Hi-line չլոցին

Շուրջ մեկ ամիս է գովազդներից Արամ MP3-ին ուրախությամբ մեզ է տեղեկացնում,  որ hi-line ինտերնետն այժմ կրկնակի արագ է: Իրոք շատ ուրախալի լուր ինձ նման բաժանորդների համար, ովքեր ինտերնետում մեծամասամբ ֆիլմեր են դիտում և ոչ միայն… Նախկինում 256kb արագությամբ կապս որակով չէր փայլում, բայց օգոստոսի վերջից անասելի վատթարացավ` լավանալու փոխարեն: ՄԵկ ամիս տառապում էի` րոպեն մեկ connect/disconnect անելով. լինում էր ինտերնետս անջատվում էր միանալուց 5 վրկ անց… անհնար է փոխանցել պահի նյարդայնությունը: Ամբողջ ամսվա ընթացքում 3 անգամ է եղել, որ ամենաերկար անընդհատ ինտերնետն ունեցել եմ 30 րոպե: Երևի Beeline օպերատորներն արդեն ձայնս անգիր էին արել, չգիտեմ էլ օրական քանի անգամ եմ նրանց անհանգստացրել… Բողոքս գրանցում էին ու մասնագետ ուղարկում: Վերջինս 2 անգամ է այցելել. երկուսն էլ ալկոհոլային բուրմունքով և դեմքի այնպիսի արտահայտությամբ կարծես (տատիս խոսքերով) իր թանին թթու են ասել: Առաջին այցի ժամանակ պարոնը (անունն ամեն դեպքում չեմ ուզում նշել) դժկամությամբ ստուգեց գծերը` արանքներում չմոռանալով փնթփնթալ, թե իրեն իզուր հասցրին այստեղ… ու հայտարարեց` ամեն ինչ մաքուր է. խնդիրը մոդեմն է: Հաջորդ իսկ առավոտ մոդեմը տարա մոտակա սպասարկման կետ. այստեղ էլ հաստատվեց, որ ամեն ինչ կարգին է: Ու նորից մեր տուն ուղարկեցին դժգոհ մասնագետին, որը նոր բան անել չէր պատրաստվում, հիմա էլ հորդորում էր “կամպյուտերշիկ” կանչել` համակարգիչը ստուգելու համար: Համոզեցինք, որ այս անգամ գիծը ստուգի ոչ թե մինչև պատի բաժանման տուփը, այլ մինչև մոդեմ և հեռախոս: Ահա թե որտեղ էր թաղված շան գլուխը :D… Ատեեսը հաղորդեց` գիծը մաքուր չէ!

Ինչ է հնարավոր չէր հենց սկզբից ստուգել գիծը մինչև վերջ? Չէ որ մեկ ամսվա չլոցիի փոխարեն` խնդիրը լուծվեց 5 րոպեում` հաղորդալարը փոխելով… Ինչու մասնագետն իր տեղում չէր?

Hi-line մի ասա…. մի կրակ ու պատիժ ասա…

Վերջապես մի ժամ տառապանքից հետո հաջողվեց միանալ ինտերնետին… Վերջին օրերը hi-line կարծես համբերությանս բաժակի խորությունը չափելու փորձեր է անում: Նույն պատմությունն էլ երեկ էր, էլի նույն ժամին ինտերնետն անհասանելի էր… անընմեջ redial-ներս արժանանում էին error 651-ին կամ 718-ին: Իսկ եզակի միացումից հինգ րոպե հասցնելով ուրախանալ` նորից բռնում էի connect-ի խրթին ճամփան:

Այսօր, երբ ակնհայտ էր պատմության կրկնությունը, որոշեցի դիմել օպերատորի օգնությանը… Պարզվում է hi-line-ում ոչ միայն ինտերնետին միանալն է բարդ գործ, այլ նաև օպերատորին…. Մոտ 4-5 րոպե ստիպված էի լսել Բիլայնի տարատեսակ ծառայությունների գովազդը` օպերատորին միանալու կոճակը հայտնաբերելու համար: 8 րոպե միօրինակ երաժշտություն ունկնդրելուց հետո լսեցի բարեհամբյուր “… Բիլայն, բարև Ձեզ”-ը: Խնդիրս ներկայացրի ու ինձ խնդրեցին մնալ գծում… մինչև կմիացնեն մասնագետին: Երևի վերջինս բավականին զբաղված էր… որովհետև պատասխանին ստիպված էի սպասել ևս 13 րոպե (ի դեպ այս ողջ ընթացքում չեմ դադարում redial սեղմել): Մասնագետի հրահանգներին հետևելով վերջապես կապը հաստատվեց… շնորհակալություն հայտնեցի ու անջատեցի հեռախոսը` անմիջապես բացելով բրաուզերը… 4 վայրկյան… չեմ չափազանցնում… նույնիսկ էջը չհասցրեց բեռնավորվել… ու կապը գնաց…. (“…. դե եկ վարդապետ ու մի խենթացիր….”): Մի ձեռքով նորից միանալու հուսահատ փորձեր եմ անում, մյուսով հավաքում hi-line-ի համարը… բայց նորից այդքան սպասելու մտքից (այստեղ են ասել) ֆազերսսս քցում են 😦 Փառք աստծո… այս անգամ կապը ավելի շուտ միացավ, քան օպերատորը կպատասխաներ… Ինչով եմ արժանացել էս պատժին… բարեխիղճ սպառող եմ, ժամանակին միշտ վճարումներն անում եմ, դեռ մի տարվա էլ պայմանագիր ունեմ (որի համար արդեն սկսում եմ փոշմանել) …

P.S. hi-line կապը գովազդող Արամ MP3-ի ուրախ ժպիտը ինձ վստահեցնում է, որ նա հաստատ այս կապից չի օգտվում …. 🙂 իսկ քաղաքի տարբեր վայրերում փակցված այս պաստառի նման աղավաղումները վկայում են, որ hi-line-ը շատերի նյարդերն է սղոցել, կամ էլ երևի Արամի ժպիտը հեգնանքի են նմանեցրել….

%d bloggers like this: