Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը

Ազգությամբ ֆրանսիացի պրոֆեսիոնալ վինդսերֆեր Սառա Հեբերտն արդեն 4 տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո` «Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը» կարգախոսով: Ֆրանսիայի թիմում ելույթ ունենալու տարիներին նա ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց, արդեն Հայաստանը ներկայացնելիս, դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Չնայած առողջական խնդիրներին, Սառան ցանկանում է ներկայացնել մեր երկիրը 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին և պատրաստվում է անցնել Ատլանտիկան Դաքարից մինչև Գվադելուպե: Չնայած խիտ գրաֆիկին, Հեբերտը սիրով համաձայնեց պատասխանել «Սպորտ Դե Ֆակտոյի» հարցերին հայ ընթերցողի համար:
 

Սառա, ի՞նչն է քեզ գրավում ամենից շատ վինդսերֆինգի մեջ: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս մարզաձևը:

— Դեռ վաղ հասակից օվկիանոսն ինձ վրա մեծ հետք է թողել և, կարծես, դարձել է անհատականությանս մի մասնիկը: Կյանքիս առաջին 12 տարիներն անցել են ընտանիքիս հետ առագաստանավով շրջագայելիս: Եվ ահա ես նորից շրջում եմ օվկիանոսով, բայց արդեն` մասնակցելով տարբեր մրցաշարերի: Առագաստանավային սպորտի մեջ ամենից շատ ինձ գրավում է ազատությունը և բնությանն այդքան մոտ լինելը: Այդ զգացողությունը պարզապես անփոխարինելի է, երբ օվկիանոսի կենտրոնում ես, և հորիզոնում մայրցամաք չի երևում: Ես սիրում եմ օվկիանոսը: 

-Իսկ ինչպե՞ս սկսվեց կարիերադ:

-Տասնվեց տարեկան էի, երբ երբ ծնողներիս ավտոտնակում նկատեցի վինդսերֆինգի տախտակը և որոշեցի փորձարկել այն… Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…

Երկար տարիներ հաջողությամբ հանդես էիր գալիս Ֆրանսիայի դրոշի տակ, երբ առողջական խնդիրների պատճառով զրկվեցիր արտոնագրից…

-Այո: Մոտ հինգ տարի առաջ հերթական բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ սիրտս անկանոն է աշխատում և, չնայած հետագայում լրացուցիչ հետազոտությունների ենթարկվեցի, մասնագետներին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչումն է խնդիրը: Այնպես որ նրանք ինձ խորհուրդ տվեցին ապահովության համար տեղադրել դեֆիբրիլյատոր: Դրանից հետոՖրանսիայի առագաստանավային սպորտի ֆեդերացիան վերցրեց իմ արտոնագիրը՝ համարելով, որ մեծ նվաճումներ այլևս ես չեմ կարող ունենալ…

-2007թ. դու ընդունեցիր Հայաստանի քաղաքացիությունը և վերջին տարիներին հանդես ես գալիս Հայաստանի դրոշի տակ: Ի՞նչպես նման որոշում կայացրեցիր:

-Ես մեծ ցանկություն ունեի մասնակցել Օլիմպիական խաղերին: Արտոնագրից զրկվելուց հետո ինձ հետ կապնվեց Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը (Միշել Զաքարյանը, ով բնակվում է Ֆրանսիայում-խմբ.): Նա ինձ առաջարկեց արտոնագիր, փոխարենը, որ ես ներկայացնեմ Հայաստանը Օլիմպիական խաղերին: Բացի այդ Սևանա լճում առագաստանավային սպորտի դասընթացներ անցկացնելու գաղափարը ինձ շատ գրավեց… Այդպիսով ես ընդունեցի Հայաստանի քաղաքացիությունը:

-Իսկ ընտանիքդ ինչպե՞ս վերաբերվեց վինդսերֆինգը շարունակելու որոշմանը:

-Բնականաբար բոլորն էլ շատ էին անհագստանում, հատկապես մայրս: Բայց նրանք ինձ լավ են ճանաչում, և որոշումս նրանց համար անակնկալ չէր…

2010թ. արդեն եղել ես Հայաստանում, ինչպիսի՞ն էին տպավորությունները:

-Այո, Հայաստան իմ այցը պարզապես հոյակապ անցավ: Ես շատ ժամանակ անցկացրեցի վինդսերֆինգով զբաղվող մի շարք երեխաների հետ: Նաև հանդիպում ունեցա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինձ վրա մեծ տպավորություն է թողել Սևանա լիճը: Այն հիանալի տեղ է` առագաստանավային սպորտով զբաղվելու համար: Հուսով եմ` շուտով նորից կայցելեմ Հայաստան…

Նշեցիր Օլիմպիադային մասնակցելու մասին. 2012թ. դու պատրաստվում ես Լոնդոնում ներկայացնել Հայաստանը: Ի՞նչ ակնկալիքներ ունես:

-Կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսել: Նախ պետք է հաղթահարել որակավորման փուլը, որից հետո նոր կկարողանամ մեկնել Լոնդոն:

-Գաղտնիք չէ, որ առաջիկա ծրագրերիցդ է անցնելԱտլանտիկան, ինչպե՞ս ես պատրաստվում այս փորձությանը, և առողջության համար արդյոք մե՞ծ չէ վտանգը:

-Այս փորձությունը նույնքան վտանգավոր է իմ առողջությանը, որքան ցանկացած այլ մարդու: Բայց ես տարիներով երազել եմ այդ մասին, և ամեն անգամ ջրի վրա դուրս գալիս, պատկերացնում եմ, թե ինչպես եմ սլանում դեպի Գվադելուպե: Ամենադժվարը թերևս հոգեպես պատրաստվելն է լինելու: Մոտ 3500կմ է, երկար ճամփորդություն է սպասվում` 20-25 օր: Ինձ ուղեկցելու է վեց հոգուց բաղկացած անձնակազմ, որոնց թվում է նաև սրտաբան:

-Իսկ ֆիզիկապես ինչպե՞ս ես պատրաստվում:

-Բնականաբար անընդհատ մարզվում եմ, սերֆինգով եմ զբաղվում: Ամենօրյա վարժությունների մեջ է մտնում նաև հեծանիվ վարելը և մարզասրահ հաճախելը: Ոչինչ հեշտ չի տրվում, պետք է ամուր լինել:

-Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:

— Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել իմ բանջարանոցում: Դա, կարծես, բնությանը ավելի մոտ լինելու մեկ այլ հնարավորություն լինի, բացի այդ ես բնական սնունդ եմ նախընտրում: Սիրում եմ ձիավարություն, նկարել… Բայց ամեից շատ ազատ ժամանակս տրամադրում եմ սպորտին:

-Մոտ ժամանակներս պլանավորո՞ւմ ես գալ Հայաստան:

-Ցավոք, դեռ ոչ, բայց ցանկությունը մեծ է, և հուսով եմ` հնարավորինս շուտ կստացվի նորից այցելություն կազմակերպել:

-Եվ վերջում, Սառա, մեր ամսագրի անդրանիկ համարը մեկնարկում է քեզ հետ զրույցով, մաղթանքներ ունե՞ս:

-Շնորհավորում եմ: Մաղթում եմ բազում համարներ` լի հայկական սպորտի հաջողությունների մասին պատմող լուրերով:

Զրուցեց Անուշ Անանյանը

Հարցազրույցը տպագրվել է «Սպորտ դե ֆակտո»

ամսագրի առաջին համարում (2011թ., սեպտեմբեր)

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: