Տիգրան Կանդիկյան. Բուֆոնի մեղքն է, որ հիմա ես դարպասապահ եմ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Փյունիկը» երեկ պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» նախկին դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով Երևան է ժամանել ազատ խաղացողի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ 19-ամյա դարպասապահը, ով հանդես է եկել Մակեդոնիայի Մ17 և Մ19 հավաքականներում, հրավիրվել էր նաև Հայաստանի պատանեկան հավաքական, սակայն պաշտոնական խաղերում նորամուտն այդպես էլ չէր նշել:

SportArmenia-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի փոխչեմպիոնի նորեկի հետ:

Հայ երկրպագուները քեզ դեռ լավ չեն ճանաչում, ի՞նչ կպատմես քոմասին:

-Ես Տիգրան Կանդիկյանն եմ, ծնվել եմ Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում 1993թ. մարտի 11-ին: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից ու հենց սկզբից էլ կանգնել եմ դարպասին:  Դարպասապահ դառնալ որոշեցի Ջանլուիջի Բուֆոնի պատճառով, նա իմ կուռքն է: Ես նաև շատ եմ սիրում թենիս ու մինչև ֆուտբոլին անցնելը երկու տարի զբաղվում էի այդ մարզաձևով…

-Փաստորեն, եթե ոչ Ջիջին, դու կարող էիր հայտնի թենիսի՞ստ դառնալ:

-Ո՞վ գիտի (ծիծաղում է): Սակայն թենիսում մեծ հաջողություններ գրանցելը հեշտ չէ… միայն 100 թենիսիստներ են կարողանում լավ ապրել, իսկ մնացածը… Բացի այդ, իմը` ֆուտբոլն է:

Դարպասապահի աշխատանքը մեծ պատասխանատվություն է ենթադրում, ու հիմնականում շատերը խուսափում են այդ դիրքից, ինչպես երևում է, դու սիրում ես բացառություն լինել:

-Այդ ամենը Բուֆոնի մեղքն է: Ես մի օր նրան կասեմ այդ մասին (ծիծաղում է):

Կարծիք կաոր դարպասապահներն ինչոր առումով «տարօրինակ»մարդիկ ենՀամաձա՞յն ես:

-Ես կարծում եմ, որ նրանք բոլոր մարդկանց պես նորմալ են: Դարպասապահները միգուցե «տարօրինակ» են այն առումով, որ խաղադաշտում նրանք ստիպված են ավելի արիություն դրսևորել, քան մյուս 20 խաղացողները` իրենց գլուխը դնելով այնտեղ, որտեղ մյուսները ոտք չեն դնի…

Տիգրան, երեկ դու պայմանագիր կնքեցիր «Փյունիկի» հետ: Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանի փոխչեմպիոնի կազմում:

-Ես չէի համաձայնել երկարաձգել պայմանագիրս նախկին ակումբիս` «Ռաբոտնիչկիի» հետ, իսկ միևնույն ժամանակ «Փյունիկն» ինձ գրավիչ առաջարկ արեց ու ես որոշեցի փորձել իմ հաջողությունը:

Իսկ որքա՞ն ժամանակով է այն նախատեսված:

-Ցավոք, այդ մասին չեմ կարող նշել: Պարզապես պայմանագրում նշված կետի համաձայն նման տեղեկություն հայտնելիս ես նախ պետք է համաձայնեցնեմ դա ակումբի հետ:

Եթե չեմ սխալվում, «Ռաբոտնիչկիում» դու խաղային պրակտիկայի խնդիր ունեիր:

-Այո, սկզբում ես ազդրի վնասվածք ունեի, այդ ժամանակ հրավեր ստացա Մ19 հավաքականից ու չկարողացա ժամանել: Բայց հիմա այդ ամենն անցյալում է: «Ռաբոտնիչկիում» ամեն ինչ այնքան էլ հարթ չէր… Կարծում եմ` ես ոչնչով չէի զիջում թիմի մյուս դարպասապահին, բայց խաղալու հնարավորություն միայն նա էր ստանում: Բացի այդ նրանք չօգնեցին ինձ երբ վնասվածք ունեի… եթե ես հիմա սկսեմ ամբողջը պատմել, կարելի է նովել գրել (ժպտում է):

Իսկ այս պահին ի՞նչ մարզավիճակում ես:

-Կարող եմ ասել, որ ինչ սկսել եմ զբաղվել ֆուտբոլով, ներկայումս իմ լավագույն մարզավիճակում եմ, բայց, անկասկած, սա առավելագույնը չէ, ու ես դեռ շատ պետք է ավելացնեմ:

Դու դեռ չունես Հայաստանի քաղաքացիություն, առանց որի չես կարող խաղալ…

-Այո, դեռ չունեմ: Գիտեմ, որ Հայաստանում միայն հայկական անձնագիր ունեցող ֆուտբոլիստը կարող է կանգնել դարպասին: Հուսով եմ` այդ հարցը հնարավորինս շուտ լուծում կստանա:

-Նախքան «Փյունիկ» գալը ի՞նչ գիտեիր նրա մասին, և ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները երբ արդեն միացար թիմին:

-Ես գիտեի, որ «Փյունիկը» 10 տարի անընդմեջ եղել է երկրի չեմպիոնը, սակայն հիմա փոխել է քաղաքականությունը` շեշտը դնելով երիտասարդ խաղացողների վրա: Իսկ առաջին տպավորությունները շատ լավն են, ակումբը մարզվելու համար 3 խաղադաշտ ունի, որոնցից երկուսը հիանալի վիճակում են… «Ռաբոտնիչկիում» խաղադաշտը նույնիսկ չես համեմատի այս մեկի հետ: Իսկ ինչ վերաբերում է թիմին, անկասկած, այստեղ շատ տաղանդավոր խաղացողներ են հավաքված:

Նրանց հետ հաղորդակցվելու միակ ճանապարհն անգլերենն է… Դա դժվարություններ չի՞ ստեղծում:

-Ոչ, միանշանակ չի խանգարում: Խաղային հիմնական բառապաշարը ես արագ կսովորեմ: Բացի այդ ռուսերենը ինչ-որ չափով նման է մակեդոներենին ու սերբերենին, այնպես որ, երբ տղաները խոսում են ռուսերեն, ես որոշ չափով հասկանում եմ, բայց ինքս խոսել չեմ կարողանում:

Փյունիկն» այժմ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, ի՞նչ շանսեր ունի քո նոր թիմն այս առաջնությունում ըստ քեզ:

-Ես այդ հարցին դեռևս պատասխանել չեմ կարող, քանի որ չեմ տեսել հայկական մյուս ակումբների ելույթները, միայն կարող եմ ասել, որ մենք միանշանակ պայքարելու ենք եվրագաթներին մասնակցելու հորիզոնականների համար:

Եվ վերջում խոսենք հավաքականի մասին: Դու հրավիրվել էիր Մ19 սակայն խաղալու հնարավորություն չստացար… Այժմ կարելի է՞ ասել, քո առաջնային նպատակներից է երիտասարդական հավաքական հրավիրվելը:

-Այո, ես մասնակցեցի ուսումնամարզական հավաքի, սակայն, ցավոք, պաշտոնական հանդիպման չմասնակցեցի: Բայց հիմա իմ առաջնային նպատակն է նախ հարմարվել այստեղ, սկսել խաղալ «Փյունիկի» կազմում, դրանից հետո հավաքականից հրավերն ինքնըստինքյան կգա… Իսկ իմ գլխավոր նպատակը` ապագայում ազգային հավաքականում խաղալն է:

Զրուցեց Անուշ Անանյանը

Տիգրան Կանդիկյան. Յուրաքանչյուր նորամուտ իր հետ մի փոքր դրական ճնշում է բերում

(Սեպտեմբերի 2, 2012թ.)

Հայաստանի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:

Այս խաղում Հայաստանի փոխչեմպիոնի կազմում իր նորամուտը նշեց Մակեդոնիայից ժամանած դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով թիմին էր միացել արդեն գրեթե 1.5 ամիս, սակայն ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով խաղալու հնարավորություն չէր ստանում:

19-ամյա դարպասապահը, ով հիմնական կազմում իր առաջին խաղում անառիկ պահեց դարպասը, պատասխանել է SporArmenia-ի թղթակցի հարցերին:

-Տիգրան, մեկ հանդիպում անցկացրել էիր «Փյունիկ-2»-ումիսկայժմ նորամուտդ նշեցիր հիմնական կազմումկիսվիրզգացողություններովդ:

-Ինձ համար սա մեծ օր էր: Յուրաքանչյուր նորամուտ իր հետ մի փոքր դրական ճնշում է բերում: Ինչ վերաբերում է զգացողություններին, շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Վերջին երկու-երեք խաղերում սա մեր առաջին հաղթանակն էր, ինչը չի կարող չուրախացնել:

-Նորամուտիցդ հետո մարզիչը նշել էր, որ դա ինչ-որ տեղ կապված էր  երիտասարդական հավաքականին քեզ նախատապրաստելու հետ…

-Իսկապե՞ս: Շատ հաճելի է: Ամեն ինչ իմ ձեռքերում է, հիանալի կլինի, եթե ես լավ խաղամ, աշխատեմ ու ընդգրվեմ երիտասարդական հավաքականում: Իմ նպատակն է ավելի ու ավելի կատարելագործվել որպես դարպասապահ և ապագայում մի օր դառնալ Հայաստանի համար մեկը: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա:

-Առաջին խաղում դարպասներն անառիկ պահեցիր, հպա՞րտ ես:

-Իհարկե, շատ դրական էմոցիաներով եմ լցված: Կարծում եմ` ժամանակի ընթացքում խաղընկերներիս ավելի լավ ճանաչելու հետ մեկտեղ իմ խաղն ավելի կբարելավվի: Շփումը շատ կարևոր է խաղադաշտում փոխհամագործակցելու տեսանկյունից: Այնպես որ, շատ ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի:

— Արդեն ամսից ավել է Հայաստանում ես, ինչպե՞ս է ընթանում նրանց ճանաչելու գործընթացը:

-Կարծում եմ` հիանալի: Խաղացողների հետ լավ հարաբերությունները զարգացնելու համար նաև անհրաժեշտ է խաղեր անցկացներ: Ես հիշում եմ «Ռաբոտնիչկիում» իմ առաջին խաղը: Պաշտպանների հետ համագործակցությունը հաջող ստացվեց ու այդ պահից հետո մնացածը հեշտությամբ է տրվում: Կարող եմ նույնը ասել նաև «Փյունիկի» պարագայում:

-Անդրադառնանք «Արարատի» հետ հանդիպմանը: Հարցազրույցից առաջ ասացիր, որ լավ ու կոշտ խաղ էր ընթանում` առանց գեղեցկության… Ի՞նչ կավելացնես:

-Հմ, միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել Վիուլենի հասցեին: Նա ուժեղ խաղացող է, ով, դուրս գալով փոխարինման, ընդամենը րոպեներ անց գրավեց դարպասը: Բայց անարդար է առանձնացնել մեկին ու խոսել անհատների մասին: Յուրաքանչյուրը շատ լավ խաղացին: Եվ մենք միանգամայն արժանի էինք այս հաղթանակին:

-Մրցակցի խաղի մասին ի՞նչ կասես:

-Ես գիտեմ, որ նրանք այս պահին մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում են: Բայց վստահ կարող եմ ասել, որ նրանք լավ գիտեն, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ ու վատ տպավորություն չթողեցին: Արդար խաղ եմ նրանց ցանկանում:

-Թիմակիցներիցդ ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ հարաբերությունների մեջ:

-Ես շատ եմ հարգում մեր ավագ Սարգիս Հովսեփյանին և Արթուր Յուզպաշյանին: Նրանք երկուսն էլ հոյակապ խաղացողներ են: Լավ հարաբերությունների մեջ եմ Գագիկի ու Ղուկասի հետ: Կարող եմ բոլորի մասին նույնը ասել, ես հեշտությամբ եմ ընկերական հարաբերություններ հաստատում: Եթե մի կողմ թողնենք Վիուլենին, ապա մտերիմ եմ Գոռ Մանուկյանի հետ: Հիանալի տղա է:

-Իսկ նրանք քեզ հայերեն ինչ-որ բառեր արդեն սովորեցրե՞լ են:

-Մի քանի բառ սովորել եմ հաղորդակցվելու համար այստեղ` ակադեմիայում բնակվող խաղացողներից, մասնավորապես` Էրիկից և Հովոյից: Բայց, կարող եմ ասել, որ «լավ» բառի մակեդոներեն տարբերակը` «դոբրո», պարզապես հիթ է դարձել խաղացողների շրջանում: Այնպես որ, ավելի շուտ այդ ես եմ նրանց բառեր սովորեցնում(ժպտում է): Օրինակ, երբ գնում եմ մարզման, նրանք ինձ ասում են ոչ թե բարև, այլ` «դոբրո»:

 Զրուցեց Անուշ Անանյանը

Տիգրան Կանդիկյան. Այրվում եմ նորից խաղադաշտ դուրս գալու ցանկությունից

(Հոկտեմբերի 22, 2012թ.)

Մակեդոնիայից հուլիսին «Փյունիկ» տեղափոխված դարպահապահ Տիգրան Կանդիկյանն առայժմ միայն երկու հանդիպում է անցկացրել իր թիմի կազմում:

Եթե մինչև սեպտեմբեր Տիգրանը ստիպված էր սպասել քաղաքացիության հարցերի կարգավորմանը, ապա, «Արարատի» և «Ուլիսի» հետ մրցավեճերից հետո ցավալի վնասվածք ստացավ, որից շարունակում է ապաքինվել մինչ օրս:

Թե, ինչպես է ընթանում վերականգնողական կուրսը ու որքան ժամանակ կպահանջվի լիովին ապաքինվելու համար, հետաքրքրվեցինք անձամբ ֆուտբոլիստից:

-Տիգրան, ամսից ավել է արդեն չես խաղում, պատմիր` ինչպե՞ս ստացար վնասվածքը ու որքանո՞վ է այն լուրջ:

-Դա տեղի ունեցավ մարզումներից մեկի ընթացքում` երկկողմանի խաղ էինք անցկացնում: Դրվագներից մեկում բախտս չբերեց. տուգանային հրապարակում ես շտապեցի ոտքով փակել գնդակի ճանապարհն ու խաղացողն անցավ իմ վրայով: Թե որքանով է այն լուրջ, չեմ կարող ասել, քանի որ դեռևս վերականգնողական փուլում եմ, կատարում եմ վարժություններ… Հավանաբար հստակ ինչ-որ բան կիմանամ հաջորդ կիրակի:

Վերականգնողական ի՞նչ փուլում ես ու ե՞րբ կկարողանանք նորից քեզ խաղադաշտում տեսնել:

-Կարող եմ ասել, որ առաջընթաց նկատում եմ, բայց ապաքինումը բավականին դանդաղ է ընթանում: Նմանատիպ վնասվածք առաջին անգամ եմ ստանում, այդ պատճառով դժվարանում եմ մեկնաբանություններ տալ: Միայն գիտեմ, որ հրաշք կլինի, եթե ինձ հաջողվի վերադառնալ մինչև այս տարվա ավարտը:

-Ֆուտբոլիստի համար, թերևս, ամենակարևորը խաղային պրակտիկան է… Դու մոտ երեք ամիս է արդեն այստեղ ես, սակայն ընդամենը երկու խաղ ես հասցրել անցկացնել: Պետք է որ դժվար լինի կողքից հետևել թիմին…

-Այս պահին ինձ համար ամենադժվարն այն է, որ չեմ կարողանում մարզվել ինչպես հարկն է: Ցավալի է, քանի որ ես միշտ ցանկանում եմ ավելացնել ու կատարելագործվել: Երբ վերսկսեմ մարզումներս, խաղերն ինքնըստինքյան կգան: Այնպես որ, ինձ համար ամենահիասթափեցնողն այն է, որ չեմ կարողանում լիարժեք օգտվել այս հիանալի պայմաններից, որ ընձեռում է ֆուտբոլի ակադեմիան:

Իսկ այդ հիասթափությունը մոտիավացիայի խնդիրներ չի՞ առաջացնում:

-Ես երբեք մոտիվացիայի պակաս չեմ ունեցել: Իսկ հիմա մոտիվացված եմ առավել քան երբևէ: Պարզապես այրվում եմ նորից թիմի հետ մարզվելու ու  խաղադաշտ դուրս գալու ցանկությունից: Կարծում եմ` այս վնասվածքը ապագայի համար լավ փորձություն կլինի:

-Եվ վերջում, օրերս Երևանում էր քո կուռքը` Բուֆոնը: Մեր նախորդ զրույցում նշել էիր, որ հնարավորության դեպքում նրան բան պետք է ասես, հաջողվե՞ց:

-Ցավոք, Բուֆոնին տեսնել ինձ չհաջողվեց, սակայն ես եղա հյուրանոցում, որտեղ հանգրվանել էին իտալացիները: Այնտեղ ինձ խոստացել են փոխանցել հաղորդագրությունս:

Զրուցեց Անուշ Անանյանը

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: