Հին Հունաստանի քաղաքակրթությունը

Մարդկային պատմության մեջ ամենահիասքանչ դարաշրջաններից մեկի` անտիկ դարաշրջանի անվան հիմքում լատիներեն “անտիկվուս” բառն է, որ թարգմանաբար նշանակում է հին: Այս դարաշրջանը ձգվել է մոտ 15 հարյուրամյակ` իր մեջ ընդգրկելով Հին Հունաստանի և Հին Հռոմի հոյակապ քաղաքակրթության ստեղծումը, վերելքն ու անկումը: Անտիկ Միջերկրականի հսկայական նվաճումները եկող սերունդներին բացահայտեցին մշակույթի շատ ձևեր, ինչպես օրինակ թատրոնը, փիլիսոփայությունը, դիալեկտիկան, մաթեմատիկան, սպորտային մրցումները, դիցաբանությունը և շատ ավելին… Ու չնայած Հին Հունաստանի ոչ աշխարհագրական բնութագիրը, ոչ սոցիալ-քաղաքական համակարգը միասնական չէր, հունական մշակույթը զարմանալիորեն ամբողջական էր:

Հին Հունաստանի պետական համակարգը բաղկացած էր անկախ պոլիսներից, քաղաքներից, պետություններից… Հունաստանի անտիկ մշակույթի առանձնահատկությունները գեղեցկության, չափի ու ներդաշնակության համակցման և բանականության մեջ է:  Չափի պահպանումը հին հույների մոտ կարգի ու ներդաշնակության պարտադիր պայման է: Այն պետք է երևար ամենուր` փիլիսոփայության, քաղաքականության, բարոյական ու գեղագիտական հայացքների մեջ: Գեղեցկությունը նրանց ընկալմամբ համաչափությունն է ու որոշակիությունը:

 

Հին հունական քաղաքակրթության հիմնական առանձնահատկությունները

Հին Հունաստանի ամբողջ պատմությունը պայմանականորեն կիսվում է մի քանի ժամանակաշրջանի. Կրիտո-միկենյան (Մ.Թ.Ա. XXX-XX դդ.), հոմերոսյան (Մ.Թ.Ա. XI-IX դդ.), արխաիկ (Մ.Թ.Ա. VIII-VI դդ.), դասական (Մ.Թ.Ա. V-IV դդ.) և հելլենիստական (Մ.Թ.Ա. IV-I դդ.):

Հունաստանում ոսկի չկար, այն բերում էին Տասոս կղզից (Մակեդոնիա): Փոխարենը հույները շատ պղինձ ունեին, հատկապես Խալքիդա քաղաքում, որի անունը առաջացել է հունարեն պղինձ բառից: Հունաստանում արդյունահանվում էին նաև մի շարք այլ գունավոր մետաղներ: Աթենքում լեռնահանքային արդյունահանությունը զարգացվածության բարձր մակարդակի վրա էր. այնտեղ արտասովոր վարպետությամբ կարողանում էին թանկարժեք մետաղների նորանոր հանքավայրեր գտնել, հանքերի խորությունը հասնում էր մինչև 120 մետրի:

Հունական արվեստի համար արծաթից ավելի կարևոր էր կավը, որից պատրաստում էին աղյուսներ, բայց ավելի հաճախ` կերամիկա, այստեղ, ինչպես գիտենք, հույները գեղարվեստական մեծ ձեռբերումների են հասել: Եվ վերջապես բարձր էր գնահատվում քարը, ինչի շնորհիվ ժամանակի ընթացքում առաջացան հունական տաճարները, ճարտարապետության և քանդակագործության այլ հուշարձաններ:

Էգեյան ծովի շրջանում գոյություն ունեին երեք մշակութային համայնքներ, որ նաև փոխգործում էին միմյանց վրա: Դրանցից ամենահներից էին կրիտոյան կամ մինոյան համայնքը. կենտրոնը` Կրետե կղզում (3000-1200 թթ Մ.Թ.Ա.), կիկլադյանը` ծաղկում ապրեց կղզիների վրա և հելլեդյանը` հիմնականում Հունաստանում: Կրիտոյան մշակույթի արտացոլումը Հունաստանում եղել է միկենյան մշակույթը, որի այդչափ մեծ դերը հավանաբար ձևավորեցին Կրետեի արվեստագետները:

Արխաիկայի դարաշրջանում ձևավորվում են հին հունական համայնքի էթիկայի հիմնական գծերը, որի տարբերակիչ առանձնահատկությունը կոլեկտիվիզմի զգացողության ու ագոնիստիկայի միաձուլումն էր: Պոլիսի ձևավորումը որպես համայնքի հատուկ տեսակ, որ գալիս էր փոխարինելու “հերոսական” դարաշրջանի խարխուլ ասոցացիաները, կյանքի կոչեց նաև նոր, պոլիսային բարոյականությունը:

Այդ բարոյականության զարգացմանը խթանել է նաև պոլիսի զինվորական կազմակերպությունը: Քաղաքացու մեծագույն խիզախությունը իր պոլիսի պաշտպանությունն էր. “Քաղցր է կյանքը կորցնել հայրենիքի պաշտպանությանդ համար ընկած քաջերի կողքին”,- Սպարտայի պոետներից Տիրտեյի այս խոսքերը պարզ արտացոլում են այդ ժամանակաշրջանի մտածելակերպը` բնութագրելով հնագույն քաղաքակրթության գերակշռող արժեքների համակարգը:

Հունական տոհմը

Կարելի է ասել, որ ասիական հույների մոտ քաղաքակրթությունը սկսվել է հոմերոսյան պոեմների ծծնդի հետ` մոտ Մ.Թ.Ա. 850 տարի առաջ, իսկ եվրոպական հույների մոտ գրեթե մի հարյուրամյակ ավելի ուշ` Հեսիոդի պոեմների ստեղծման հետ: Այս դարաշրջանին նախորդող մի քանի հազարամյակ հունական ցեղերն անցնում էին բարբարոսության ուշ էտապը` նախապատրաստվելով թևակոխել քաղաքակրթության դարաշրջան:

Պելազգիների պես հույներն էլ կազմակերպված ցեղ էին, որ հետագայում միավորվելով դարձան ազգեր: Ինչպես առանձին ցեղերի մոտ, ազգերի կառավարումը նույնպես հիմնվում էր տոհմապետի վրա: Ժողովուրդը ազատ էր, իսկ բոլոր հաստատությունները` դեմոկրատական: Փոփոխվող մտքի ու պահանջների ազդեցության տակ` տոհմը արխաիկայից անցավ իր վերջնական ձևին: Այս փոփոխությունը պայմանավորված էր զարգացող հասարակության անհաղթահարելի պահանջներով: Այս փոփոխությունները սահմանափակվեցին հիմնականում երեք կետերով. առաջնահերթ մայրիշխանությունն անցավ հայրիշխանության, երկրորդ` տոհմի ներսում ամուսնություն թույլատրվում էր միայն այն դեպքում, երբ աղջիկը որբ էր, և երրորդ`զավակները բացառիկ իրավունք ստացան ժառանգելու հոր ունեցվածքը: Ստորև կփորձենք ուրվագծել այդ փոփոխությունները և դրանց դրդապատճառները:

Հույները, որպես կանոն, բաղկացած էին ցրված ցեղերից, որոնց ղեկավարման ձևերը բնորոշ էին բոլոր բարբարոսական ցեղերին: Երբ հունական համայնքն առաջին անգամ հայտնվեց պատմության տեսադաշտում` առաջին օլիմպիադայի ժամանակ (776թ, Մ.Թ.Ա.), այն կանգնած էր լուրջ խնդրի լուծման առջև: Այս խնդիրն էր` ղեկավարման ծրագրի արմատական փոփոխությունը: Մարդիկ ուզում էին տոհմական համայնքից անցնել քաղաքական համայնքի, որը հիմնված է տարածքի ու սեփականության վրա, ինչը էական պայման էր քաղաքակրթություն մտնելու համար: Մի խոսքով, նրանք ձգտում էին ստեղծել պետություն` առաջինը Արիական ընտանիքի պատմության մեջ, և տարածքը դարձնել այն հիմքը, որի վրա մինչ օրս հենվում է պետությունը: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր ստեղծել քաղաքային համայնք` որոշակի սահմանների մեջ, տալ նրան անուն և իր սահմանների մեջ եղած ժողովրդին ձևավորել որպես քաղաքական ամբողջություն: Այսուհետ քաղաքացիի վերածված տոհմի անդամը պետության հետ կապվում էր ոչ թե տոհմի հետ իր անձնական հարաբերությամբ, այլ իր տարածքային հարաբերությամբ:

Հունական տոհմի անդամների արտոնություններն ու պարտականությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

  1. Ընդհանուր կրոնական ծիսակատարություններ
  2. Ընդհանուր գերեզմանատուն
  3. Մահացած անդամի ունեցվածը ժառանգելու փոխադարձ իրավունք
  4. Օգնելու, պաշտպանելու, վրեժ առնելու փոխադարձ պարտավորվածություն
  5. Տոհմի շրջանակներում որբացած աղջկա կամ ժառանգի հետ ամուսնանալու իրավունք
  6. Ընդհանուր գույքի սեփականությունը` սեփական արխոնտով և գանձապահով
  7. Ծագման հաշվարկը միայն տղամարդկանց գծով
  8. Օտարներին տոհմում որդեգրելու իրավունք
  9. Ղեկավարին ընտրելու և ազատելու իրավունք

Կարելի է հստակ համարել, որ հունական տոհմերը տիրապետում էին վերը թվարկած բոլոր հատկանիշերին:

Իր ծագումով տոհմը ավելի հին է մոնոգամային և սինդիասմական ընտանիքից և ժամանակակից է պունալուական ընտանիքին: Բայց այս երեք ընտանիքներից ոչ մեկն էլ տոհմի ձևավորման հիմք չի հանդիսացել: Տոհմը չի ճանաչում որևէ ընտանիքի գոյությունը որպես իր բաղկացուցիչ մաս: Ընդհակառակը` յուրաքանչյուր ընտանիք, ինչպես արխաիկ, այնպես էլ ավելի ուշ շրջանում, մասամբ էր տոհմի ներսում, քանի որ ամուսինն ու կինը պետք է տարբեր տոհմերից լինեին: Ամեն ընտանիք ուներ իր սուրբ ծիսակատարությունները, նախնիների սգո հիշատակը…

Տոհմերը, ինչպես Աթենքում, այնպես էլ Հունաստանի այլ մասերում, ունեին հովանավորչական անուն, որ վկայում էր իրենց ծագման մասին… Սակայն Աթենքում, առնվազն Կլիսֆենյան հեղափոխությունից հետո, տոհմային անուններն էլ չէին կիրառվում. Տղամարդում կոչում էին իր սեփական անունով, որին հաջորդում էր հոր անունը, ապա տան` որին պատկանում է, օրինակ` Էսխին, Ատրոմետի տղա, Կոֆոկիդ… Տոհմը իրենից խիստ սահմանափակ խմբակ էր ներկայացնում սեփականության և անհատների հարցում:

Մշակույթը

Մ.թ.ա. 5-րդ դարում Հունաստանում ծաղկում ապրեց դրամատիկ արվեստը: Դրամատիկ կարևոր ժանրերն էին տրագեդիան, որի սյուժեները հիմնականում աստվածների ու հերոսների մասին միֆերն էին, և կատակերգությունը` ավելի հաճախ քաղաքական: Ի տարբերություն ժամանակակից թատրոնի, Հունաստանում չկար մշտական թատերախումբ, բացի այդ պրոֆեսիոնալ դերասաններն էլ անմիջապես ի հայտ չեկան: Սկզբնական շրջանում խաղում, երգում ու պարում էին իրենք` քաղաքացիները: Ամեն բեմադրության համար պատրաստվում էին հագուստներ, դիմակներ և հասարակ դեկորացիաներ: Ներկայացման ֆինանսավորումն ու կազմակերպումը համեմատ հարուստ քաղաքացիների պարտականությունն էր համարվում. թատրոնը պետական հիմնարկ էր: Հին հունական թատրոնը, հատկապես Աթենքինը, ըստ էության լինելով մարդկանց համախմբման երկրորդ վայրը, ուր քննարկվում էին ամենահրատապ հարցերը, խիստ կապված էր պոլիսի կյանքի հետ:

Հունական մշակույթի ախաիկ դարաշրջանի ամենամեծ նվաճումը այբբենական տառերի ստեղծումն էր: Փոխակերպելով ֆինիկյան վանկային համակարգը` հույները ստեղծեցին տեղեկատվությունը ամրագրելու մի պարզ միջոց: Այսուհետ գրել ու կարդալ սովորելու համար պետք չէր երկար տարիների քրտնաջան աշխատանք, տեղի ունեցավ կրթական համակարգի “ժողովրդավարացում”, որը աստիճանաբար թույլ տվեց Հունաստանի գրեթե բոլոր մարդկանց գրագետ դարձնել:

Հունական քաղաքի մշակութային պատերն ամբողջական չի լինի, եթե չանդրադառնանք տոներին: Աթենքում մոտ 60 տոն էր նշվում, որոնցից մի քանիսը տևում էին մի քանի օր: Ամենակարևոր տոներն էին` Դիոնիսիին, Լենեյը  և Մեծ Պանաֆինեան: Հենց տոնակատարությունների ժամանակ էր արտահայտվում հունական մշակույթի ընդհանուր բնութագիրը, ժողովրդավարությունն ու հին հույներին հատուկ մարտական ոգին, մյուսներին գերազանցելու ու դրանով կատարելության հասնելու ձգտումը: Տոնակատարությունները ներառում էին տարատեսակ մրցույթներ, զանգվածային պարեր, դրամատիկ ներկայացումներ:

*****************************

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հին հունական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունեցավ համաշխարհային մշակույթի զզարգացման գործում: Մեզ հասած քանդակները, հուշարձանները ու գեղարվեստի և պոեզիայի գլուխգործոցները մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի վկան են: Եվ ոչ միայն արվեստի արժեքավոր գործեր են, այլև սոցիալ-բարոյական նշանակություն ունեն: Ամենայն հավանականությամբ հունական մշակույթը ազդեցություն է ունեցել նաև Հռոմի զարգացման վրա, թերևս այն պատճառով, որ այն ավելի վաղ է զարգացոմ ապրել, իսկ հռոմեականը կարծես ժառանգել է հիմնական գծերը` իհարկե դրանց ավելացնելով շատ նոր առանձնահատկություններ:

Անտիկ մշակույթի հիման վրա առաջին անգամ հայտնվեցին ու սկսեցին զարգանալ գիտական մտածողության կատեգորիաները, մեծ է ներդրումը աստղագիտության ու տեսական մաթեմատիկայի մեջ: Այդ իսկ պատճառով անտիկ փիլիսոփայությունն ու գիտությունը այսչափ կարևոր դեր խաղացին նոր ժամանակի գիտության ստեղծման և տեխնիկայի զարգացման մեջ: Ընդհանրապես անտիկ մշակույթը հիմք դարձավ համաշխարհային մշակույթի հետագա զարգացման համար:

 

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել մեկնաբանություն