդքան շուտ քնից վեր կենա,- կոշիկները հագնելով` մրթմրթում էր Ակին:

Մեծ թվով գազանների ուղեկցությամբ նրանք հասան անտառի խորքը: Բոլոր կենդանիները առաջ էին գալիս, ծնկի իջնելով` ողջունում պահապանին: Այնուհետև, նստած, շրջան կազմեցին: Կիսան ներկայացրեց Ակիին, ապա նստեցրեց նրան Ֆելիսի դիմաց (այդպես էր պահապանի անունը): Վերջինիս մի կողմում նստած էր Կիսան, իսկ մյուսում քոսոտ շորերով մի քնձռոտ պառավ: Ակին սկսեց խոսել.

— Մեր ընտանիքը ապրում էր երկրի ծայրամասում: Ծնողներիս մահից հետո, ես, վերցնելով քրոջս, եկա քաղաք. հույս ունենալով որևէ կարգին աշխատանք գտնել: Առաջին իսկ օրից իմ ուշադրությունը գրավեցին տարօրինակ խոսակցություններ ինչ-որ “Ալազայի անեծքի” մասին: Բոլորի շուրթերից միայն դա էի լսում, սակայն ոչինչ չէի հասկանում: Մի օր ծանոթացա մի տղայի հետ: Անունը չեմ հիշում, բայց նա ինձ ամեն ինչ բացատրեց: Ուրեմն այսպես.

“14, 15 տարի առաջ քաղաքում մի ջահել կին էր ապրում, մեկ ամսական փոքրիկ աղջիկ ուներ, որին մենակ էր դաստիարակում, քանի որ ամուսինը` մինչ մանկան ծնվելը, լքել էր ընտանիքն ու հեռացել երկրից: Կնոջ անունը Ալազա էր: Նա աշխատանք չուներ և չգիտեր ինչով պահեր աղջկան: Ծախսում էր երկար տարիների հավաքած, սակայն չնչին գումարը` գնելով միայն ուտելիք: Հարկահաններն ամեն օր անհանգստացնում էին նրան` պահանջելով մեծ գումարներ: Կինը փորձում էր խույս տալ վճարելուց` պատասխանելով, որ իր ամուսինը մեկնել է երկար ժամանակով աշխատանքի: Երբ վերադառնա, փող կբերի: Այսպես շարունակվում էր մեկ շաբաթ, երկու… մինչև որ հարկահանների համբերությունը սպառվեց: Մի օր նրանք դուռը ջարդելով մտան ներս` և պահանջեցին իրենց գումարը: Ալազան բղավեց, որ ոչինչ չունի, սակայն միրուքավոր հարկահանը չհամոզվեց. բռնելով կնոջը` գոռաց.”ՙԻնչպե՞ս թե ոչինչ, բա սա…” և ամբողջ ուժով քաշեց նրա վզից կախված բարակ, ոսկե ապարանջանը` նրա ունեցած միակ արժեքավոր իրը: Ապա շարունակեց. “Քարուքանդ արե’ք եղածը, վերցրեք ամեն պիտանի բան,- այնուհետև դառնալով Ալազային` ասաց,- դու իսկապես ոչինչ չունես: Այստեղի բոլոր իրերը միասին վերցրած քո պարտքի կեսն էլ չեն փակի, միգուցե ուզում ես ա՞յլ կերպ վարձահատույց լինել…”: Կինը ապտակեց միրուքավոր հարկահանին և փախավ, սակայն մեկ ուրիշը բռնեց նրան: “Վերցրե’ք երեխային, տեսնենք հիմա ինչ կանի”: Ինքնագոհ խոսում էր հարկահանը: “Ո~չ…” գոռաց Ալազան ամբողջ կոկորդով: Բոլոր հարևանները ներս թափվեցին: Ալազան արմունկով խփելով իրեն բռնած հարկահանի կողին` վերցրեց բարուրիկին ու փախավ…”

— Ինչու՞ ես պատմում այս ամենը: Չէ՞ որ դա մեզ հետ կապ չունի,- ընդհատեց Ակիին պահապանը:

— ՈՒնի, հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է: Կարելի՞ է շարունակել:

— Իհարկե,- թույլատրեց Ֆելիսը: Ակին սկսեց խոսել` պատմելու ընթացքում հայացքը Կիսայից չկտրելով.

“Միրուքավոր հարկահանը բացատրեց ներկաներին, որ այդ կինը անառակի մեկն է և տարիների պարտք ունի, այնուհետև ձի հեծելով մի քանի հարկահանների հետ ընկավ կնոջ հետևից, որը փախչում էր անտառ: Այնտեղ էլ նրան բռնեցին: Ալազան անիծեց բոլորին, սակայն նրան ոչ-ոք չէր լսում այլ միայն հարվածում էին խեղճին մտրակներով, մինչև որ նա մահացավ, իսկ բարուրիկի մասին ոչ-ոք ոչինչ չգիտի…”:

Վերջին խոսքի վրա Ֆիռգուն ու պառավը իրար նայեցին: Տիրեց լռություն: Ֆիռգուն գլխով արեց, իսկ Ակին, ոգևորված իր պատմածի ազդեցությամբ, շարունակեց.

-Այդ օրվանից սկսած ինչքան որսորդներ, կամ հետաքրքրասեր մարդիկ մտել են անտառ, հետ չեն վերադարձել: Իսկ երբ ժողովուրդը իմացավ, որ մահից առաջ Ալազան անիծել է անտառը, սկսեց լեգենդներ պատմել`  իբր այդ անեծքն է գաղտնի անհետացումների պատճառը: Շատերն էլ ասում են, որ նրա հոգին շրջում է անտառում և կարող է իջնել քաղաք ու տանել բարուրիկ երեխաներին` իբրև իր աղջկա վրեժ: Այսպիսով երկար ժողովներից հետո որոշվեց անտառը ոչնչացնել: Այդպիսի մի ժողովի էլ ես էի մասնակցում: Չեք պատկերացնի, թե ինչ հիմարություններ էին խոսում. իբր թե Ալազայի հոգին մասնատվել է և մտել անտառի բոլոր կենդանիների մեջ և նրանց պետք է ոչնչացնել անտառի հետ միասին: Իսկ հավաքված մասսան միաձայն բղավում էր “Այո~”: Այդ ժամանակ ես հակառակվեցի` ասելով, որ նման ոչինչ չկա և անտեղի չարժե նման բան անել, քանզի երկու կողմերն էլ կտուժեն: Բոլորն ըմբոստացան իմ դեմ: Այդ տեսնելով մի ծերուկ ոգևորվեց. “Տարեք դրան անտառ, թող գազանները վերջը տան, այդժամ կտեսնի` ում է պաշտպանում”:

Ակին ավարտեց իր պատմությունը: Ֆելիսը խոժոռեց դեմքը.

— Ասում ես պատրաստվում են հարձակվե՞լ:

— Այո’:

— Իսկ ե՞րբ:

— Այդ մեկն ինձ հայտնի չէ, սակայն կարծում եմ, որ պետք է ամեն րոպե պատրաստ լինենք: Առաջին հերթին ճիշտ կլինի պահակ կանգնեցնել անտառի եզրին, որևէ մեկին, ով արագավազ է և մթության մեջ լավ է տեսնում…

— Խելացի միտք է, Նիկսն ու իր եղբայրը կանեն այդ: Արդեն ուշ է. բոլորդ ազատ եք,- խոսեց պահապանը:

Երբ հյուրերը հեռացան, պառավը սկսեց խոսել.

— Կիսայի վերաբերյալ սիրտս վատ բան է կանխազգում:

— Ինչո՞ւ ես այդպես խոսում:

— Երեկ երազ տեսա: Չէի ուզում լուրջ ընդունել, բայց այս տղայի պատմածն ամրապնդեց կասկածներս:

— Ինչու՞մ:

— Դե սպասիր էլի, ասում եմ: Երազիս Կիսան թռչկոտում էր ծառերին, հանկարծ վայր ընկավ: Հետո կանգնեց ու բաժանվեց երկու մասի: Մեկը` թույլ, հիվանդ, տեղնուտեղն ընկավ ու մահացավ, իսկ մյուսը ցատկեց ծառի վրա ու անհետացավ անտառի խորքում:

— Դա ի՞նչ է նշանակում:

— Չգիտեմ` ինչպես բացատրել… Արդեն մեկ շաբաթ է, ինչ զգում եմ երկրորդ Կիսայի ներկայությունը…

Ֆելիսը չխոսեց, կարծես նմանատիպ մի զգացում ինքն էլ ուներ: Քիչ լռելուց հետո ասաց.

— Հետևիր, որ այս րոպեից սկսած հերթապահությունը սկսվի:

 

Մաս 4-րդ

Չորս, հինգ օր ամեն ինչ խաղաղ էր: Երեկոյան բոլորը հավաքվում էին “Մեծ” բացատում և լսում Ակիի պատմությունները` քաղաքի մասին: Մի առավոտ, երբ բոլորը զբաղված էին իրենց գործերով, լսվեց վտանգի ազդանշան: Երկու րոպե անց կենտրոնական բացատում մեծ բազմություն էր հավաքվել: Առաջնորդը, տեսնելով այդ, սկսեց խոսել.

— Քաղաքից զգալի թվով մարդիկ բարձրանում են անտառ: Հարկավոր է շուտ պատրաստվել և նրանց դեմն առնել,- նա այլևս չշարունակեց` տեսնելով աշխույժ շարժումներ:

Որոշ ժամանակ անց կենդանիների մի ստվար զանգված շարժվում էր դեպի անտառի ծայրը: Շուտով երկու կողմերը հանդիպեցին:

— Նշա~ն,- լսվեց բազմության միջից և ահագին թվով վարժ նետաձիգներ ձգեցին աղեղներն ու սպասեցին հրամանի:

— Կրաաա~կ,- և նետերի անձրևը ճեղքեց երկինքը: Բոլոր կենդանիները մեկ ցատկով անհետացան ծառերի հետևում` խուսափելու համար նետերից, այդ թվում և Կիսան, հանկարծ աչքովն ընկավ բացատի մեջտեղում նստած Ասիլան, որը փայտե տիկնիկը ձեռքին, վախեցած նայում էր թափվող նետերին, որոնք հրավառության տպավորություն էին թողնում: Կիսան այդ պահին մոռանալով ամեն ինչ` ցատկեց դեպի Ասիլան և մարմնով ծածկեց նրան: Այդ ամենը կատարվեց մեկ վայրկյանում, ոչ-ոք ոչինչ չհասկացավ: Եվ հանկարծ… անթիվ նետերը ծածկեցին Կիսային` խրվելով մեջքը, ոտքերն ու ձեռքերը և ամբողջ գետինը: Անտառի այդ փոքրիկ հատվածը նմանվեց հսկա ոզնու: Դինգոն, չհավատալով աչքերին, բարձր մռնչաց և հարձակվեց նետահարողների վրա: Նրան հետևեց Նիկսը և նույնիսկ Սնեյկը, հետո`  բոլոր գազանները: Բազմությունը փորձեց դիմադրել, սակայն տեսնելով, որ անզոր է, և ամեն ինչ` ապարդյուն, փախուստի դիմեց. պատճառաբանելով, թե Ալազան զայրացել է:

Դինգոն վերադարձավ քրոջ մոտ: Այնտեղ էր պահապանի օգնական պառավն ու Ակին` փաթաթված քրոջը: Դինգոն մոտեցավ, դունչը մտցրեց Կիսայի մազերի մեջ, փնչացրեց և պառկեց նրա կողքին:

— Մի’ շտապիր հանգստանալ,- խոսեց պառավն` ակնարկելով Դինգոյին, ապա շարունակեց,- նրան պետք է տեղափոխել հանգիստ վայր:

Ակիի օգնությամբ ուշագնաց Կիսային տեղափոխեցին Դինգոյի մեջքին և դանդաղ քայլերով շարժվեցին: Բոլորը լուռ էին: Ճանապարհին Կիսան մեկ-մեկ բացում էր աչքերը, նայում շուրջն ու նորից գլուխը կախում:

— Այստեղ մոտերքում փոքրիկ բացատ կա,- խոսեց Ակին,- ես երեկ այնտեղ էի: Շատ գեղեցիկ է` գունավոր, բուրումնավետ ծաղիկներ, կանաչ խոտ, թռչունների դայլայլ…

— Քիչ խոսիր:

— Իսկ մենք արդեն տեղ հասանք,- լարված դրությունը փորձեց շտկել Ասին:

Լադին (օգնական պառավը) հանձնարարեց Կիսային պառկեցնել գետնին: Հետո ասաց.

— Գնացեք մյուսների մոտ, նրանք երևի շատ են անհանգստանում: Ես և Ասին կմնանք` հետևելու վիրավորին,- այնուհետև ձեռքը դնելով Ասիի գլխին, մտքում շարունակեց,- շուտով ես էլ կգնամ:

— Ասի’լա, հետևիր նրան,- բոլորի հեռանալուց հետո խոսեց պառավն ու անհետացավ: Կիսայի մարմինն ամբողջովին դողում էր:

— Դու փրկեցիր իմ կյանքը,- անընդհատ կրկնում էր Ասին: Հանկարծ Կիսան բացեց աչքերը ու սկսեց ուժեղ ցնցվել: Նրա հայացքը կանգ առավ մի կետի: Աչքերը սկսեցին լցվել կանաչ գույնով, իսկ եղունգները`  արագ երկարել:

— Կիսա’, արթնացի’ր, արթնացի’ր,- հրելով նրան խոսում էր Ասիլան: Նա շատ էր վախեցած և գլխով անցնում էին զանազան մտքեր. “Սա նա՞ է, թե՞ ոչ: Ինչ սառն են աչքերը` ապակենման, իսկ եղունգները` մատներից էլ երկար: Կարծես մեկը նրան օձի թույն է ներարկում”:

գիտեմ-գիտեմ` նկարչական տաղանդով չեմ փայլում, էն էլ 14 տարեկանում😀

— Գնամ օգնություն բերեմ,- բարձրաձայնեց նա:

Այդ պահին Կիսան բռնեց Ասիի ձեռքը: Վերջինս ծնկեց նրա դեմ և սկսեց հեկեկալ: Կիսան փակեց աչքերը, շրթունքները շարժեց, հազաց և բերանից բաց թողեց փրփրած արյունը, որը թափվում էր այտերով ցած` կարմիր ներկելով նաև վարսերը: Նա ամբողջ ուժով ճանկռեց Ասիլային և ընկավ մեջքի վրա` անհեթեթ տարածելով թևերը: Ապա արձանացավ` անմիտ ժպիտը դեմքին:

***

Լսվեց ոտնաձայն.

— Կիսաա~…,- հեռվից գոռալով մոտենում էր Ակին,- Կիսաա~…

Ասիլան արագորեն պտտվեց.

— Ասի՞…,- հազիվ արտաբերեց Ակին, ապա ուշաթափվեց` տեսնելով քրոջ կանաչ, ապակենման աչքերն ու չափազանց երկար եղունգները…

***

Ճանկռելով Ասիլային` Կիսան իր գերբնական ուժը փոխանցեց նրան:

Մանրամասները anulikk
I always try to be positive

15 Responses to Լեդի Կիսա

  1. 125...ասում է՝

    inch haves es unececel?🙂

  2. 125...ասում է՝

    ha, chisht, vor galisa — haves linuma, bayc axr misht anharmar jamanaka galis🙂

    • anulikkասում է՝

      հաաա😀 էտ հաստատ !!! ու քանի չի փախել պիտի գրի առնես… թե չէ իրան ինչ կա, կթողնի սուս-փուս կգնա

      • 125...ասում է՝

        u amenakarevor@ — aranc barev u hajox🙂

      • anulikkասում է՝

        ու բերածն էլ հետը տանումա😀 ))) տենց էնքան մտքեր եմ կորցրել, երբ ալարել եմ գիշերը գրի առնել, մտածել եմ կհիշեմ էլի😀

      • 125...ասում է՝

        ay ed alarel@🙂, che, vor mi ban mtacum em — heto hishum em, menak te alarum em grem🙂

      • anulikkասում է՝

        բա որ մուսան ջղայնացավ ու էլ չեկավ?🙂

      • 125...ասում է՝

        kga, anpayman kga, hakarak depqum mi qani voski tallu k@llanq u kga🙂, ham el ova iran ixndrel vor ga?😀

      • anulikkասում է՝

        իիի, հաստատ նեղացավ😀 էլ չսպասես !!
        իմն էլ վաղուց ինձ մոռացելա😦 3-րդ պատմվածքիս հետ միասին 2007-ից իրան ենք սպասում

      • 125...ասում է՝

        inq@ henc galisa, im hamar lav chi linum🙂, nenc vor kara hangist xghjov im mot chga. araj henc galis er, lav baner ei mtacum, hima` hakarak@-galisa, kataxacnuma, sax bacasakan emocianer@ lcnuma glxis u gnum🙂. de es el ashxarhi tak inchqan vat ban ka hishum em u grum;

      • anulikkասում է՝

        :D:D:D վաաայ էտ մուսան չի, մուսան մենակ լուսավոր բաներա բերում

      • 125...ասում է՝

        😀😀😀 — inqna, gitem🙂, ed vat banern el luyseri nerqoya nerkayacnum🙂

  3. Syuzi Hovhannisyanասում է՝

    durs shat ekav, bayc verj@ chhaskaca :(((

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: