Հեղինակային իրավունք

Ռեֆերատ Մտավոր սեփականություն առարկայից🙂

Հեղինակային իրավունքը, որի նորմերը կարգավորում են գիտության, գրականության ու արվեստի գործերի ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, գիտնականների մեծ մասը դիտում են որպես քաղաքացիական իրավունքի հատուկ ինստիտուտ: Ի տարբերություն այլ ինստիտուտների, այն կարգավորում է մտավոր աշխատանքի արդյունքների արտադրության եւ փոխանակման հետ կապված հարաբերությունները: Ստեղծված աշխատանքներն անբաժանելի են իրենց հեղինակներից, եւ հետեւաբար, վերջիններիս իրավունքը անձնական ու բացառիկ բնույթ ունի: Այս հանգամանքերը զգալիորեն ազդում են հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորման վրա` հեղինակային իրավունքն առանձնացնելով որպես համեմատաբար անկախ միավոր:

Հիմնականում առանձնացնում են հեղինակային իրավունքի հետևյալ նպատակները.

1. հեղինակային իրավունքը պետք է խրախուսի գիտության, արվեստի ու գրականության գործեր ստեղծելու գործընթացը` ստեղծել աշխատանքներ, որով նպաստում է ստեղծագործական գործունեությամբ զբաղվածելու պայմանների ստեղծմանը, ապահովում է ստեղծագործական ձեռքբերումների իրավական ճանաչումն ու պաշտպանությունը, ամրապնդում իր ստեղծածը օգտագործելու և դրանից եկամուտ ստանալու հեղինակի իրավունքը և այլն:

2. ստեղծագործության լայնորեն կիրառման պայմանների ստեղծում` հասարակական շահի համար. այսինքն` հեղինակի իրավունքի պաշտպանության աճը ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտի կրթության եւ լուսավորության նպատակով դրանց օգտագործմանը կամ թույլ չտա ընթերցողների, հեռուստադիտողների, ունկնդիրների լայն լսարանին ծանոթանալ դրանց հետ:

Հեղինակային իրավունքի նշված նպատակները սերտորեն կապված են դրա սկզբունքների հետ: Այդ սկզբունքերի թվին են դասվում.

1.ազատ ստեղծագործելու սկզբունքը. — Ապահովելով ստեղծագործության ազատությունը, օրենքը պաշտպանում է գիտության, գրականության ու արվեստի բոլոր գործերը, անկախ դրանց նպատակից, առավելություններից ու արտահայտման ձևից: Այս նպատակով օրենքը որևէ ցուցակով չի սահմանափակում պահպանվող աշխատանքների շրջանակը և պահպանում է ստեղծագործական գործունեության ցանկացած արդյունք, որն ունի օբյեկտիվ ձև: Ստեղծագործողներն ազատ են թեմայի, սյուժեի ժանրի ու ձևի ընտրության մեջ:

2. հեղիանակային և հասարակական շահի հավասարակշռման սկզբունքը. Հեղինակային իրավունքի հիմքում` հեղինակին` ստեղծած աշխատանքների օգտագործման մենաշնորհ տալն է: Սակայն, չսահմանափակված մենաշնորհը անհրաժեշտ ու հնարավոր է միայն չհրապարակված ստեղծագործությունների նկատմամբ: Իսկ եթե հեղինակի համաձայնությամբ ստեղծագործությունը դարձել է հանրամատչելի, ապա նրա իրավունքը չի կարող այնքան ընդարձակ լինել, որ ամբողջովին անտեսի այլ քաղաքացիների և ամբողջ հասարակության շահերը:

3.անօտարելիության բարոյական իրավունքի սկզբունքը. – այսինքն` ստեղծագործության և ստեղծագործողի միջև առաջացող անքակտելի կապը: Ստեղծագործողի համար առաջանում են անձնական ոչ գույքային անօտարելի իրավունքներ` հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը: Այս սկզբունքով հայկական և ռուսական օրենքը տարբերվում են մյուս երկրերի հեղինակային իրավունքից, որոնցով սահմանվում է, որ հեղինակի բարոյական իրավունքները (հեղինակության, անվան եւ այլն) չեն կարող փոխանցվել այլ անձանց, նույնիսկ եթե հեղինակը տվել է իր համաձայնությունը: Նման համաձայնությունը իրավաբանական ուժ չունի և անվավեր է, նույնիսկ, երբ աշխատանքը ստեղծվել է ծառայության պատվերի կարգով:

4. հեղինակային պայմանագրի ազատության սկզբունքը. — Այս սկզբունքը փոխարինել է ավելի վաղ գործող հեղինակային իրավունքի հիմնարար իրավունքների նորմատիվ կարգավորման ու հեղինակային պայմանագրերի կողմերի պարտականությունների սկզբունքին: Վերջինիս վառ արտացոլումն էր այսպես կոչված, տիպային հեղինակային պայմանագրերի գոյությունը, որոնք նորմատիվ արժեք ունեին և կարգավորում էին ստեղծագործության հեղինակի և օգտագործողների հարաբերությունները: Ռուսաստանում հեղինակային իրավունքի մասին նոր օրենքը հրաժարվում է այդ հարաբերությունների խիստ կարգավորումից: Այնտեղ միայն ամրագրված են հեղինակային պայմանագրերի հնարավոր մոդելներ, և պարտադիր պայմաններ, որ պետք է առկա լինեն կողմերի համաձայնությամբ:

Ինչ վերաբերում է հեղինակների օրինական շահին, դրանք մի կողմից պահպանվում են հեղինակային պայմանագրերում ակնհայտ պարտավորեցնող պայմանների արգելքով, ինչպես օրինակ աշխատանքի հեղինակային իրավունքների փոխանցումը, որ հեղինակը կարող է ստեղծել ապագայում, և, մյուս կողմից` հեղինակներին որոշակի իրավունքներ տվող կանոններով, օրինակ` պայմանագրի դադարեցումը կնքելու օրից հինգ տարին լրանալուց հետո, եթե պայմանագրով որոշակի ժամկետ նախատեսված չի:

Հեղինակային իրավունքով պաշտպանվում են ստեղծագործական գործունեության բոլոր արդյունքները, այն ունի ունիվերսալ, համապարփակ բնույթ:

 

Հեղինակային իրավունքի օբյեկտները

 

Հեղինակային իրավունքի օբյեկտներին է վերաբերում “ՀՀ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին” օրենքի (ընդունած 15.06.2006թ.) 3-րդ հոդվածը, ինչպես նաև  “ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի” (ընդունած 05.05.1998թ.) 63-րդ գլխի 1111-րդ հոդվածը: Հեղինակային իրավունքը տարածվում է գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների վրա, որոնք ստեղծագործական գործունեության արդյունք են` անկախ աշխատանքի նպատակից և արժանիքից, ինչպես նաև արտահայտման ձևից: Այդպիսի աշխատանքների թվին են դասվում` գիտական, գրականության աշխատությունները, այդ թվում համակարգչային ծրագրերը, գեղանկարչության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի ստեղծագործությունները, դրամատիկական և երաժշտական, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները. պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները, տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը), նկարներ, քանդակներ, գրաֆիկա, դիզայն եւ այլն, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի, լուսանկարչական ստեղծագործությունները. քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը; արվեստի, լուսանկարչական աշխատանքներ, աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները եւ պլաստիկ ստեղծագործությունները, տառատեսակները և այլն: Օրենքն առանձին հոդվածներով անդրադառնում է հեղինակային օբյեկտներից յուրաքանչյուրին:

Անհրաժեշտ է, որ ստեղծագործությունը ամրագրված արտահայտված լինի օբյեկտիվ ձևով, օրինակ` գրավոր կամ բանավոր, աուդիո կամ վիդեո տեսքով: Օրենքը պաշտպանում է ոչ միայն ամբողջական, այլև անավարտ աշխատանքներ (էսքիզներ, նախագծեր, մոդելներ, մակետներ): Պաշտպանությունը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն համարվում  ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները, օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը, պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ), քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը. առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

 

Հեղինակային իրավունքի սուբյեկտները

 

Հեղինակային իրավունքի սուբյեկտը հեղինակն է` ֆիզիկական անձ, որի աշխատանքով ծնվում է ստեղծագործությունը: Հեղինակ չեն համարվում այն անձիք, որոնք տվյալ մտավոր գործունեության արդյունքում չեն  ունեցել անձնական ստեղծագործական ներդրում, կամ հեղինակին ցուցաբերել են տեխնիկական, կազմակերպչական, նյութական աջակցություն, ինչպես նաև` նպաստել են հեղինակային իրավունքի ձեռքբերմանն ու օգտագործմանը: Հեղինակ չեն համարվում  համապատասխան աշխատանքը հսկողները: Խոսելով հեղինակային իրավունքի մասին, անհնար է չանրադառնալ համահեղինակությանը, ինչը ևս  պաշտպանվում է ՀՀ օրենքով: Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից: Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ: Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործելու իր հայեցողությամբ:

Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։

Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելելու մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը:

 

Հեղինակային իրավունքի ծագումը

 

Հեղինակային իրավունքը առաջ է գալիս ստեղծագործության ծննդի փաստի ուժով: Դրա առաջացման, իրականացման եւ պաշտպանության համար որևէ ձևականություն չի պահանջվում, ինչպես օրինակ` ստեղծագործության գրանցումը:

Հեղինակն իր իրավունքի մասին տեղեկացնելու համար կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պաշտպանության հատուկ նշան, որ տեղադրվում է ստեղծագործության ամեն օրինակի վրա: Այս նիշը բաղկացած է երեք տարրերից` շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից, բացառիկ իրավատիրոջ անունից (անվանումից) և աշխատանքի առաջին հրապարակման տարեթվից: Այս նշանին հանդիպում ենք  թե’ գրքերի, թե’ ֆիլմերի վերջում: Նշանի օգտագործումը պարտադիր չէ. դրա հիմնական նպատակն է կանխել հեղինակային իրավունքի խախտումը երրորդ անձի կողմից, ինչպես նաև դատական գործընթացում հեղինակային իրավունքը ապացուցելու գործընթացը հեշտացնելը: Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է ստեղծագործությունը:

Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է ստեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում: Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։ Փորձենք առավել մանրամասնել հեղինակի անձնական ոչ գույքային, գույքային և բացառիկ իրավունքները.

Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը: Նրան  են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները` ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք), ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք), ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք), ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք):

Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես` ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք), ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք), ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք), ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք), ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք), ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք), ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք), ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք), ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք), ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք), ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք), ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում: Իրավունքի նշած ձևերից յուրաքանչյուրին օրենքն անդրադառնում է առանձին հոդվածներում:

Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը:

Հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն, բացառությամբ “ՀՀ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին”  օրենքի 22-26-րդ (ստեղծագործության ազատ օգտագործումը, անձնական նպատակով վերարտադրումը, վերարտադրումն արտատպման եղանակով, բաց վայրերում օգտագործումը և այլն) և 36-րդ հոդվածների։

Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով, որը կնքվում է՝ հեղինակի և ստեղծագործությունն օգտագործողի միջև, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և ստեղծագործությունն օգտագործող անձանց միջև, բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց և օգտագործողների միջև։

Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ և բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության և հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի (Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունք)։

Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 50 տարի:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի:

Գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը: Հանրության սեփականություն դարձած ստեղծագործությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու, սակայն պահպանելով հեղինակի անվան, հեղինակության և համբավի ու արժանապատվության իրավունքները:

Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար: Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը: Հեղինակի ժառանգներն իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով: Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

***

Վերը շարադրածից եզրակացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հեղինակային իրավունքի պաշտպանությունը բարձր հիմքերի վրա է, այն իրականացվում է նորմատիվ ակտերի` “Քաղաքացիական օրենսգրքով”,  “Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին”, “Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին” և այլ օրենքների ու մի շարք ենթաօրենսդրական ակտերի միջոցով:

 

Աղբյուրները`

1.     Բարսեղյան Տ.Կ.- Մտավոր սեփականության իրավունք, ԵՊՀ, 2002թ.

2.     Судариков С.А. “Основы авторского права” Минск 2000г.

3.     ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` 10-րդ բաժին

4.     “Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” ՀՀ օրենք

Մանրամասները anulikk
I always try to be positive

6 Responses to Հեղինակային իրավունք

  1. 125...ասում է՝

    Ջաաաան, այ էս կետն ինձ պետք կգա🙂

    Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:

  2. Ծանուցում՝ Ստուգեք, ձեզ copy չե՞ն արել « My world

  3. maryասում է՝

    վերջը մի բան գտա. Շատ ապրես, որ քաղ իրավունքը ամբողջությամբ տեղադրես, ինձ կփրկես.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: