Ի՞նչ է սպամը

Այս բառն այսօր ծանոթ է ցանկացած մարդու, ով ինտերնետ է օգտագործում: Ավելի ճիշտ ոչ միայն ծանոթ է տերմինին, այլ հաճախ հանդիպում է օրինակ էլեկտրոնային փոստը ստուգելիս: “Կասպերսկիի լաբորատորիան” տալիս է սպամի սահմանումը. Սպամը անանուն, զանգվածային, չպահանջված նամակների առաքումն է: Սպամը նույնությամբ սահմանվում է նաև Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասինՀՀ օրենքում: Փորձենք վերլուծել սահմանումը, ուր թերևս ամեն բառ կարևոր է ու պատահական չի կիրառված: Անանուն է, քանզի առաքումը հիմնականում ավտոմատ կերպով է լինում` թաքնված հետադարձ հասցեով: Մասսայական առաքումներն են հենց բիզնես հանդիսանում սպամերների համար և բնականաբար գլխացավանք մեր` օգտագործողներիս համար: Իսկ չպահանջված անվանելը փոքր-ինչ վիճարկելի է. Նախ մարդ պետք է ծանոթանա ինֆորմացիայի հետ և դրանից հետո նոր միայն որոշի արդյոք ուզո՞ւմ է ստանալ նման բնույթի տեղեկագրեր, թե՞ ոչ: Չպահանջվածների թվին չեն դասվում նաև այն նամակները, որոնք ստանալու համար մենք կանխավ բաժանորդագրվում ենք: Օրինակ` “Մանչեստր Յունայթեդ” ֆուտբոլային թիմի նորությունները, կամ “Լոս Անջելես Թայմս” կայքի ինձ հետաքրքրող խորագրերի թարմացման մասին ծանուցում ստանալը ինձ համար սպամ չէ:

“Կասպերսկիի լաբորատորիան” ամեն ամիս սպամ-ակտիվության վերաբերյալ հաշվետվություն հրապարակում է, ըստ որի` միջին հաշվարկով ուղարկված էլեկտրոնային նամակների ընդհանուր ծավալում 80-95%-ը սպամ է: Պատկերն ավելի տպավորիչ էր ներկայացված Contrspam ֆիլտերի կայքում. օրական կտրվածքով սպամ ակտիվության վիճակագրությունը գրաֆիկայի տեսքով, որ թարմացվում էր ամեն 5 րոպեն մեկ: Օրինակ ապրիլի 7-ին միայն 5 րոպեում Contrspam-ը ուղարկված նամակներից 2150-ը սպամ էր ճանաչել և միայն 16-ը սովորական հաղորդագրություն:

Ըստ  Կասպերսկիի լաբորատորիայի տվյալների մարտ ամսին ուղարկված սպամը ըստ թեմաների դասակարգվել է հետևյալ կերպ. 18.5% — հանգիստ և ճամփորդություններ, 18.1% — կրթություն, 13.1% – այլ ապրանքեր և ծառայություններ, 12.5% — դեղորայք և առողջապահական ծառայություններ, 7.4% — համակարգչային խարդախություններ, 5.1% — Էլիտար ապրանքների ռեպլիներ, 5.0% — համակարգիչ և ինտերնետ, 4.8% — սպամ ծառայությունների գովազդ, 4.0% — փաստաբանական ծառայություններ և աուդիտ, 2.7% — սպամ մեծահասակների համար… Հետաքրքիր է, որ 2008թ. դեղորայքների և առողջապահական ծառայությունների վերաբերյալ սպամը 32.5% էր, 13.3% կրթություն և 7.2% ճամփորդություններ ու հանգիստ: 2009թ. Դասակարգումը մնացել էր նույնը` փոխվել էին տոկոսային հարաբերությունները, համապատասխանաբար` 22%, 12%, և 8%:

Սպամ ուղարկող երկրների ցուցակը 14.7%-ով գլխավորում է սպամի հայրենիք ԱՄՆ-ն, երկրորդ տեղում է Հնդկաստանը` 7.3%-ով, և առաջատար եռյակը եզրափակում է Ռուսաստանը` 7.0%-ով: Ուրախալի փաստ է, որ Հայաստանը առայժմ այս աղյուսակում առանձնացված տոկոսային հարաբերությամբ չկա:

Թերևս քչերը գիտեն, որ “սպամ” բառը նախկինում ոչ մի կերպ չի ասոցացվել ինտերնետի կամ էլ-փոստի հետ: “Սպամը” հապավում է, որ վերծանվում է որպես SPiced hAM-“համեմված խոզապուխտ”, որը հանդիսանում էր Hormel Foods ընկերության ապրանքանիշը:  Սպամ բառը կարելի է ուղակիորեն թարգմանել “լցոն” կամ “խոզապուխտ”: Իսկ պատմությունն այպիսին է. 1937թ. ամերիկյան Hormel Foods ընկերությունը, իր ոչ այնքան թարմ ապրանքը իրացնելու համար, մասշտաբային մարքեթինգ-արշավ սկսեց` լայնորեն գովազդելով իր արտադրանքը: “SPAM” բառը կարելի էր կարդալ ամենուր` էժանագին խանութների ցուցափեղկերին, ավտոբուսների և տրամվայների վրա, թերթերում, շենքերի ճակատին… Սա առաջին սպամն էր: Բացի այդ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը մնացած պահածոների մեծ քանակի պաշար մատակարարում էր ամերիկացի զինվորներին:  Այստեղից բառը ձեռք բերեց ինչ-որ տհաճ ու անխուսափելի բանի նշանակություն:

1970թ. Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը ծիծաղաշարժում երկու հաճախորդ հայտնվում են ռեստորանում, որտեղ ամեն ճաշատեսակի բաղադրության մեջ կա “սպամ” (“խոզապուխտ”): Երբ հաճախորդները ուզում են մի բան, որը “սպամ” չի պարունակում, մատուցողուհին սկսում է գովերգել սպամը, իսկ խոռը ձայնակցում է նրան` խլացնելով այցելուների խոսակցությունները: Այսպես սպամ տերմինը սկսեց ասոցացվել անցանկալի, զզվեցնող, անիմաստ ինֆորմացիայի հետ, որ նույնիսկ “խլացնում է” կարևոր հաղորդագրությունները:

Այսօր սպամ տերմինը կողմնորոշվել է դեպի էլեկտրոնային փոստ և լայն կիրառություն ստացել, չնայած, որ Ամերիկայում շարունակվում է հորմելյան խոզապուխտի արտադրությունը` նույն անունով:

Երբեմն սպամը որակելիս այն անվանում են գովազդային կամ կոմերցիոն և ոչ կոմերցիոն: Բայց շատ են հանդիպում սպամի այլ տարատեսակներ.

Գովազդ. Որոշ կազմակերպություններ, որ զբաղվում են օրինական բիզնեսով, նախընտրում են իրենց ապրանքը կամ ծառայությունները գովազդել սպամի միջոցով: Գովազդի նման ձևի գայթակղությունը ցածր վճարի և արդյունավետության մեջ է: Բայց նման գովազդը կարող է և հակառակ ազդեցությունն ունենալ` վանել նամակ ստացողներին:

Սպամի օգնությամբ գովազդվում են նաև անօրինական արտադրանքներ, որոնց մասին հնարավոր չի հաղորդել այլ միջոցներով, ինչպես օրինակ` պոռնոգրաֆիա, կոնտրաֆակտ (կեղծված, կոնֆիսկացված) իրեր… միայն բաղադրատոմսով տրվող դեղորայքներ…

Այս շարքին են դասվում և սպամ ծառայությունների մասին գովազդը: www.energymail.ru կայքը մատուցում է նման ծառայություն, էջի վերևում այսպես կոչված նշանաբանն էր.  “Սպամ բարձր մակարդակով…”: Կայքում ամեն կերպ գովաբանվում է սպամը` այցելուներին գրավելու համար: Մի շարք պատճառաբանություններ է բերվում, թե ինչու է սպամը անհրաժեշտ յուրաքանչյուր բիզնեսում: Առաջնահերթ ընդգծվում է մատչելիությունը. “…ընդամենը 100-150$-ով տեղեկատվություն հասցնել ահռելի թվով մարդկանց, ովքեր կարող են դառնալ Ձեր հաճախորդը: Նման մասսայականություն նույնիսկ չի ապահովում հեռուստատեսությունն ու ռադիոն: Բացի այդ շատ էֆֆեկտիվ է ու ապահով` չկան օրենքներ, որ արգելում են սպամը…”: Իսկ ահա antispam.ru կայքում հանդիպեցի վերը ասվածին հակասող ինֆորմացիա, ուր պարզ ասվում է, որ ժամանակակից ինտերնետում սպամը դատապարտելի զբաղմունք է և տարբեր երկրների օրենսդրություններ պատասխանատվություն են սահմանում այս տեսակ գործունեության համար: Օրինակ Միացյալ Նահագներում գրեթե ամեն ամիս դատավարություն է գնում America Online պրովայդերն ընդդեմ սպամերների: Հետաքրքիր էր նյութի մատուցման ձևը` պարզ արտահայտված էր հեղինակի բացասական վերաբերմունքը երևույթի նկատմամբ: Ծավալուն հոդվածում “սպամ” բառը գրված էր կարմիրով ու ավելի փոքր տառաչափով: Հաջողված փորձ էր սպամը որպես նողկալի երևույթ ներկայացնելու: Ի դեպ, վերոնշյալ մեր օրենքի 13-րդ  հոդվածով սահմանվում է, որ եթե սպամի արդյունքում ծախսեր կամ այլ վնասներ են հասցվել, ապա ստացողը իրավունք ունի պահանջել պատասխանատվության միջոցներ կիրառել սպամը տարածողի նկատմամբ:

Նիգերիական նամակներ—  այս տեսակը խարդախ սպամերներն օգտագործում են նամակը ստացողներից փող կորզելու համար, այս անվանումն են ստացել, քանզի մեծամասամբ նամակները գալիս են Նիգերիայից: Նամակները հիմնականում նույն բովանդակությունն ունեն. Իբր նամակ ստացողը մեծ գումար կարող է ստանալ, իսկ ուղարկողը իրեն այդ հարցում կարող է օգնել, դրա համար պետք է սիմվոլիկ գումար` հաշիվ բացելու կամ թղթաբանության համար: Սպամերների նպատակը հենց այդ գումարն է: Խարդախության նման ձևը հակիրճ անվանում են սկամ կամ սկամ 419` Նիգերիայի Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի համարով: Եթե այս նամակներին հավատանք` ես ամեն օր միլիոնատեր եմ դառնում… արդեն առանց բացելու միանգամից ուղարկողին սև ցուցակ եմ նետում:

Ֆիշինգ (ձկնորսություն) – Հերթական խարդախության ձև, որ նպատակ է հետապնդում նամակ ստացողից կրեդիտ քարտի համարն իմանալ: Սովորաբար ֆիշինգը ունի բանկի ղեկավարությունից` ադմինիստրացիայից եկած պաշտոնական նամակի տեսք: Նամակում ասվում է, որ ստացողը պետք է հաստատի իր մասին տվյալները, այլապես իր հաշիվը կարգելափակվի:

Վիրուս պարունակող նամակներդրանց սկզբնական տարածման համար, հիմնականում պարունակում են տրոյան վիրուս: Եվրոպայում վերջերս տարածվել է սպամ ուղարկող Win32/Lethic AA տրոյանը, որը օգտագործում են սպամ ուղարկելու և տարածության վրա ղեկավարելու համար: Հիմնականում վիրուսի նպատակն է վարակված համակարգիչը դարձնել հզոր բոտնետի մի մասնիկ, որը սպամ կուղարկի: Վիրուսի կոդը ներառվում է explorer.exe ֆայլի մեջ: Վիրուսի հետ պայքարում մասնագետները ինչպես միշտ խորհուրդ են տալիս մշտապես թարմացնել անտիվիրուսները և ինտերնետից զգուշությամբ ֆալյեր բեռնել:

ՊրոպագանդաԳաղտնիք չէ, որ սպամը ծառայում է նաև քարոզ անելու նպատակով, հաճախ էլ կազմակերպվում է նամակների մասսայական առաքում այլ անձի անունից` նրա նկատմամբ բացասական վերաբերմունք առաջացնելու համար:

Հուզիչ բովանդակությամբ նամակ (որպես կանոն հիվանդ կամ որևէ դժբախտ պատահարից տուժած երեխայի մասին), որի ուղարկողը խնդրում է այս նամակը հղել ծանոթներին… Իսկ բուն նպատակը գործող Էլ-փոստի հասցեների հավաքագրումն է: Ռեֆերատս ամբողջացնելուց էլ ստացա շղթայական այս սպամից, դարձյալ ծեծված թեման` այս անգամ հրեշտակի տեսքով, որին հեղինակը խնդրում էր ուղարկել 8 հոգու…

Հիմնականում սպամը տարածվում է էլեկտրոնային փոստով: Հանդիպում են որպես կանոն քիչ ճանաչում ունեցող ապրանքների գովազդը: Սպամերները e-mail-ներ հավաքում են հատուկ ռոբոտի օգնությամբ կամ մեխանիկորեն` էլեկտրոնային հայտարարություններից, չատերից, ֆորումներից… Հատուկ ռոբոտ ծրագրերը մի ժամում ընդունակ են հավաքել հազարավոր հասցեներ և ստեղծել տվյալների բազա: Ընկերություններ կան, որ զբաղվում են նման բազաների ստեղծմամբ և վաճառում են դրանք: Երբեմն էլ շատ կազմակերպությունները վաճառում են իրենց մոտ ապրանք պատվիրող հաճախորդների e-mail-ները սպամերներին:

Սոցիալական ցանցերում և ծանոթության կայքերում ստացված նամակների մեծ մասը սպամ է պարունակում, որը հաճախ ուղարկվում է օգտագործողների անունից` ում լոգինն ու գաղտնաբառը ընկել են սպամերների ձեռքը, ինչի համար մեծ ջանքեր չեն էլ պահանջվում. одноклассники.ру կայքից օգվողները վերջերս նամակ ստացած կլինեն ընկերներից ամենաքիչը մեկից. այստեղ կարող ես անվճար նվերներ ստանալ… կամ` այս կայքում կարող ես կարդալ թե ինչի մասին են խոսում ընկերներդ (ինչը ի դեպ անձնական կյանքի գաղտնիության մասին օրենքի խախտում է)… Նշված կայքն այցելելուց բացվում է քաջածանոթ одноклассники.ру էջը` լոգինի ու գաղտնաբառի տեղերով: Բավական է մուտք գործել և ձեր անունից նույնաբովանդակ սպամ է գնում ձեր ընկերներին: Սոցիալական ցանցերում նամակները սպամի տարածման միակ ձևը չեն, սպամերների նպատակին են ծառայում ֆորումները կամ այսպես կոչված wall-ը, ընկերության կամ խմբի հրավերները: Սպամով հեղեղված է Mail.ru-ի Мой мир ծառայությունը այստեղ ես միայն օրական ապահովված սպամի որոշակի  քանակություն եմ ստանում:

Սպամի տարածման եղանակներից է Usenetը: Սա հաղորդակցվելու և նյութեր հրապարակելու համար նախատեսված համակարգչային ցանց է, որը մեծ ազդեցություն է ունեցել web-մշակույթի զարգացման վրա: Բաղկացած է նորությունների խմբերից (news group), որոնց մեծ մասն այսօր միայն ռեկլամ է պարունակում, այն էլ հաճախ թեմային անհամապատասխան: Usenet-ից են սկիզբ առել շատ հասկացություններ, ինչպես օրինակ` nik, smile, moderator… և իհարկե` spam: Ցանցի ադմինիստրատոր Ռիչարդ Դեպյուն մի ծրագիր էր գրել, որի սխալի պատճառով 1993թ. մարտի 31-ին 200 նույնաբովանդակ նամակ ուղղարկվեց կոնֆերենցիաներից մեկին: Վրդովված զրուցակիցները դա անմիջապես “սպամ” անվանեցին: Այստեղից էլ եկավ տերմինի նոր իմաստը:

Բլոգներ, վիկիներ, ֆորումներ. վերջերս մեծ մասսայականություն են վայելում այնպիսի կայքերը, որտեղ հնարավոր է մեկնաբանություններ թողնել (blog, forum) կամ էլ ազատ խմբագրումներ կատարել (wiki):  Քանի որ նման կայքերն ազատ են խմբագրումների համար, այնտեղ հեշտությամբ կարելի է նաև սպամ տեղադրել: Օրինակ YouTube կայքի վիդեոների մեկնաբանություններում շատ է հանդիպում որ տվյալ մեկնաբանությունը հեռացված է քանի որ սպամ է պարունակում: Մեկնաբանություններում սպամ թողնելու նպատակն է մեծացնել կայքի այցելությունների քանակը, բացի այդ որոնման համակարգերը կայքը առաջնային տողերում կբերեն:

Երբեմն սպամը ուղղարկվում է ցանցային հաղորդագրությունների տեսքով. Նման հաղորդագրությունները հայտնվում են բացվող պատուհանիկների տեսքով` windows-ի messenger ծառայության միջոցով: Նման դեպքերում կարելի է անջատել messenger ծառայությունը: Windows-ի նոր տարբերակներում ծառայությունը արդեն անջատված է, այդ իսկ պատճառով սպամ տարածելու այս ձևը քիչ է հանդիպում:

Սպամ տարածվում է ոչ միայն ինտերնետով, տարածման եղանակներից է նաև բջջային հեռախոսներին ուղղարկվող SMS հաղորդագորությունները, հատկապես երբ սրանցից պաշտպանվելը ավելի բարդ է: Ուրախ եմ, որ ինձ բախտ չի վիճակվել ծանոթանալ սպամի այս ձևի հետ, բայց որ այն բավականին տարածված է Հայաստանում, փաստում են շատ բլոգերի գրառումներ: Օրինակ byurie.livejournal.com-ում բժշկական համալսարանի ուսանողուհին վրդովված պատմում էր համալսարանից իրեն եկող սպամի մասին:

Մեծ թվով անպետք նամակները ակնառու վնաս են հասցնում ստացողներին` առաջնահերթ ժամանակի առումով, որ ծախսում ես` քրքրելով ստացած նամակները` անհրաժեշտ հաղորդագրությունը  բաց չթողնելու համար: Երկաթե նյարդեր են պետք… Մեկ այլ բլոգում երևում էր, որ հեղինակի նյարդերը տեղի էին տվել… մեջբերեմ գրառումներից հատվածներ. “…Առավոտ գիշերով 7 ժամվա մեջ 6300 նամակ է թափվել գլխիս, հուսով են ուղարկողները կապրեն երկար, բայց տանջալի… UPDATE: նամակների սահմանը անցավ 15.000-ը էնպես որ “կապրեն երկար”-ը չեղյալ է լինում, թող սատկեն…”: Իսկ ահա spamfun.net բլոգի հեղինակը փորձում է հումորով նայել այս երևույթին, իր բլոգում տեղադրելով իրեն պատահած ոչ ստանդարտ և զվարճալի սպամը: Հետաքրքիր էր և կարդալ ֆորումներում սպամի մասին հայրենակիցրերիս կարծիքը, դիպուկ էր մասնակիցներից մեկը. “ … Սպամը արդեն դարձել է կոմպիս անբաժանելի մասնիկը, չկա մի օր, որ գոնե 15-20 հատ չգա: Արդեն որ ուզում եմ վատ խոսք ասել, ասում եմ. “Հո դու սպամ չե՞ս” կամ “Ախպեր դե ՍՊԱՄ արիք թողիք էլի…”:

Իսկ ինչպե՞ս պաշտպանվել սպամից: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել տարբեր մեյլերից. մեկն անձնական հաղորդագրությունների համար, մյուսը տարբեր չատերում, ֆորումներում կամ այլ կայքերում գրանցվելու համար, ընդ որում անձնական նամակների համար մեյլը ցանկալի է դժվար կռահելի լինի` կարելի  է ստեղծագործաբար մոտենալ, ոչ թե պարզապես համակցել անուն ազգանունը, երբեմն սպամերները ակնհայտ բառերից կամ թվերից կազմված պատահական հասցեների են ուղարկում նամակներ: Սպամ նամակներին երբեք պետք չէ պատասխանել կամ էլ անցնել “անջատել առաքումները” հղման վրայով, քանի որ դա սպամերներին միայն մի ինֆորմացիա է տալիս, որ տվյալ էլ-փոստը վավեր է` գոյություն ունի, իսկ առաքումները միևնույն է կշարունակվեն:

Տեսանելի տեղերում պետք չէ թողնել էլ-փոստի հասցեն, իսկ եթե այնուամենայնիվ ստիպված եք, կարելի է գրել այնպես, որ e-mail հավաքագրող տեխնիկաներրը այն չհասկանան: Օրինակ, եթե ձեր մեյլն է` noname@mail.ru, կարելի է գրել noname-շնիկ-mail-կետ-ru կամ noname[at]mail[dot]ru: Մեյլ բացելիս պետք է ուշադրություն դարձնել, թե տվյալ պրովայդերը որքանով է ապահովում իր բաժանորդների պաշտպանությունը սպամից: Օրինակ շատ են գովում gmail-ի և hotmail-ի spamfiltr-ները: Գործում են շատ հակասպամային համակարգեր: Տարածված է նաև էլեկտրոնային փոստում սպամի ճանաչումը ըստ բովանդակության` բանալի բառերի (keywords) միջոցով, ընդ որում օգտագործողը ինքը կարող է  կարգավորումները տալ` keyword դնել բառեր կամ բառակապակցություններ. Օրինակ` գործնական առաջարկ, հատուկ դիետա, “վիագրա”: Բայց այս համակարգերը կարող են նաև սխալվել… Եթե ձեր ընկերը կատակ է ուղարկում, որում առկա է “վիագրա” բառը, բովանդակային ֆիլտրները կարող են այն որպես սպամ պիտակել:

Եթե հաստատ գիտեք, որ նամակի հեղինակը սպամեր է, ուղարկեք բողոք նամակ նրա պրովայդերին – դոմենի փոխարեն գրելով “abuse” բառը` բողոքների համար նախատեսված այս դոմենով հասցեն ստանդարտ է բոլոր ընկերությունների համար: Օրինակ եթե սպամ եկել է user@aol.com հասցեից, բողոքը պետք է ուղղել abuse@aol.com -ին:

Ամեն դեպքում 100%-ով արդյունավետություն ոչ մեկը չի տալիս, սպամը եղել է, կա ու դեռ շարունակելու է անհագստացնել մեզ… Բայց այս խորհուրդներին հետևելով` փորձենք գոնե նվազեցնել սպամի քանակը մեր էլ-փոստում: 😉

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

8 Responses to Ի՞նչ է սպամը

  1. հաննի says:

    Հիանալի հոդված է, Respect !

  2. Tigran says:

    լօլ մի քանի անգամ ես եմ բոց արել իրանց վրա, գրել եմ հա համաձաՅՆ եմ ես ինչին, ուղարկեք ինչ պիտի լրացնեմ:D, բայց ստեղից նոր իմացա, թե ինչ սխալ եմ արել:Դեռ ֆրինետի ժամանակ մի անգամ ես ու ընգերս նոր ինտերնետ մտանք , ու ֆրինետիս նամակ եկավ հոլանդիայից ՝ զանգեք ես համրով,շահել եք ես…:Ու զանգեցինք:D:D:D: :այդտեղից իմացա թե դա ինչա:
    ԶԶվելի բան է բայց Սպամը, ուղղակի ես ել եմ արել 😀

    • anulikk says:

      🙂 դե կարևորը իրա դեմ պայքարի միջոցներ կան, ու կարող եմ ասել` աշխատում են 😉 ես էլ վաղուց ներվեր չեմ քայքայում իրանց վրա

  3. Սպամերները սպամի դեմ պայքարողներից միշտ մի քայլ առաջ են, ինչպես վիրուսները անտիվիրուսներից։ Բայց եթե նմանատիպ պոստերը շատ լինեն մարդիկ գոնե կիմանան` չարժի ուրախությունից ինֆակտ ստանան, այն պատճառով, որ հանկարծակի մի բարերար իրենց 100000$ է տվել, կամ եսիմ ինչ կայքում նա շահել է նույն թիվը մեկ 0 ավելացրած, ուղակի պետք է հաշվի համարը ներմուծեն ստանալու համար։ P.S. ի միջ այլոց, կարող եք շնորհավորել, երեկ գրին քարտ եմ շահել, բայց չգիտես ինչի իձնից փող են ուզում անհայտ մարդիք, որ քարտս տան, ընգած 1000$ եմ ման գալիս 🙂

    • anulikk says:

      ճիշտ ես, ոնվ վերևում ասել էի` սպամը եղել է, կա ու դեռ շարունակելու է անհագստացնել մեզ… 😀 բայց դե խայծը կուլ չտանք ու ներվերը հնարավորինս խնայելու միջոցները օգտագործենք 🙂

  4. Տփեն էլ, չեմ կարդա էսքանը 😀

Թողնել մեկնաբանություն