Արսեն Բեգլարյան. Միայն սուր մրցակցության պայմաններում է հնարավոր իսկապես ուժեղ խաղացող դառնալ

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կապանի «Գանձասարի» կազմը համալրեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի թեկնածու և «Կրասնոդարի» արդեն նախկին դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով 19-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողանում իր նորամուտը նշել թիմի կազմում: Armsport.am-ը զրուցել է երիտասարդ դարպասապահի հետ:

-Արսեն, տեղյակ ենք, որ դիմել ես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստանաս:

-Այդ հարցերն ակումբն է կարգավորում, նրանցից է պետք ճշտել: Ղեկավարությունը փորձում է հնարավորինս շուտ լուծում գտնել: Ես չեմ զբաղվում այդ հարցերով, այնպես որ այնքան էլ լավ ինֆորմացիայի աղբյուր չեմ: Հստակ ոչինչ ասել չեմ կարող:

-Վերջերս պարզ դարձավ, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չես կարող խաղալ նաև առաջին խմբում, կմանրամասնե՞ս ինչումն է հարցը:

— Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես մեկնաբանել: Գիտեմ ոչ ավելին, որքան Բարձրագույն խմբի դեպքում: Չնայած այդ փաստն, իհարկե, ինձ տխրեցնում է, քանի որ ցանկալի է խաղային պրակտիկա ունենալ, որը ոչ մի մարզումներով չես փոխարինի…

-Անթալիայի հավաքից վերադառնալուց հետո Կրասնոդար էիր մեկնել այդ հարցերը կարգավորելո՞ւ նպատակով:

-Անձնական գործերով էի մեկնել, որոնք ոչ մի կերպ հետաձգել հնարավոր չէր… Ակումբն ինձ ընդառաջեց և բաց թողեց, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Մոտ երկու ամիս է արդեն «Գանձասարում» ես, հասցրե՞լ ես մերվել նոր թիմին:

-Արդեն երկու ամի՞ս է: Նույնիսկ չէի նկատել, թե ժամանակն ինչ արագ է թռչում: Գիտեք, արդեն վաղուց եմ մերվել: Կոլեկտիվին շատ հեշտ ու արագ ինտեգրվեցի, տղաներն ինձ շատ են դուր գալիս: Թե՛ կենցաղային, թե՛ մասնագիտական առումով որևէ դժվարություններ չեմ զգում:

-Իսկ հայերեն լեզվի չիմացությունը շատ չի՞ խանգարում:

 -Բացարձակ: Այստեղ բոլորը ռուսերեն կարողանում են խոսել, իսկ ով չգիտի, նրանց հետ կարելի է անգլերենով շփվել: Հիմա սկսել եմ ավելի լավ հասկանալ հայերեն, բայց առայժմ չեմ խոսում:

-Դե, դա ժամանակի խնդիր է…

 -Ես էլ եմ այդպես կարծում: Աշխատում եմ այդ ուղղությամբ: Լավ ուսուցիչներ ունեմ… Թիմակիցներիցս հաճախ ճշտում եմ առանձին բառեր կամ արտահայտություններ, որպեսզի խաղադաշտում միմյանց հնարավորինս լավ հասկանանք:

(Բեգլարյանի ելույթները «Կրասնոդարի» երիտասարդական թիմում)
 

— Գանձասարը բավականին հաջող է մեկնարկել ընթացիկ առաջնությունում, ինչում իր մեծ դերն ունի նաև քո թիմակից Գևորգ Պրազյանը, ով բոլոր երեք խաղերում դարպասն անառիկ է պահել… 

-Ակեղծ ասած, «Գանձասարի» նման մեկնարկն ինձ համար անակնկալ չէր: Մենք շատ նպատակասլաց կոլկտիվ ենք և ամեն հանդիպմանը ձգտում ենք հաղթանակ տոնել: Այս մեկնարկը միայն խոսում է այն մասին, որ մենք մարզումներին ջանք չենք խնայում և խաղադաշտում գրագետ ենք կատարում մարզչի բոլոր առաջադրանքները:

Իսկ ինչ վերաբերում է իմ թիմակից Գևորգի խաղին, ես տեսնում եմ, թե նա ինչպես է մարզվում, փորձում ավելացնել ու կատարելագործվել: Նրա վստահ խաղը քրտնաջան աշխատանքի արդյունք է: Դա ինձ ուրախացնում է, քանի որ նրա արդյունավետ խաղն օգուտ է բերում իմ թիմին և ինձ էլ է օգնում կատարելագործվել:

-Հիմնական կազմում տեղ գտնելու համար նրա հետ մրցակցելը հեշտ չի լինի… 

 -Կարծում եմ՝ այո: Բայց ես սովոր չեմ հեշտ ուղիներ փնտրել: Միայն սուր մրցակցության պայմաններում է հնարավոր իսկապես ուժեղ խաղացող դառնալ:

-Չնայած առաջնության հանդիպումներին դու դեռ մասնակցել չես կարող, բայց ակտիվ հետևում ես խաղերին: Ինչպիսի՞ տպավորություն է թողել առաջնությունը: 

-Չէի ասի, թե ակտիվորեն եմ հետևում: Դիտել եմ «Գանձասարի» բնականաբար բոլոր խաղերը, ինչպես նաև «Միկա»-«Ուլիս» հանդիպումը: Տպավորությունները շատ լավն են, առաջնությունը բավականին ուժեղ է, որտեղ հանդես են գալիս անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ: Շատ են երիտասարդ ու հեռանկարային խաղացողները, ինչը նույնպես ուրախալի է: Հայաստանի առաջնությունը շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի երիտասարդական թիմերի առաջնությունը, որտեղ ես ելույթ էի ունենում: Հետևաբար, հուսով եմ, այստեղ խաղալով ես ավելի կավելացնեմ:

-Եվ վերջին հարցը: Սովորում ես համալսարանում՝ հաշվապահության գծով: Ինչպե՞ս ես պատրաստվում համատեղել ուսումը Կրասնոդարում և ելույթները Կապանում:

-Ամեն ինչ շատ պարզ է: Ուսումս շարունակելու եմ հեռակա բաժնում: Երբ խաղում էի «Կրասնոդարում», հաջողվում էր համատեղել ստացիոնար ուսուցումը ֆուտբոլի հետ, իսկ հիմա դա անհնար է:

Արսեն Բեգլարյան. Հաշիվն անհամեմատ խոշոր կարող էր լինել

(Հուլիսի 13, 2012թ.)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում հայկական թիմերից միայն «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, ով նաև իր նորամուտը նշեց թիմի հիմնական կազմում:

«Ստրեյմուրի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) 19-ամյա դարպասապահը պատասխանել է SportArmenia-ի թղթակցի հարցերին:

-Արսե´ն, «Գանձասարի» առաջին թիմում սա քո առաջին պաշտոնական հանդիպումն էր,  կիսվիր տպավորություններովդ:

-Տպավորությունները պարզապես հիանալի են: Ինչպիսի՞ զգացողություններ կարող են լինել, հաջորդ փուլ դուրս գալուց հետո: Սա «Գանձասարի» պատմության մեջ առաջին դեպքն է:

Հավատո՞ւմ էիքոր կհաջողվի չեզոքացնել 2 գնդակի տարբերությունը:

-Իհարկե հավատում էինք: Մրցակիցն այսօր ոչ մի պահ չկարողացավ ստեղծել: Եթե մեր բախտն այօր մի քիչ շատ բերեր, մենք կարող էինք հաղթել 4 կամ 5:0 հաշվով: Բայց այսօր  տեղ-տեղ նրանց բախտն էր ժպտում, նաև նրանց դարպասապահն ավելի լավ խաղաց ու մի քանի անգամ փրկեց իր թիմին: Եթե մեզ հաջողվեր իրացնել մեր ստեղծած բոլոր պահերը, հաշիվն անհամեմատ խոշոր կլիներ:

Կփորձե՞ս համեմատել առաջին և երկրորդ խաղակեսերը:

-2 գնդակ: Ահա խաղակեսերի միջև միակ տարբերությունը: Երկրորդ խաղակեսում նույնպես մենք շարունակում էինք վերահսկել խաղը: Միգուցե խփած երկրորդ գոլից հետո խաղի տեմպն ինչ-որ չափով ընկավ, բայց միևնույն է, մրցակցին չհաջողվեց լուրջ սպառնալիքներ ստեղծել: Դասական խաղ էր:

Ընդմիջմանը մարզիչն ի՞նչ ցուցումներ տվեց:

-Պարզապես մարտավարական տեսանկյունից խմբագրեց խաղը: Նա տեսնում էր, որ եզրափակիչ հարվածը չէր ստացվում: Մի քանի փոփոխություններ կատարեց, ցուցումներ տվեց որոշ խաղացողների… Արդյունքն ինքներդ եք տեսնում:

Զրուցեց Անուշ Անանյանը

Արսեն Բեգլարյան. Կարիերայիս ամենակարևոր ու ամենաբարդ խաղն էր

(Հուլիսի 20, 2012թ.)

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը «Գանձասարը» հյուրընկալվելիս զիջեց շվեյցարական «Սերվետին» 2:0 հաշվով: Կապանցիները խուսափեցին անհամեմատ խոշոր հաշվից թիմի 19-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանի ջանքերի շնորհիվ, ով երկրորդ պաշտոնական հանդիպումն էր անցկացնում ակումբի հիմնական կազմում:

Մրցավեճից անմիջապես հետո SportArmenia-ի թղթակիցը զրուցեց երիտասարդ դարպասապահի հետ.

-Արսե´ն, կիսվիր տպավորություններովդ, այս անգամ մրցակցի հարձակվողներն ակնհայտորեն թույլ չտվեցին քեզ ձանձրանալ…

-Ճիշտ որ, աշխատանքը քիչ չէր, բայց դա ինձ երբեք չի տխրեցնում: Ընդհակառակը` ավելի է ներքաշում խաղի մեջ, բարկացնում ու ստիպում է խաղալ առավելագույն ուժերով: Իսկ տպավորություններն իհարկե ամենալավը չեն… Արդյունքը տխրեցրեց:

-Գո՞հ ես քո խաղից:

-Գոլեր բաց թողեցի, ինչպե՞ս կարող եմ գոհ լինել: Մի քանի անգամ փրկեցի թիմակիցներիս, բայց, անկասկած, դեռ ձգտելու տեղ կա: Պետք է շատ աշխատեմ իմ խաղի վրա ու փորձեմ ավելացնել բոլոր առումներով:

Այդուհանդերձ` 13 սեյվ… Հաշիվը բավականին խոշոր կարող էրլինել:

-Կարող էր, բայց չեղավ: Թիմակիցներս օգնում էին ինձ, ոչ բոլոր հարվածներն էին այդքան վտանգավոր:

Կարելի՞ է ասելոր սա քո կարիերայի ամենաբարդ հանդիպումն էր:

-Այո, իհարկե: Ամենակարևոր ու ամենաբարդ խաղն էր: Իմ կարիերան այդքան էլ երկար չի, որպեսզի ինչ-որ հատուկ խաղ առանձնացնեմ: Այսօրվա հանդիպումը դարձավ այդպիսին: Առայժմ այն ամենա-ամենան է:

Այս մրցավեճում «Սերվետն» ակնհայտ ֆավորիտ էր համարվումդաճնշում չէ՞ր գործադրում:

-«Սերվետն» ապացուցեց իր ստատուսը: Չնայած մենք ցույց տվեցինք, որ կարող ենք գրավել նաև նման թիմի դարպասը, միայն մի քիչ հաջողությունը չբավականացրեց: Արտագնա խաղում խփած գնդակը մեզ անկասկած շատ կօգներ: Իսկ ճնշում, որպես այդպիսին չկար, այն ավելի շատ առկա էր «Սթրեյմուրի» հետ պատասխան խաղից առաջ:

-Նշեցիր, որ հաջողությունը փոքր-ինչ չբավականացրեց, սակայն բախտը ժպտաց նաև մեզ. մեկնարկում 11 մետրանոցը կարող էր կոտրել խաղը:

-Կարծիք կհայտնեմ, որ 11 մետրանոցն անարդարացի էր նշանակված: Մրցավարը ձեռքով խաղ նկատեց, որը կարծում եմ չկար: Անարդարացի 11 մետրանոց էր ու չիրացվեց:

-Մեկ շաբաթից արդեն խաղալու եք տանը… Ինչպիսի՞ն են հաջորդ փուլ դուրս գալու շանսերն ու ինչի՞ հաշվին է հնարավոր հաղթահարել շվեյցարական արգելքը:

-Չեմ սիրում կանխատեսումներ անել, հանդիպումը ցույց կտա, թե ինչ հնարավորություններ ունենք: Կարծում եմ` շանսեր կան, թեև ես այն շատ բարձր չեմ գնահատում: Իսկ թե ինչի հաշվին է հնարավոր անցնել «Սերվետին», կարծում եմ` ավելի լավ է հարցնել մարզչին: Նա անկասկած ավելի լավ գիտի այդ հարցի պատասխանը:

Զրուցեց Անուշ Անանյանը 

Արսեն Բեգլարյան. Առաջին գոլը կոտրեց խաղը

(Հուլիսի 27, 2012թ.)

«Սերվետի» հետ հանդիպումից հետո «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը պատասխանեց SportArmenia-ի թղթակցի հարցերին:

-Ինչպե՞ս կմեկնաբանես հանդիպումը:

-Առաջին խաղակեսում մենք լավ տեսք ունեինք, պահեր ստեղծեցինք: Սակայն երկրորդ խաղակեսում իրենն ասեց հոգնածությունը, չկարողացանք պահել տեմպը ու հենց այդ պատճառով էլ ոչ պատշաճ կերպ անցկացրինք հանդիպման մնացած հատվածը:

-Գոլերը հիմնականում ծնվեցին պաշտպանությունում սխալներից…

-Թիմային սխալներ էին: Առաջին գոլն, ինքներդ տեսաք, կոտրեց խաղը:

-«Սերվետն» արժանիորե՞ն դուրս եկավ հաջորդ փուլ:

-Այո: Նրանք ավելի համախմբված ու մեզնից ֆիզիկապես բավական ուժեղ թիմ էին: Այդ պատճառով առաջին խաղակեսը մեզ հաջողվեց նրանց հետ հավասար պայքար մղել… Իսկ երկրորդում տեսաք, թե ինչ եղավ:

-Ինչպե՞ս կգնահատես թիմի ելույթները որակավորման երկրորդ փուլում:

-Անբավարար, ուրիշ ոչինչ: Պարտվեցինք 4 գնդակի տարբերությամբ, մենք այլ հույսերով էինք դուրս եկել խաղադաշտ:

Զրուցեց Անուշ Անանյանը 

Արսեն Բեգլարյան. Հավաքականից հրավեր ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է

(Սեպտեմների 6, 2012թ.)

Հայաստանի Մ21 հավաքականը երեկվանից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական փուլի վերջին` Մոնտենեգրոյի հետ խաղին: Այսօր մեր երիտասարդները միակ բաց մարզումն անցկացրին, որից հետո «Գանձասարի» 19-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է հրավիրվել երիտասարդական, պատասխանեց լրագրողների հարցերին:

-Առաջին անգամ ես հրավիրվել երիտասարդական։ Ի՞նչ զգացողություններ ունես:

-Հիանալի է: Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանաքն է: Շատ ուրախ եմ հրավիրվել հավաքական: Բայց հիմա արդեն այդ զգացողություններն անցել են երկրորդ պլան: Հիմա մնացել է միայն արդյունքի համար պատասխանատվությունը: Այնպես որ, կենտրոնացած պատրաստվում ենք խաղին:

-Թիմակիցներիցդ բոլորին արդեն ճանաչո՞ւմ ես:

-Արդեն երկու մարզում ենք անցկացրել: Բոլորի հետ էլ հասցրել եմ որոշ չափով շփվել: Աստիճանաբար մերվում եմ թիմում:

-Մրցակցին որքանո՞վ ես ծանոթ:

-Անձամբ ես ընդհանրապես ծանոթ չեմ: Իհարկե, գիտեմ, թե ինչպես է ավարտվել առաջին հանդիպումը` Երևանում հաղթել ենք 4։1 հաշվով: Սակայն նրանց մասնակցությամբ դեռ ոչ մի խաղ չեմ նայել: Բայց կարծում եմ՝ մարզիչը դեռ կծանոթացնի մեզ նրանց խաղերին:

-Մեզ հետ հանդիպումից առաջ Մոնտենեգրոյին դժվար խաղ է սպասվում չեխերի հետ…

-Չգիտեի այդ մասին, բայց դա միանշանակ մեր օգտին է: Այդուհանդերձ մենք մեկ նպատակով ենք մեկնում, այն է` հաղթելու համար:

-Վաղն ազգային հավաքականը խաղալու է Մալթայի հետ, ապա` Բուլղարիայի: Ի՞նչ կասես այդ խաղերի մասին:

-Կարող եմ ասել, որ այդ խաղերում միայն վեց միավոր պետք է վաստակենք: Հաջող մեկնարկը շատ կարևոր է: Մալթայի հետ մրցավեճում պարտադիր պետք է հաղթենք, Բուլղարիայի հետ ավելի դժվար է լինելու, բայց նույնպես պետք է պայքարենք երեք միավորի համար:

Զրուցեց Անուշ Անանյանը

 

(«Գանձասարի» կազմում 2012թ. Արսեն Բեգլարյանի սեյվերի տեսանյութը. p.s. by me :P)

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: