Պահը

Մութ էր… Ձմեռ… Ձյունը մեծ փաթիլներով էր տեղում ու նստում արդեն հաստ ձյան շերտի վրա: Ամպերի միջից ծիկրակող լիալուսինն էր միայն կոտրում գիշերվա խավարը: Հայկը արագ քայլերով շտապում էր տուն. մրսում էր: Լռության մեջ լսվում էր միայն նրա ոտքերի տակ ճմռվող թարմ ձյան ձայնը: Ձեռքերը գրպանում բռունցք արած, վիզը թաքցրել էր վերարկուի կանգնեցրած օձիքի մեջ… Տեղ-տեղ վազում էր, ապա, վախենալով ընկնել, նորից շարունակում էր փոքրիկ արագ քայլերով: Ջղաձգված էր… պարզապես նյարդերի կծիկ… ու ամեն մի ձայնից սարսռում էր, աջ ու ձախ նայում, սիրտը սկսում էր ավելի արագ խփել, չնայած քաջ գիտակցում է, որ մենակ է:

Հասավ:

Դռան առաջ երկար կանգնեց. ցրտից մատներն էնպես էին սառել ու քարացել, որ չէին ծալվում` բանալին ձեռքում բռնել չէր կարողանում: Մի կերպ ներս մտավ: Վերջապես ականջները դուրս եկան օձիքի տակից ու լսեց սեփական սրթսրթոցը: Հոգնած էր, նույնիսկ առանց շորերը հանելու մտավ վերմակի տակ: Գլխում սառած մտքերը սկսում էին հալչել ու նորից անհանգստացնել նրան, բայց ֆիզիկական հոգնածությունն ավելի ուժեղ էր ու մագնիսի պես գիտակցությանը քաշում էր քնի մեջ: Ատամներով կափկափելով վերջը քնեց:

Վեր թռավ դրսի տարօրինակ ձայներից, դեռ չէր լուսացել: Կարծես մեկը բարձրաձայն լալիս էր, նստեց տեղերի մեջ. չէ, ոնց որ շան վնգստոց է կամ էլ կատուներն են իրար գզում: Հետաքրքրասիրությունը հաղթեց ու Հայկը վեր կացավ` մոտեցավ պատուհանին. լիալուսին ու փայլող ձյուն… արդեն պատուհանից այս կողմ ինչ գեղեցիկ էր: Ձգվեց, աջ ու ձախ նայեց. ոչինչ չկար` նույնիսկ շուն կամ կատու: Եկավ նորից պառկեց: Հիմա, երբ ֆիզիկական հոգնածությունը նահանջել էր, անհագիստ մտքերը նորից գրոհեցին: Հասկացավ, որ էլ չի քնի: Աչքերի առաջից չէր ցրվում Էլիզի զարմացած դեմքը: Չէ, դա զարմանք չէր, ավելի շուտ` վախ… Հայացք, որով երբեք իրեն չէին նայել սիրելիի աչքերը… Հայացք, որը չտեսնելու համար Հայկը ամեն ինչ պատրաստ էր տալ… Բայց ժամանակը ետ չես պտտի: “Նա ինձ չի ների, նա ինձ երբեք չի ների…”,- անօգուտ բռունցքներով պատն էր ծեծում, ոտքերով հրմշտում վերմակը, ու սեփական անձի վրա կատաղությունը դուրս թափում հանկարծակի ճիչերով: Միթե այսքան թանկ պիտի վճարի` մի պահ ինքնատիրապետումը կորցնելու համար, ամենաթանկ գինը: Գլուխը բռնած թափահարում էր, կարծես այդ կերպ փորձելով ձերբազատվել մտքում անվերջ պտտվող Էլիզի խոսքերից. “Չերևաս էլ աչքիս, ես քեզ չեմ ճանաչում…”: Այդ օրից հետո Էլիզն էլ առաջվանը չէր, իր Էլիզը չէր, նրա աչքերում Հայկը էլ չէր գտնում այն փայլը, որը մի ողջ աշխարհ էր իր համար, ուր շտապում էր խորտակվել րոպե շուտ:

Մտովի նորից վերադարձավ այդ օրը… “Դե իհարկե, նա իմ մեջ գազան տեսավ, գազան, որ լրիվ անպատեհ արթնացավ… հիմա ինքս եմ ինձ ատում, նրանից ինչ եմ սպասում… գազան… ինչ գործ ունեմ մարդկանց մեջ…”  և հուսալքված հայացքը հառեց դիմացի պահարանի դռանը: Վեր կացավ,  պահարանից հանեց շիշն ու մոտեցրեց շուրթերին: Մի ժամ հետո շիշը դատարկ էր:

Վերարկուն գցեց վրան ու օրորվելով դուրս եկավ տանից: Լուսանում էր, կամ էլ ամպերն էին ցրվել ու լուսինը ամբողջությամբ փռվել էր ձյան հարթ շերտին: Ցուրտը չէր զգում, նույնիսկ կոճակներն արձակ էր թողել: Քայլում էր մրթմրթալով, տեղ-տեղ ծառերի հետ երկխոսության բռնվելով ու փորձելով համոզել, որ ինքը մեղավոր չէր…

-Գազանը մարդկանց մեջ տեղ չունի… ,- ու ի նշան համաձայնության սեփական մտքերին` լրացուցիչ գլխով էր անում: Երկար էր քայլել… հոգնածությունից էր, թե ալկոհոլի ազդեցությունից, բայց ոտքերն էլ չէր զգում: Ավտոմատ քայլերը Հայկին բերեցին գետի վրա գցված կամրջին: Կանգ առավ մեջտեղում ու մանկական ժպիտով սկսեց տնտղել սառույցի բարակ շերտը… որի տակից հոսող ջրի գունային խաղը նրան հյուսիսափայլը հիշեցրին: Մտքերով ընկած երկար զմայլվում էր, մինչև որ նորից խոժոռվեց… ու սառույցին արժանացրեց իր նույնքան սառը հայացքը…

-Գազանը մարդկանց մեջ տեղ չունի…

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to Պահը

  1. Goharասում է՝

    Apres, Anushik…

  2. Margaritասում է՝

    Apres lavn er , bayc verjy dajan . Miguce hnaravorutyun tayir gazanin verapoxveru u gtnerlu ir texy mardkanc sharqum.

    • anulikkասում է՝

      չէ… էտ արդեն իրա պատմությունը չէր լինի, վերնագիրն էլ ուրիշ կլիներ …. 🙂 մերսի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: